«Անցած տարի հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում կյանք կար, Հայաստան-Արցախ ճանապարհը շահագործվում էր: Դեկտեմբերի 12-ից են Շուշիի մատույցներում ճանապարհը փակել «բնապահպան» կոչվածները: Անցած տարի այս օրը Արցախում մարդիկ դեռ ապրում էին, գնում էին աշխատանքի, դասի, զինվորականները եւ ոստիկանները՝ ծառայության», ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում:
«Հիմա բոլորը փախստական են ու նշանակություն չունի նրանց նախկին կարգավիճակը: Նրանք բոլորը հիմա տուն, նպաստ, հաց ու ապրուստ են փնտրում: Հեռացել են ու ամեն ինչը թողել թշնամուն: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում այնպիսի դպրոցներ, մանկապարտեզներ է կառուցել, որ Եվրոպայի շատ քաղաքներում այդպիսիք չկան: Տնտեսության ենթակառուցվածքները, ամեն-ամեն ինչը սկուտեղի վրա թողնվել է: Աշխարհի ողջ պատմության մեջ չի եղել, որ երկրի մայրաքաղաքը հանձնեն թշնամուն՝ նախագահականի վարագույրները կախած, գորգերը փռած, ծաղիկները ջրած, մոնիտորները պատերին կախած, համակարգիչները շարած, օդորակիչները ու ջրի սարքերը տեղում: Էլ չեմ խոսում մարդկանց տների մասին: Ես երեկ մի հրապարակում արեցի, թե ինչ տեսք ուներ Բեռլինը 1945 թվականին, երբ սովետական զորքերը մտան, Վարշավան՝ ֆաշիստական ներխուժումից հետո եւ ինչ տեսք ունի թշնամուն հանձնված Ստեփանակերտը: Բեռլինում մի կանգուն շենք չկար, Վարշավան հիմնահատակ ավերված է եղել: Նկարներից պարզ երեւում է, որ այդ քաղաքները մինչեւ վերջ կռվել: Պատկերացնում ե՞ք, թե միլիարդավոր դոլարների ինչ վնաս են տվել սրանք: Եվ որեւէ մեկը հիմա մտածում է, թե նույնը կարող է Երեւանում չլինե՞լ:
Հայկական Եռագույն դրոշը սա հայկական բարձունքներից՝ Քարվաճառի 3000 մետր բարձրությունից իջեցրեց, տարավ գերեզման, Արցախի դրոշն էլ գցեց Ալիեւի ոտքերի տակ: Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության հինգ տարիների ձեռքբերումը եւ այն, որ Արցախի նախագահները հայտնվեցին Բաքվի բանտում, իսկ Ադրբեջանի նախագահը հայտնվեց Ստեփանակերտում»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Այնուհետեւ, նա անդրադարձավ անկլավների թեմային: «Ասում է՝ անկլավ տանք Ադրբեջանին: Ադրբեջանին անկլավ հանձնելը հակասում է հենց Ադրբեջանի սահմանադրությանը: Ադրբեջանն իր անկախության հռչակագրով ասում է, որ ինքը չի ընդունում Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավազորությունը: Ասում է, որ իրենք հանդիսանում են 1918/1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, իսկ Ադրբեջանի ԽՍՀ-ն ընդունում որպես ապօրինի կազմավորում: Հետեւաբար, այդ ապօրինի կազմավորման սահմանները դու ո՞նց ես համարում ժամանակակից Ադրբեջանի սահման: Ադրբեջանը հիմա Հայաստանի ներսում տոտալ վերահսկողություն է սահմանում միջպետական ճանապարհների մի քանի կիլոմետրի վրա, այդպիսով քեզ զրկում Արարատի մարզ, Վայոց Ձոր, Սյունիք, Իրան, Տավուշի մարզում էլ՝ Վրաստան գնալու հնարավորությունից: Այսինքն, Ադրբեջանը Հայաստանի ենթակառուցվածքների վրա իշխանություն է ուզում հաստատել»,-բացատրեց Էդգար Ղազարյանը:
Կարդացեք նաև
Խոսելով Տիգրան Ավինյանի՝ Երեւանի քաղաքապետ դառնալու մասին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Տիգրան Ավինյանը Երեւանի 2800-ից ավելի տարվա պատմության մեջ այն մարդն է, որը քաղաքապետ է հռչակվել, որին երեւանցիների մոտ 91 %-ը չի ցանկացել, որ նա լինի Երեւանի քաղաքապետ: Բայց ինքն է դառնում: Ու սա առաջին դեպքը չի: Նայեք, քանի՞ քաղաք կա, որ բնակիչները չեն ուզել, որ ՊՔ-ն լինի իրենց ղեկավարը, բայց հենց ՔՊ-ն է»: Ու թվարկեց միայն խոշոր քաղաքները՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