Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի»

Հոկտեմբեր 17,2023 18:50

Այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի Հանրապետության լուծարմանը։ Սարգսյանը պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ իր մարտական ընկերները գերեվարված են, իսկ Արցախի լուծարման սլաքները ուղղվում են Արցախի վերջին նախագահին՝ Սամվել Շահրամանյանին, ասաց․ «Ով այդպիսի փորձեր է անում, կներեք բառիս համար՝ նա ղալաթ ա անում։

Ամբողջ աշխարհն ասում է, թե ով է հանձնել եւ ինչպես են հանձնել։ Իրենք ամեն ինչ կարող են փորձել, բայց այդ փորձերը միշտ չի, որ հաջողությամբ են պսակվում։ Ի՞նչ կապ ունեն նախկին նախագահները հանձնելու հետ։ Վերջին խորհրդարանով ընտրված նախագահն ի՞նչ պետք է աներ, եւ ընդհանրապես, փոքր բանակով արդյոք ի վիճակի էր Արցախը դիմակայել Ադրբեջանին։ Իհարկե՝ ոչ։ Այսինքն, իրենց ցանկությունը ո՞րն էր՝ որ այդ մարդիկ մինչեւ վերջին մարդը կռվեի՞ն, զոհվեի՞ն, իսկ կանայք ու երեխաներն էլ դառնային թուրքի փա՞յ։ Դա՞ է այդ մարդկանց ցանկությունը եղել»։

Սարգսյանն ասաց, որ ինքը բազմիցս ասել է, որ խնդրելով որեւէ մեկը խաղաղություն չի պարգեւում եւ ոչ էլ տարածքային ամբողջականություն․ «Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել եւ մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը»։

Լրագրողի հարցին՝ ժողովրդավարությամբ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել, Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե ժողովրդավարությամբ հնարավոր է, բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել եւ ժողովրդավարությունը երեւի լավագույն ձեւն է։ Բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությո՞ւն է։ Եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որեւէ մեկին պետք չէ, եթե այսօր քսանից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 հազարը արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։

Սարգսյանին հիշեցրին, որ նա մշտապես պնդում էր՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ հնարավորություն կամ հիմք էր դրա համար տեսնում, Սարգսյանը պատասխանեց․  Այսինքն դրա համար բոլորը պետք է չարախնդա՞ն, ովքեր լսել են այդ հայտարարությունները։ Հիմա էլ եմ ասում՝ ինձ համար Արցախի էջը փակված չէ։ Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի։ Բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պիտի մեկնաբանեն որպես հոխորտանք կամ որպես ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ չեմ ուզում շփվեմ»։

Սարգսյանը չմանրամասնեց, թե ինքն ինչ հնարավորություն է տեսնում Արցախը հայկական դարձնելու, սակայն նշեց․«Այդ հնարավորությունը իրականություն չի դարձել, որովհետեւ Արցախի Հանրապետության ինքնորոշումը իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ ՀՀ իշխանություններն ու Արցախի նախկին իշխանությունը»։ Ճշտող հարցին՝  Արայիկ Հարությունյանի՞ն նկատի ունեք, Սարգսյանն ասաց ՝ Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում, անվանական չխոսենք։

Իր օրոք բանակցային գործընթացին անդրադառնալով, Սարգսյանը հիշեցրեց․ «Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Կրկնեմ՝ մինչեւ 2018  թվականի ապրիլ մենք որեւէ այլ փաստաթուղթ չենք քննարկել, համանախագահների բոլոր առաջարկություններին մենք ասել ենք՝ ստացեք ադրբեջանցիների համաձայնությունը, այնուհետեւ մենք կասենք մեր կարծիքը, եւ բոլոր պարագաներում էլ Ադրբեջանը դեմ է եղել։ Մենք որեւէ առաջարկից չենք հրաժարվել, որովհետեւ մեզ որեւէ այլ առաջարկ,  բացի այդ փոխզիջումային տարբերակից, չի եղել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031