Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պաշտպանը միջնորդեց, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը հետազոտվի դռնփակ դատական նիստում

Հոկտեմբեր 17,2023 19:11

Շարունակվում է 2021թ Կոռնիձորում սպանված երեք զինծառայողների գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել էին նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պարտադիր ժամկետային զինծառայողներ Գոռ Արտակի Սահակյանի, Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Երեք զինծառայողի սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրանց ծառայակցին:

Դատարանում ներկայացվեցին տեսանյութեր, որտեղ երեւում էին, թե ինչպես է քննիչը մեղադրյալ Աղվան Հովհաննիսյանի հետ ներկայացել դեպքի վայր՝ մարտական դիրք:

«Պատվարժան դատարան, մենք տեսանք հետեւյալը, որ մեղադրյալ Աղվան Հովհաննիսյանը մանրակրկիտ ներկայացրեց այն հանգամանքները, որով կյանքից ապօրինաբար զրկել է համածառայակիցներին: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աղվան Հովհաննիսյանը համածառայակիցների դիրքը ցույց տվեց ոչ թե կամայականորեն, այլ հատկապես նշեց, թե ով որտեղ էր պառկած, մասնավորապես նշեց, որ Լեւոնի դիրքը եղել է աջ կոնքի վրա, Մուրադի դիրքը եղել է մեջքի վրա, Գոռի դիրքն ինչպես է եղել, սրանով եւս մեկ անգամ փաստվեց եւ քննչական փորձառությամբ կազմված արձանագրության հավաստիությունը, ինչպես նաեւ դրանից առաջ երկու փաստաթղթի ուսումնասիրմամբ արդեն իսկ դեպքի վայրի զննության հավաստիությունը եւ այն հանգամանքը, որ մեղադրյալ Աղվան Հովհաննիսյանը կատարել է իրեն մեղսագրված արարքը, առավել ցցուն կերպով ցույց տվեց տեսագրությունը, որը տեսաք»,-ասաց մեղադրողը:

Նախագահող դատավորն ասաց, որ բոլոր կողմերին հնարավորություն կընձեռի հայտարարություններով հանդես գալու, մինչդեռ պաշտպանն ասաց, որ նախորդ նիստին, երբ հետազոտվում էր կարեւոր փաստաթղթերից մեկը, իրեն նման հնարավորությունից դատավորը կոպտորեն զրկել է:

«Մեկ դատական նիստում կողմի գործողության արգելումը չի նշանակում, որ ամբողջ դատաքննության ընթացքում կողմերին արգելված է հայտարարություն անել: Եթե ցանկանում եք, օգտվեք ձեր հնարավորությունից»,-ասաց նախագահողը:

«Քննչական փորձարարությունը նայելու ժամանակ պաշտպանական կողմի մոտ տպավորություն էր, որ դա ոչ թե առաջին գործողությունն էր, այլ գործողության կրկնությունը: Երբ քննչական փորձարարությունը սկսում է տեսանկարահանել, Հովհաննիսյանին ասում են՝ վերցրու քո զենքը, Աղվան Հովհաննիսյանը ձեռքը գցում է եւ իր զենքը վերցնում է, որեւէ մեկն այդ պահին Աղվան Հովհաննիսյանին չի զգուշացնում , որ զենքին փափշտատուփ չդնես կամ կդնես, որովհետեւ այն դատարկ է, այսինքն բոլոր գործողությունները նախապատրաստած վիճակում են եղել: Իմ պաշտպանյալը քանի անգամ նշել է՝ պոստերում Աղվան Հովհաննիսյանի մոտ ընդհանրապես հեռախոս չի եղել՝ ոչ դեպքի օրը, ոչ դեպքից առաջ ու առհասարակ…Այսինքն, ինքը չէր կարող լույս գցել ու նայել, թե տուժողներից ով որտեղ է պառկած ու կատարել գործողությունները»,-հնչեց դատարանի դահլիճում:

Մեղադրողն էլ նախագահողին խնդրեց ուշադրություն դարձնել ներկայացված լուսանկարների բովանդակությանը՝ դրանք բնորոշելով որպես առանցքային նշանակություն ունեցող:

Պաշտպանն ասաց, թե համապատասխան արձանագրություն չկա, որ ներկայացված լուսանկարները համացանցից չեն ներբեռնված. «Մեղադրողը խոսել է ԼԳԲՏ դրոշի մասին, ինչ-որ տեղով հաստատվա՞ծ է, որ դա հենց ԼԳԲՏ դրոշ է»:

«Դա նույն բանն է, ոնց որ ՀՀ դրոշը»,-արձագանքեց մեղադրողը:

«ՀՀ դրոշը ՀՀ Սահմանադրությամբ է սահմանված»,-ասաց պաշտպանը:

Դատավորը մեղադրողին ասաց, որ նրան իրավունք չի տվել արձագանքել պաշտպանական կողմի հարցադրումներին՝ առանց նախագահողի թույլտվության, երկու կողմին էլ զգուշացրեց չվիճաբանել:

Պաշտպանը ընդգծեց, որ զննված նկարները հիմք չեն տալիս գալու այն հետեւության, որ իր պաշտպանյալը կարող է պատկանել ինչ-որ մի խմբավորման:

Պաշտպանը միջնորդեց դատարանին, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը հետազոտվի դռնփակ դատական նիստում, քանի որ այն վերաբերվում է իր պաշտպանյալի անձնականին: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031