Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների բնակեցման ազգային ծրագիրն այլընտրանք չունի

Հոկտեմբեր 17,2023 18:30

Մոտ երկու շաբաթ առաջ blog.urbanlab.am-ում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարանի խնդրի վերաբերյալ գրառմանը հաջորդած մտքերի փոխանակման արդյունքում կարծում եմ` ժամանակն է ավելի համակարգված ներկայացնել այս հիմնախնդիրն ու հասկանալ մեր անելիքները։

Նախևառաջ, այս հարցի քննարկմանը պետք է նախորդի համահայկական քաղաքական հետևյալ որոշումը. արդյոք մենք՝ որպես ազգ և պետություն, նախատեսո՞ւմ ենք Հայաստան տեղափոխված արցախցիների վերադարձ Արցախ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, և ո՞ր տարածքների վերաբերյալ ենք մենք նման ծրագրեր մշակում՝ միայն Ստեփանակերտ, թե՞ նաև Հադրութ, Մարտակերտ և այլ բնակավայրեր։ Ըստ այդմ, մենք կարող ենք հասկանալ թե երկարաժամկետ կտրվածքով ինչ քանակի բնակելի ֆոնդի խնդիր պետք է լուծենք Հայաստանում։ Կա նաև կարծիք, որ Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի արցախցիները արտագաղթեն Հայաստանից։ Առաջարկում եմ՝ այս համատեքստում դիտարկենք իշխանության արցախամետ լինելու կանխավարկածը, և ըստ այդմ, հասկանանք մեր անելիքները։

Ուստի, եթե մենք պատկերացում ունենանք՝ ի՞նչ քանակի արցախցիների կեցության խնդիր ենք փորձում լուծել, ապա թվերն ու մեր հետագա քայլերն ավելի հասկանալի կդառնան։ Նման քննարկման հիմնական դժվարություններից մեկը ելակետային տվյալների պակասն է։ Գորիսի և Վայքի ընդունման կետերում առաջին շաբաթվա ընթացքում հավաքագրված տվյալները շատ մակերեսային էին և սահմանափակվում էին միայն անձի անհատական տվյալներով՝ չարտացոլելով Հայաստան տեղափոխվածների մասնագիտական կարողություններն ու հմտությունները։ Ավելին, մենք դեռ չգիտենք` քանի ընտանիք  ունի կացարանի կարիք, որ մասն է բնակվում ժամանակավոր կացարաններում, հարկադրված վարձակալությամբ բնակվողների քանի տոկոսն է վճարունակ և բազմաթիվ այլ տվյալներ (էլ չենք խոսում աշխատատեղերի և կայուն եկամուտի մասին)։

Սարհատ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Այս նույն օրերին էր, որ ես բարձրաձայնում էի պետության տարբեր մարզերում անհրաժեշտ շուրջ 3000 ուսուցիչների կարիքի մասին։ Ավելի ուշ այդ թիվը պաշտոնապես հայտարարվեց՝ 2000-ից ավելի քիչ, սակայն նույնիսկ այդ բացը լրացնելու համար չկային հավաքագրված անհրաժեշտ տվյալներ։ Մի քանի օր առաջ միայն հայտարարվեց նմանատիպ առցանց հարթակի մասին։ Այսինքն՝ պետությունը  պետք է դիցուք, ըստ ընտանիքի անդամի կարողությունների, ուսուցչին և իր ընտանիքին տեղավորեր այն բնակավայրում, որտեղ կար աշխարհագրության ուսուցչի կարիք։ Սակայն այս տեղավորման գործընթացն անցավ շատ բարդ ճանապարհով՝ «պետությանը խնդիրներից հեռու պահելու» մշտական աշխատելաոճով՝ ընտանիքներին տեղավորելով ինչ-որ ժամանակավոր կացարանում։ Հետո արդեն, այդ բռնի տեղահանված արցախցին, իր միջոցներով կամ այլոց օգնությամբ, պետք է գտներ մշտական կեցավայր, սկսեր ծախսեր անել, նորոգել ու «տուն դնել»՝ նորից հիմնականում առանց պետության մասնակցության։ Եվ միայն, այս ամենից հետո է լինում ինչ-որ նախարարի ուշացած հայտարարություն որոշ բնակավայրերում առկա աշխարհագրության ուսուցչի կարիքների մասին։ Այս իրավիճակում, արդեն, տեղահանվածն ինքը պետք է գտնի այդ հաստիքի դիմելու ու տեղափոխվելու բոլոր լուծումները։

