«Այսօր դասախոսություն չեմ կարդալու, ես ուզում եմ ձեզ հետ զրուցել մեր հոգսերի մասին: Եվ նախապես գիտեմ, որ որեւէ դասախոսություն, որեւէ զրույց, որեւէ հոդված եւ որեւէ գիրք չի փոխելու այն իրավիճակը, որ այսօր կա մեզանում՝ թարգմանական գործի ասպարեզում»,- Հայաստանի ազգային գրադարանում կայացած հանդիպման ժամանակ նշեց գրականագետ, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Երվանդ Տեր-Խաչատրյանը:
«Ուզում եմ շատ մռայլ բաներ չասել, բայց անմխիթար է մեր լեզվի վիճակն այսօր: Հայ ժողովուրդը հայոց լեզվից ավելի մեծ բան չի ստեղծել, մեր մեծագույն հարստությունը մեր լեզուն է: Մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքը, բայց այդ հայրենիքն ապրում է Հայկազյան բառարանում, Գաբամաճյանի եւ մյուսների բառարաններում, Մալխասյանցի փառահեղ քառահատորում…Կա ամբողջ պատմական Հայաստանը մեր լեզվի մեջ:
Մեր լեզուն բառերի հավաքածու չէ, դա բանն է՝ ամենաբարձր իմաստով, որ իր մեջ ներառում է ժողովրդի պատմությունը աշխարհագրությունը, հոգեբանությունը, ազգագրությունը… ամեն բան: Մենք պետք է դողանք մեր լեզվի վրա: Երբ 1634թ կարդինալ Ռիշելյեն ստեղծեց ֆրանսիական ակադեմիան, այդ ակադեմիան իր առջեւ դրած ուներ մեկ խնդիր, մեկ գործառույթ՝պահպանել եւ հարստացնել ֆրանսերենը»,-հավելեց գրականագետը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով թարգմանական գրականությանը՝ Երվանդ Տեր-Խաչատրյանը մի դրվագ պատմեց, թե ինչպես է անհաջող թարգմանված մի գիրք գնել ու գնացել տվյալ հրատարակչի մոտ. «Զանգահարեցի, գնացի, հիմա այդ մարդը հրատարակիչ է, մեծ ցանց ունի գրախանութների, իսկ մի ժամանակ գրավաճառ էր ակադեմիայի գրախանութում եւ ինձ եռակի թանկ գներով գրքեր էր վաճառում: Ասացի՝ էս ի՞նչ եք անում, ինչպես կարելի է: Երեխաները դրանք կարդում են, դա են ընդունում հայոց լեզվի տեղ, ենթակա չկա, ստորոգյալ չկա, ուղղակի բառերի հավաքածու է: Դպրոցներն էլ գնում են Նոր տարվա օրերին, մանկապարտեզներն են գնում… Տարածում են այդ գրքերը, երեխաները կարդում են, կարծում են ճիշտ հայերենը դա է: Ասում է՝ թարգմանիչը լավ անգլերեն գիտի»:
Նշենք, որ հանդիպման նպատակը Չարենցի չափածո որոշ թարգմանություններին և արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի թարգմանական արձակին անդրադարձն էր՝ կոնկրետ օրինակներով: Բանախոսը խոսեց թարգմանության վրա թարգմանչի թողած ազդեցության, թարգմանչի դերի՝ որպես երկու լեզուների շփման միջնորդի, թարգմանական լեզվի ոճական հարցերի մասին: Ընդգծեց, որ գեղարվեստական թարգմանությունը ոչ թե լեզվաբանական գործողություն է, այլ՝ գրական, եւ որ թարգմանիչը, կիրառելով լեզվի գեղարվեստական միջոցները, մի լեզվով շարադրված նյութը վերափոխում ու վերստեղծում է մեկ այլ լեզվով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