Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիները բորբոքված են, պետնախարարը խնդրել է 3 օր տալ. «30 տարի այնտեղ շինել ենք, շենացրել ենք, ընկել ենք ստեղ բոմժի նման, բոմժի կարգավիճակում»

Հոկտեմբեր 17,2023 18:20

Վաղ առավոտից Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները պահանջում են հանդիպում Արցախի նախագահի հետ: Գալիս են կանայք՝ իրենց երեխաների հետ ու ասում՝ քնում ենք մեքենայում, պահանջում ենք, որ մեզ ընդունեն ու լսեն: Նրանց մի մասին հաջողվել է մտնել ներս ու հանդիպել Արցախի պետնախարարի հետ:

Մի խումբ արցախցիների անունից կազմվել է պահանջների ցուցակ ու Արցախի պետնախարարի հետ հանդիպմանը ներկայացվել է:

Հանդիպումից հետո արցախցի Վահագն Բարաթյանը լրագրողներին փոխանցեց, թե ինչ պահանջներ են իրենք ներկայացրել ու ինչ պատասխան են ստացել. «Մեր առաջնային պահանջն այն է եղել, որ եկել ենք այստեղ ու ուզում ենք հասկանանք՝ այս մարդկանց ճակատագիրն ինչ է դառնալու: Հիմիկվա դրությամբ հազարավոր մարդիկ ավտոներում են քնում, անորոշ վիճակ է, չեն հասկանում ինչ է կատարվում: Մենք ոչ ինչ-որ շահերի նպատակով ենք այստեղ հավաքվել, ոչ մի բան չենք հետապնդում, մենակ մեր տարհանված ժողովրդի համար ենք եկել, որոնք դրսում են մնացել:

Մեր պահանջները ներկայացրել ենք, ժամանակ են խնդրել, ասել են՝ էս քանի օրը լուծվելու են հարցերը: Մենք համբերատար սպասում ենք, չենք ուզում ինչ-որ ուրիշ բաների վերածվի: Ընթացքում ժամանակը ցույց կտա՝ կլինի՞, թե՞ չի լինի: Տարբեր մարդիկ են այստեղ գալիս՝ կուսակցություններից, իրենց շահերն են հետապնդում, մենք այդ մարդկանց հետ ընդհանրապես կապ չունենք,  չգիտենք ում կողքից են գալիս, ով են, ինչ են, մենք նրանց հետ կապ չունենք»:

Թե ո՞ր կուսակցություններից են եկել Արցախի ներկայացուցչություն, որ արցախցիները չեն ուզում իրենց կապեն այդ մարդկանց հետ՝ Վահագն Բարաթյանը չցանկացավ փակագծեր բացել. «Ես չեմ ուզում կոնկրետ մարդկանց շեշտել, դուք էլ եք լավ հասկանում ով է գալիս, ովքեր ունեն քաղաքական հետապնդումներ ու ովքեր են իրենց շահերը առաջ տանում: Այդ մարդիկ իրանց ագենտներին մտցնում են, հասկանան,, հետագայում եթե շատ են երկարացնելու, հանրայնացնելու ենք այդ մարդկանց, որ մարդիկ հասկանան՝ արդեն  հերիք ա, 30 տարի է իրանց շահերը առաջ ենք տվել, արդեն հաստատ իրանք էլ անելու բան չունեն: Ժողովուրդը հավատացել վստահել է, իրանց ձայն են տվել, հույսով գնացել ձայն են  տվել, որ էսօր լավ է լինելու, վաղը լավ է լինելու, մեզ ապագա ունենք, ապրելու ենք, 30 տարի այնտեղ շինել ենք, շենացրել ենք, ընկել ենք ստեղ բոմժի նման, բոմժի կարգավիճակում»:

Արցախցիները բորբոքված էին, ասում էին՝ կուսակցությունները «պղծում» են, մարդկանց կիսել են տարբեր խմբերի ու իրենց խաղերն են խաղում. «Հիմա գալիս են, թե՝ ձեր կողքն ենք, ձեր կողքն ենք: Բայց իրանք, երբ հասել ենք էս կարգավիճակի, արդեն նոր մեր կողքն են, որովհետեւ լավ չեն կարացել ուտեն, հլը սոված են մնացել, դրա համար մեր կողքն են»:

Նա ասաց, որ դեռ սպասում են ու անուններ չեն ասում, միայն պահանջում են, որ ժողովրդի առաջնային խնդիրները լուծեն. «Ասում ենք՝ ով երեխա ունի, զոհվածի ընտանիք է, վառվել է, երկրորդ անգամ է տարհանվել, մարդիկ արդեն պսիխոլոգիչեսկի վատ վիճակում են, թող առաջինը իրանց հարցը լուծեն: Հլը մենք մեր հարցը չենք բարձրացնում: Հլը մեր հարցերը մի կողմ ենք դրել: Հավատացեք, այստեղ հավաքված մարդիկ ամենավերջինն են եղել, որ Արցախից դուրս են եկել, 90 տոկոսը Արցախի ամենալուրջ մարտերին մասնակցել է:

Թե այս խնդիրներին ի պատասխան ի՞նչ է խոստացել Արցախի պետնախարարը՝ նա ասաց. «Խոստացել է, որ լուծելու է: Մի հատ փոքր ցուցակ ենք տվել՝ մարդաքանակ 200 հոգու, ովքեր այս պահին տան կարիք ունեն: Իրենք 3 օր ժամանակ են խնդրել, խոստացել են, որ 3 օրվա ընթացքում այդ մարդիկ տեղավորված են լինելու: Բայց այսպես է պայմանը՝ մարդկանց կենցաղային պայմաններ լինի, չտանեն ասեն՝ էս գարաժը վերցրեք: 3 օրից հետո արդեն գնալու ենք նայենք՝ եթե ուրջ մարդկային պայմաններ են տվել, կփորձենք շարունակել մեր պահանջները»:

Արցախի պետնախարարը խնդրել է մինչեւ ամսի 20-ը իրեն ժամանակ տալ: Արցախցիներն էլ ասել են՝ հանկարծ այնպես չանեք, որ մարդիկ վատ քայլերի գնան. «Չօգտագործեն մարդկանց պոլիտիչեսկի խաղերում, գնան, միտինգ անեն: Մեզ խոստացավ պետնախարարը, որ գոնե մինչեւ ամսի 20-ին այդ 200 հոգու հարցը կլուծվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031