Սա միայն մի դրվագ է այս ողջ գործընթացից, որին ականատես ենք լինում։ Հիմա պատկերացրեք՝ ողջ կյանքում վարչական աշխատանք կատարած անձին գյուղական տանը բնակեցնելու, կամ հակառակը՝ ողջ կյանքը հողագործությամբ զբաղվողին լքված արդյունաբերական քաղաքում տեղավորելու հարցը, և նմանատիպ իրավիճակներով պայմանավորված, բազմաթիվ այլ խնդիրներն ու դրանց հետևանքները։ Հաշվի առնելով հատկապես սահմանապահ զորքերում, ու առհասարակ՝ պաշտպանության ոլորտում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերը՝ պատկերացրեք պետական բոլոր հաստատությունների ներգրավվածությունը ինչ ազդեցություն կարող էր ունենալ թե՛ իրենց բնագավառում առկա կադրային խնդիրներ, թե՛ արցախցիների բնակեցման խնդիրները լուծելու գործընթացում։ Ազգ-բանակ, կամ դրան համարժեք, հայեցակարգի դրսևորումներից մեկն էլ հենց սա կարող է լինել։

Վերադառնալով կեցության խնդիրներին՝ անհրաժեշտ է առանձնացնել մի քանի լուծումներ՝ համաձայն ժամանակային հատումների։ Դրանք կարող են լինել կարճաժամկետ (առավելագույնը՝ մեկ տարի), միջնաժամկետ (առավելագույնը՝ երեք տարի) և երկարաժամկետ՝ մշտական լուծումներով։

Կարճաժամկետ լուծման շրջանակում, հիմնականում կարևոր է տարբեր դահլիճային  տարածքներում բնակվողների նվազագույն կենցաղային պայմանների ապահովումը։ Կենցաղային պայմաններ ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ այն ամբողջական ու համալիր իմաստով՝ ոչ միայն սանհանգույցներ ու խոհանոցային հարմարանքներ, այլ նաև մի փոքր անձնական տարածք ապահովող քնելու հատվածի բաժանարարներ ու ընդհանուր ժամանցի կազմակերպման ենթակառուցվածքներ։

Միջնաժամկետ լուծումներին ևս պետք է վերաբերել նույն տրամաբանությամբ` կրկին Արցախ վերադառնալու համահայկական քաղաքական որոշման շրջանակում, քանի որ, հիմնականում, այս լուծման խմբերում են լինելու մոտ ապագայում Արցախ վերադառնալու ցանկություն ունեցողները, ինչպես նաև երկարաժամկետ ու մշտական լուծման սպասող խմբերը։

Հատկապես, վերջին՝ երկարաժամկետ լուծման վերաբերյալ կարծում եմ՝ անհրաժեշտ է բազմակողմանի ու բազմագիտակարգ մոտեցում ցուցաբերել՝ մշակելով այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն կտա, արագ որոշումներ ընդունելով, 1-2 տարվա ընթացքում արմատապես լուծել խնդիրը։ Սպիտակի երկրաշարժի արդյունքում առաջացած աղետի գոտու սխալներից  խուսափելու համար՝ այս մարտահրավերի լուծումն անհրաժեշտ է դիտարկել նաև որպես հնարավորություն՝ լուծելու Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման մի շարք խնդիրները։

Այսպիսով, Հայաստանի բնակչությունը 1990-ականներին կազմել է շուրջ 3.3 մլն, իսկ 2022-ին՝ 2.9 մլն։ Այսինքն՝ Հայաստանում առկա է մոտ 400 հազար անձի համար բնակելի ֆոնդ, եթե հաշվի չառնենք վերջին 33 տարիների ընթացքում կառուցված բնակելի ֆոնդն ու, հատկապես, այս օրերին անվերահսկելի ծավալների հասած ավելի քան 100 հազար միավոր բնակելի ֆոնդի կառուցումը Երևանում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարող ենք փաստել, որ մեծ հաշվով Հայաստանում առկա է անհրաժեշտ բնակելի ֆոնդ՝ բավարարելու թե՛ 100 հազար արցախցիների, թե՛ մոտ նույնքան՝ ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված վերջին երկու տարիներին Հայաստան տեղափոխվածների բնակարանային պահանջարկը։

