Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։
ՀԿԽԸ գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, Հայաստանում իրենց ունեցած առաջնահերթությունները, մարդասիրական աշխատանքների առանձնահատկություններն ու փորձը։ Աննա Եղիազարյանը հանգամանալի պատմեց այն աշխատանքների մասին, որոնք ՀԿԽԸ-ն իրականացնում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընդունման, հաշվառման, սնունդով, կենցաղային պարագաներով, կեցավայրով, հոգեբանական աջակցությամբ ապահովելու ուղղությամբ։ Այդ գործընթացում նա մեծապես կարևորեց տարբեր կազմակերպությունների, գործարարների, ինչպես նաև հազարավոր կամավորների պատրաստակամ ներգրավվածությունը։
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին ներկայացրեց այն նախաձեռնությունները, որոնք Միությունն ու նրա անդամ ընկերությունները կատարել են մեղմելու համար Արցախին պատուհասած արհավիրքի հետևանքով բռնի տեղահանվածների ծանր կացությունը։ Աջակցությունն ուղղված է թե սննդով, անհրաժեշտ կենցաղային իրերով, կացարաններով ապահովմանը, թե արցախահայերին աշխատատեղերում ներգրավմանը։ Նրա խոսքով՝ ՀԱԳՄ-ում քննարկվում են օժանդակության տարբեր նախաձեռնություններ, որոնց իրականացման ընթացքում կարևոր կլինի նաև Հայկական կարմիր խաչի ընկերության փորձը։
Կողմերը նախանշեցին հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Կարդացեք նաև
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն