«Հայաստան» համահայկական հիմնադրամը ԱՄՆ «Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ, տասնյակ բեռնատարներով մարդասիրական օգնություն է բաշխել տեղահանված մեր հայրենակիցներին՝ մարզերում գործող իր գործընկեր հասարակական կազմակերպությունների միջոցով։
Հրատապ աջակցությունը ներառում է 1000 ընտանիքի համար նախատեսված 40 տոննա պարեն (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, թխվածքաբլիթ, կարտոֆիլ, թեյ, սուրճ և այլն), մանկական սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ և հիգիենայի պարագաներ։ Արարատի մարզում աջակցությունից օգտվել է 220, Վայոց Ձորում՝ 100, Սյունիքում՝ 320, իսկ Գեղարքունիքում 340 տեղահանված ընտանիք։
Հիմնադրամը նախատեսում է ընդլայնել հումանիտար աջակցության տրամադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով ՀՀ գրեթե բոլոր մարզերը: Շուրջ 400 մլն դրամ արժողությամբ հումանիտար օգնության երկրորդ փուլը կներառի կենցաղավարման համար առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ մահճակալներ, տաքացուցիչներ, տաք հագուստ, սնունդ, անկողնային և հիգիենայի պարագաներ: Հիմնադրամի աջակցությունից առաջիկա շաբաթներին կօգտվի ավելի քան 2000 ընտանիք:
Շնորհակալություն ենք հայտնում Եղեգնաձորի «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնին, «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամին, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ին և «Ժողովրդավարության և անվտանգության հայկական կենտրոն» հիմնադրամին՝ իրենց անխոնջ կամավոր աշխատանքի համար։
Կարդացեք նաև
Ձեր նվիրատվությունները կօգնեն տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված շարունակական աջակցության հրատապ ծրագրերի իրականացմանը։ Առցանց նվիրատվությունների և բանկային փոխանցումների համար այցելեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք հետևյալ հղումով։
«Հայաստան» հիմնադրամ