Արդեն մատնանշված,  մասնագիտական կարողություններին ու հմտություններին համաձայն՝ աշխատատեղերում տեղավորելուց հետո, գալիս է առկա գույքի հիման վրա բնակեցման անհրաժեշտությունը։ Սրա միակ լուծումը տարածական որոշումների ընդունման ինտեգրված ալգորիթմ ունենալն է։ Հակառակ դեպքում, եթե ապավինենք այսպես կոչված ցանկերով լուծման տարբերակին (հասկանալ լավագույն դեպքում Microsoft Excel-ի, և հիմնականում Microsoft Word-ի միջոցով), ինչպես արվում է պետական կառավարման համակարգում, հնարավոր չէ իրականացնել նման ընդգրկուն ու բազմավեկտոր ծրագիրը։ Անհրաժեշտ է գույքագրել առկա բնակելի ֆոնդը՝ արտացոլելով այն տարածական տրամաբանությամբ, ապա հավաքագրել պետական և մասնավոր թափուր աշխատատեղերը, և ստանալ այն պատկերը, որով կարելի է ցանկացած ընտանիքի հուշել նոր կյանք սկսելու իրատեսական հնարավորությունները։

Մեկ այլ կարևոր մարտահրավեր է առկա գույքի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։ Քանի որ դրանք հիմնականում հանդիսանում են մասնավոր սեփականություն, ապա այս համատեքստում  անհրաժեշտ կլինի կիրառել հանրային կառավարման «ստեղծագործական» որոշակի գործիքակազմ, որը հնարավորություն կտա այդ գույքերը հնարավորինս արագ և անխոչընդոտ դնել շրջանառության մեջ։

Փորձենք դիտարկել մի քանի լուծումներ։ Ենթադրաբար, Երևանից դուրս գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող, բայց չբնակեցված տներն ունեն անշարժ գույքի (կամ գույքահարկի ու հողի հարկի) պարտքեր։ Նախևառաջ, անհրաժեշտ է արագ քարտեզագրել դրանք, դատական ճանապարհով՝ «գույք-պարտքի դիմաց» դրանք դարձնել համայնքային սեփականություն՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելով փոխհատուցել դրանց կադաստրային արժեքը։ Նույն լուծման մեկ այլ տարբերակ կարող է լինել ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ուժերով անմիջապես բնակեցումը, և պոստֆակտում՝ վարձավճարի դիմաց հարկային պարտավորությունների նվազեցումը ՝ դիտարկելով նաև գույքի բարելավման համար այլ միջոցներով կատարված ծախսերը։ Եթե այս լուծումները կարող են համարվել «հակասահմանադրական», ապա առաջարկում ենք կա՛մ դիտարկել այս իրավիճակը որպես անհաղթահարելի ուժ (ֆորս-մաժոր) և արագ գործել, կա՛մ հանուն արցախցիների անել պահանջվող «իրավախախտումները», ինչպես օրինակ՝ դատարանների շրջափակումը։

Հիշեցնեմ նաև, որ վերջին տարիներին հաջողությամբ նման քայլեր են իրականացվել Երևանի կենտրոնում՝ Հին Երևան և Ֆիրդուսի թաղամասերի կառուցապատման համար թանկարժեք գույքերի ձեռք բերման համար հանրային գերակա շահի անվան տակ։ Չէ որ Հայաստանի բնակչության 3%-ի կեցության խնդիրների լուծումն ինքնին հանրային գերակա շահի լավագույն և դասական հիմնավորում է, և դրա կիրառումը կարող է լուծել այս հրատապ մարտահրավերը։

Կարծում ենք՝ այս բոլոր քայլերի իրականացման դեպքում, արդեն,  չբնակեցված տների  բազմաթիվ գիտակցված սեփականատերեր պատրաստ կլինեն համաձայնվել դրանց կադաստրային կամ շուկայական գնառաջարկին։ Սրան կարող է նպաստել նաև չբնակեցված գույքերի նկատմամբ համեմատաբար բարձր անշարժ գույքի հարկի կիրառման հնարավորությունը, որի մասին բազմիցս խոսվել է, և որը կարող է կրկին արագ արդյունք ապահովել։

Գույքային խնդրի լուծմանը հաջորդելու է կարիքների գնահատումը՝ ըստ տարածքային տրամաբանության։ Առաջին հայացքից, կարծես թե, բոլորին առաջարկում են սահմանամերձ բնակավայրեր, սակայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի բնակեցման խնդիրները, պետք է հասկանալ, որ բռնի տեղահանվածների դեպքում մենք արդեն իսկ գործ ունենք սոցիալական և հոգեբանական առումով խոցելի հայրենակիցների հետ։ Սիսիան համայնքի մաս կազմող ամայացած Դաստակերտ բնակավայրը կամ Գորիս համայնքի Աղբուլաղ, Ձորակ և Վանանդ դատարկ գյուղերը, բնակեցման կարիքների համար ամենահարմարը չեն՝ չբացառելով, սակայն, որոշ ընտանիքների բնակեցման հնարավորությունը։

