Այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների։
Պարգևների հանձնումը տեղի ունեցավ «Սիլիկոնային սարեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ։ Պարգևները հանձնեցին ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևը իրավահաջորդն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի», որը հիմնվել էր ՀՀ նախագահի 2005 թվականի հունիսի 2-ի կարգադրությամբ։ Պարգևի հիմնադրման նախաձեռնողն ու հովանավորն է Սինոփսիս ընկերությունը:
«Սինոփսիսի խելացի ապագայի ռազմավարությունը միտված է նպաստելու գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտում կրթական և այլ ներդրումների միջոցով ապագա ճարտարագետների և նորարարների ոգեշնչմանն ու զարգացմանը: ՀՀ Կառավարության հետ համատեղ իրականացվող ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևը այդ նպատակին ծառայող նախաձեռնություններից մեկն է», – ասում է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիս ընկերության առաջատար գիտնական և գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, ՀՀ ԳԱԱ Արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանը։
Կարդացեք նաև
Առաջնորդվելով «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով՝ կրթական պարգևը հզոր շարժառիթ է Հայաստանի երիտասարդության համար՝ խորացնելու և կատարելագործելու իրենց գիտելիքներն այդ բնագավառում և շարունակելու ճարտարագիտական գերազանցության ավանդույթը Հայաստանում:
Այս տարի մրցույթին մասնակցել են 73 աշակերտ Հայաստանի ավագ և միջնակարգ դպրոցներից և 120 ուսանող Հայաստանի բնագիտական ուղղվածությամբ հետևյալ համալսարաններից՝
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ)
- Եվրոպական համալսարան (ԵՀ)
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ (ՀՖՀՀ)։
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում՝
Լավագույն ուսանողների համար․
- «Գլխավոր պարգև»,
- «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգ,
- «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգ,
- «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգ։
Լավագույն սովորողների համար.
- «Գլխավոր պարգև»,
- «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգ։
Ցայսօր, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին է արժանացել 446 ուսանող և աշակերտ։
«Մենք գիտակցում ենք, որ չնայած մեր ժողովուրդը լուրջ փորձությունների միջով է անցնում, սակայն բոլոր արհավիրքներին և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու միակ ճանապարհը մեր երկրի տնտեսության զարգացումն է, բարձր տեխնոլոգիական ոլորտի հզորացումը։ Եվ այս նպատակներին հասնելու կարևորագույն բաղադրիչը կրթությունն է, որակյալ կրթական համակարգը և դրա զարգացմանը նպաստող ծրագրերի նախաձեռնումն ու իրագործումը», – ասում է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Մրցույթը շարունակում է ծառայել իր նպատակին և նպաստել ուսանողների և աշակերտների գիտելիքների բարձրացմանը», – ասում է Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ պրոֆ․ Վազգեն Մելիքյանը։ «Ի դեպ, այս տարի մրցույթին մասնակցող համալսարանների ցանկում ավելացել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, իսկ Լավագույն սովորողների համար անվանակարգում մրցույթին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՀՀ ավագ և միջնակարգ բոլոր դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները»։
Ուշագրավ է, որ «ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևի» հաղթողները 2008թ․-ին հիմնել են «Հաղթողների ակումբ», որի անդամներից շատերն այսօր Հայաստանի բիզնեսի և գիտության առաջատարներ են, ՏՏ ոլորտի ստարտափերի հիմնադիրներ և վերազգային ընկերությունների առաջնորդներ։
# # #
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների մասին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել է կրթական վեց պարգև: Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների համար նախատեսված պարգևները կշնորհվեն ամեն տարի:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևները, դրանց շնորհման և հանձնման կարգը» հաստատվել է ՀՀ կառավարության՝ 2022թ․-ի մայիսի 13-ին կայացած նիստում: Սահմանվել են կրթական պարգևները, պարգևատրման չափը և պարգևների քանակը` ըստ անվանակարգերի:
Լավագույն ուսանողների համար.
- «Գլխավոր պարգև»` 1200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է 1 պարգևակիր,
- «Լավագույն ասպիրանտ»` 1-ին և 2-րդ կարգի պարգևների համար նախատեսված է համապատասխանաբար 1000 և 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 պարգևակիր,
- «Լավագույն մագիստրանտ»` 1-ին և 2-րդ կարգի պարգևների համար նախատեսված է համապատասխանաբար 750 և 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 պարգևակիր,
- «Լավագույն բակալավր»` 1-ին և 2-րդ կարգի պարգևների համար նախատեսված է համապատասխանաբար 500 և 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 6 պարգևակիր:
Լավագույն սովորողների համար.