Մյուս կարևոր տվյալը՝ Հայաստանի այն տարածաշրջանների բացահայտումն է, որտեղ աշխատուժի պակաս կամ նոր բնակիչների հողագործության համար առկա հողային ռեսուրսներ կան։ Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսության բնագավառում առկա աշխատատեղերը, Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում առկա գյուղատնտեսական չօգտագործվող հողերի քարտեզագրումն ու տրամադրումը արցախցիներին կարող է լավ խթան հանդիսանալ թե՛ այս տարածքների բնակեցման, թե՛ գյուղատնտեսական այս հողերի վերօգտագործման համար։

Այս լուծումները ենթադրում են տվյալների արագ և պատշաճ հավաքագրում, տեղական մակարդակով որոշումների ընդունման ճկունություն և ներհամայնքային մակարդակով՝ հասկանալի  հաղորդակցություն։ Վերջին տարիներին հատկապես, Արցախից տեղահանվածների համար մեր ճարտարապետական գրասենյակի կողմից նախաձեռնված ու նախագծված թաղամասի փորձից կարող ենք եզրակացնել, որ վերջինս հանդիսանալու է ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Տարիներով անուշադրության մատնված գյուղական բնակչությունը, ովքեր  օգտագործում են համայնքային  սեփականություն հանդիսացող համայնքային հողերը (իրականում զավթված), համայնքային «դրվածքում» առաջացնում է «ստատուս քվոյի» խախտում՝ լարվածություն նոր բնակիչների նկատմամբ։ Ուստի, եթե կա քաղաքական ցանկության սա մեղմելու, ապա անհրաժեշտ է գործել զգուշորեն՝ պատշաճ հաղորդակցության ապահովմամբ։

Նորից, հիմնվելով մեր փորձի վրա, կարելի է ասել, որ կլինեն բազմաթիվ գաղափարներ՝ նոր բնակավայրերի կամ խոշոր թաղամասերի կառուցման ազնիվ մղմամբ։ Նույն կերպ 2020 թվականին կային նմանատիպ մի քանի նախաձեռնություններ։ Ինչպես և նախկինում, կարծում եմ՝ դա սխալ ճանապարհ է։ Նախևառաջ այն բերելու է գետտոյացման, ինչը սոցիալական առումով լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ապագայում։ Երկրորդ, այն ենթադրում է լրացուցիչ ծախսեր՝ գծային և սոցիալական ենթակառուցվածքների համար։ Ավելի պարզ, եթե մենք 5000 բնակչի համար երկու կամ երեք թաղամաս կամ բնակավայր կառուցելու փոխարեն 1400 գյուղերում 10-ական տներ կառուցելով կարող ենք ապահովել նույն տների քանակը, ապա մենք կարող ենք խնայել հսկայական միջոցներ նոր ճանապարհների, ջրագծերի, էլեկտրա և գազամատակարարման ցանցերի, և առավելապես՝ նոր դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների կառուցման համար։ Սա նաև էական ժամանակային խնայողության է բերելու թե՛ նախագծման, թե՛ կառուցման գործընթացներում։

Միևնույն ժամանակ կա մեկ այլ կարծիք, որ արցախցիների կլաստերացված բնակեցումը կարող է նպաստել նրանց մշակութային ավանդույթների ու պրակտիկաների պահպանմանը։ Չեմ կարող հավակնել վերջնական պատասխան տալ սրան․ ամեն դեպքում, ոչ միանշանակ պատասխանների դեպքում համադրված լուծումները կարող են որոշակի առումով նվազեցնել ռիսկերը։

Կրկին, նախորդ երեք տարիների փորձից ելնելով՝ նշեմ, որ լինելու են բազմաթիվ առաջարկներ արագ հավաքովի (գործարանային՝ հիմնականում փայտե) տնակային լուծումների կիրառման համար։ Ինչպես և նախկինում, կարծում եմ՝ մշտական տները պետք է լինեն քարից հիմնական կառույցներ՝ ապահովված բոլոր անհրաժեշտ և օժանդակ շինություններով (արհեստանոց, գոմ, մառան, հավաբուն, խորդանոց և այլն)։ Նույն շրջանակում պետության կողմից քարոզվող մոդուլային կոչված, բայց իրականում դասական տիպային նախագծերից ևս պետք է խուսափել։ Չպետք է կրկնել խորհրդային տարիների սխալը և, անկախ բնակավայրի կենսապատկերից, կլիմայից, հիմնական զբաղվածությունից և առկա կառուցողական մշակույթից, կիրառել նույնական լուծումներ տարբեր բնակավայրերում։ Բազմիցս (այդ թվում և Արցախում սկսված) այս տիպային լուծումների քննադատության ժամանակ դրանց էժան և արագ լինելու մասին պնդումներին պատասխանել եմ՝ արագ լուծումների փոխարեն այս համահայկական ներուժը պետք է օգտագործել մեղմելու մեր հատկապես գյուղական բնակավայրերի խնդիրները, այլ ոչ ավելի խորացնել դրանք։ Անհրաժեշտ է ոչ թանկ, բայց տեղական հյուսվածքի ու կառուցողական ավանդույթների հիման վրա հարստացնել մեր գյուղական բնակավայրերը։ Սա, քաղաքային պլանավորման տեսակետից, կարևորագույն խնդիր է, որն առաջին հայացքից, միգուցե, առաջնային չի հանդիսանում, սակայն, երկարաժամկետ կտրվածքով, մի քանի խնդիր լուծող հանրային համընդհանուր ռեսուրսների ծախսը, միաժամանակ հանդիսանալու է արդարացված նաև այս առումով։

Այս ծիրում փորձենք ֆինանսական գնահատական տալ և պնդել, որ այս ամենն իրականում հնարավոր է լուծել համահայկական ներուժի ճիշտ և մտածված կիրառման դեպքում։ Գորիսի տարածաշրջանում 3 ննջասենյակով, երկհարկանի, նկուղով և օժանդակ կառույցով մեկ տան նախագծային նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 80 հազար դոլար, այսինքն՝ 1.2 մլրդ դոլարանոց այս մեգա-նախագիծը, եթե դիտարկում ենք միայն նոր տների կառուցմամբ (բացառելով սկզբում նշված բարդ գործընթացը), պետք է դարձնել ազգային թիվ մեկ ծրագիրը։ Այս գումարի հայթայթումը ևս կարելի է ասել՝ շատ հեշտ է։

2023 թվականին պետությունը «սուբսիդավորելով Երևանի այլանդակումը»՝ եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմամբ (մոտ 150 մլն դոլար), պետական համակարգի պարգևավճարներով (մոտ 100 մլն դոլար), Սնուփ Դոգի ու Լոնդոնի դեսպանատան չհիմնավորված (մոտ 45 մլն դոլար) ծախսերով կարող է լուծել այս խնդիրն ամբողջությամբ՝ չորս տարում, էլ չմատնանշենք՝անհատ բարերարների միջոցներն ու բազմաթիվ այլ խնայողությունները (բացառությամբ՝ սոցիալական և ռազմական անհրաժեշտ ծախսերի)։ Նպատակը պետք է լինի, առավելագույնը երկու տարում, չունենալ գեթ մեկ ընտանիք՝ որը չունի հիմնական բնակեցման վայր։ Ամենաշատը 8 ամսվա ընթացքում հնարավոր է կառուցել անհատական բնակելի տներ, եթե չլինեն կազմակերպչական և ֆինանսական խնդիրներ։

Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս առաջարկում եմ այս գոյաբանական խնդրով և ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված՝ դադարեցնել եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռք բերման խնդրահարույց ծրագիրն ու խնայել, իմ գնահատմամբ, մոտ 3 մլրդ դոլար՝ այն ծառայեցնելով ներկայիս մեր անվտանգային մարտահրավերներին՝ պաշտպանությանն ու արցախցիների վերաբնակեցմանը։

Այս լուծումները, բնականաբար, հնարավոր չէ իրականացնել առանց պետության հստակ և ուղիղ մասնակցության։ Սակայն, հաշվի առնելով մի շարք դեպքերում պետական մարմինների ու ընթացակարգերի դանդաղկոտությունը, կարծում ենք՝ կառավարման տեսակետից ևս անհրաժեշտ է գտնել ոչ ստանդարտ լուծումներ։ Ուստի, արցախցիների բնակեցումը պետք է համարել համահայկական կարևորության ազգային ծրագիր, և ինչու ոչ, վերադառնալ նախկինում բազմիցս կիրառված և վերջին տարիներին քննադատված ԾԻԳ-երի (ծրագրերի իրականացման գրասենյակ) ավանդույթին՝ մեկտեղելով պետական, համահայկական, միջազգային դոնորական միջոցները։ Հետո արդեն, նշված տրամաբանության շրջանակում, հավաքագրել, մշակել և վերլուծել տվյալներն ու առաջին անգամվա համար, տվյալահեն որոշումների ընդունման տրամաբանությամբ, լուծել այս խնդիրն օր առաջ, քանի որ մի քանի ամիս անց կարող է արդեն ուշ լինել…

 

Սարհատ Պետրոսյան

ճարտարապետ-քաղաքային պլանավորող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031