- «Գլխավոր պարգև»` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է 1 պարգևակիր,
- «Լավագույն աշակերտ»` 1-ին և 2-րդ կարգի պարգևների համար նախատեսված է համապատասխանաբար 200 և 100 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, յուրաքանչյուր կարգում՝ 5 պարգևակիր:
Հաղթողները կստանան հուշախորհրդանիշ, վկայական և դրամական պարգև։
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների պարգևաբաշխության ֆինանսավորումն իրականացնում է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը՝ համաձայն ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի։
Համաձայն կարգի` պարգևին կարող են հավակնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ ուսանողները և 10-12-րդ դասարանների աշակերտները, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն, մասնակցել են ՏՏ ոլորտի նորարարական նախագծերի և մրցույթների, ունեն տպագրված հոդվածներ։
Պարգևի հավակնորդները դիմումները ներկայացնում են իրենց բուհի կամ դպրոցի ղեկավարությանը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված հայտարարության հիման վրա:
Ուսումնական հաստատությունների ղեկավարությունը լավագույն տասը հավակնորդների փաստաթղթերը 5-օրյա ժամկետում ներկայացնում է պարգևաբաշխության հանձնաժողովին, որը կատարում է հաղթողների վերջնական ընտրությունը` ըստ հավակնորդների հետ անցկացվող անհատական հարցազրույցների և սահմանված պահանջների բավարարման արդյունքների:
Հանձնաժողովի նախագահն է Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Հանձնաժողովի անդամներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «Սինոփսիս Արմենիա» Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը, «Ձեռնարկություններ Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Դումանյանը, «ՖԱՍԹ» հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանը, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի Քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանը։ Պատասխանատու քարտուղարն է Վազգեն Մելիքյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների հավակնորդները կարող են լինել ստորև նշված կրթական հաստատությունների լավագույն ուսանողները կամ աշակերտները, որոնց տվյալները բավարարում են պարգևաբաշխության պահանջներին.
Համալսարաններ՝
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)
- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան (ՀՌՀ)
- Եվրոպական համալսարան (ԵՀ)
- Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ (ՀՖՀՀ)
«Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում պարգևները նախատեսված են յուրաքանչյուր կրթական հաստատության համար:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևի հուշախորհրդանիշը
Կրթական պարգևի հուշախորհրդանիշի գաղափարը ծնվել է ճարտարագիտության բնագավառում Հայաստանի գերազանցության հարատև ավանդույթների և ՏՏ ոլորտի ապագայի տեսլականի հիման վրա: Այն ապակյա հիմքի վրա կանգնեցված բյուրեղապակյա ուղղանկյուն է՝ վրան ամրացված պարուրաձև բրոնզե պարուրակով:
Պարուրակը մարմնավորում է շարունակական զարգացումը ՏՏ ոլորտում: Դրա վրա փորագրված են անալոգային ազդանշաններ, որոնք աստիճանաբար վերածվում են թվային ազդանշանների` խորհրդանշելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը: Ապակյա հիմքի վրա կանգնեցրած բյուրեղյա ուղղանկյունը խորհրդանշում է գիտելիքն ու գիտակրթական նվաճումները:
Սինոփսիս ընկերության և Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի մասին
Սինոփսիս ընկերությունը (Nasdaq:SNPS) առօրյա կյանքում անհրաժեշտ էլեկտրոնային արտադրանք ու ծրագրային հավելվածներ մշակող նորարական ընկերությունների Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում™ (Silicon to Software™) գործընկերն է: Որպես S&P 500 ընկերություն՝ Սինոփսիսն ունի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) համաշխարհային շուկայում առաջատար լինելու երկարատև պատմություն, և առաջարկում է կիրառական ծրագրերի անվտանգության և որակի ստուգման գործիքների և լուծումների ամենալայն պորտֆելը: Թե՛ գերժամանակակից կիսահաղորդիչներ ստեղծող ինտեգրալ սխեմաների նախագծողների, և թե՛ առավել անվտանգ և բաևձրորակ ծրագրեր ստեղծող ծրագրավորողների համար Սինոփսիսն ունի անհրաժեշտ լուծումները նորարարական արտադրանք տալու համար: Ավելին՝ www.synopsys.com կայքում:
Սինոփսիս ընկերությունը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին՝ որպես Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ): Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ), արտադրության համար նախագծման (ԱՀՆ) և կիսահաղորդչային մտավոր սեփականության (ՄՍ) մշակման ոլորտներում: Ունենալով ավելի քան 1000 որակյալ մասնագետներ՝ Սինոփսիսը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն գործատուներից մեկն է: Բարձր որակավորում և գործնական հմտություններ ունեցող արտադրությանը պատրաստ մասնագետներ պատրաստելու համար Սինոփսիսը մեծ ներդրումներ է անում Հայաստանի կրթական համակարգում՝ համագործակցելով Հայաստանի առաջատար համալսարանների հետ։ ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու նպատակով ընկերությունն իրականացնում և հովանավորում է տարբեր ծրագրեր և մրցույթներ: Սինոփսիս Արմենիայի ներդրումները միայն ՏՏ ոլորտով չեն սահմանափակվում: 2010 թ․-ին ԱՄՆ պետքարտուղարության կողմից Սինոփսիս ընկերությունը ճանաչվել է Կորպորատիվ գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության համաշխարհային լավագույն 12 ընկերություններից մեկը՝ Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության և հաջողված բիզնես իրականացնելու համար: Սինոփսիս Արմենիան տեղակայված է Երևանում և Գյումրիում։ Ավելին՝ www.synopsys.am կայքում: