Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են բարձրացել տնօրենների ու ուսուցիչների աշխատավարձերը․ Ժաննա Անդրեասյանը մանրամասներ ներկայացրեց

Հոկտեմբեր 17,2023 15:53

«Սեպտեմբերից ուժի մեջ է մտել ֆինանսավորման նոր կարգը, եւ այդ նոր կարգով՝ յուրաքանչյուր դպրոցի մասով մենք առանձին-առանձին ֆինանսավորման չափերը հաշվարկել ենք։ Դրանից արդեն պարզ է դառնում, որ տնօրենի աշխատավարձը միջինում ավելի քան 111 հազար դրամով աճում է»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Սա չի նշանակում, որ բոլոր տնօրենների աշխատավարձն աճում է 111 հազարով, մեկինն աճում է 150 հազարով, մյուսինը՝ 70 կամ 90 հազարով։ Եվ կա գործակից, որը կիրառվում է դպրոցում դասարանների թվից կախված։ Տնօրենների վերին շեմի աշխատավարձերն են 475 հազար եւ 495 հազար դրամը, որոնք վերաբերում են մեծ դպրոցներին։ Օրինակ՝ եթե դպրոցն ունի 1000 եւ ավելի աշակերտ, բնականաբար, այդ դպրոցի կառավարումը պահանջում է լրացուցիչ ջանք, ծավալներ եւ աշխատանք։ Եվ այդ դպրոցները վերին շեմի գործակցով են հաշվարկվում»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ սա բազային աշխատավարձն է։ «Իսկ արդեն նոր համակարգով կատեստավորվեն եւ նաեւ հավելավճարներ կստանան»,- հավելեց Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ դպրոցների հիմնական մասը 300-500 աշակերտ ունեցող են։ Բավական մեծ թիվ են կազմում մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցները, հատկապես գյուղական վայրերում։ Ըստ նախարարի՝ փոքր դպրոցների համար հավելավճարի առանձին սխեմաներ են կիրառվում։ Մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներում սեպտեմբերից սկսած ուսուցիչները հավելավճարի այն համակարգում են, որ եթե մեկ դրույքից պակաս է դրույքը, ապա մինչեւ 50 տոկոս հավելավճար են ստանում։ «Նաեւ կուզեմ հիշեցնել, որ այս տարվա սեպտեմբերին նոր չափորոշիչի ներդրմամբ ուսուցիչների աշխատավարձի տարրական մակարդակում 20 տոկոս բարձրացման ենք գնացել, միջին եւ ավագ դասարաններում՝ 10 տոկոս։ Այսինքն՝ մենք երեք տարում կկարողանանք վերադառնալ մանկավարժական այն նորմալ ցիկլին, որից դուրս էինք եկել»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։

Նա նաեւ նշեց, որ որոշում են ընդունել, ըստ որի՝ երեխաների առավելագույն թիվը տարրական ու միջին դասարաններում պետք է լինի 25, իսկ ավագ դասարաններում՝ ոչ ավելի, քան 20։ «Մենք սրան գնալու համար ժամանակ ենք վերցնում, որովհետեւ եթե այդ որոշումը ընդունեինք հենց այսօր ուժի մեջ մտնելու պայմանով, մեր բազմաթիվ դպրոցներ չէին ունենա դասասենյակներ եւ ուսուցիչներ՝ այս գործընթացը կազմակերպելու համար։ Մենք համակարգին տվել ենք բավարար ժամանակ, նոր դպրոցների կառուցումով մենք նաեւ այդ ֆիզիկական ենթակառուցվածքների խնդիրն էլ կկարգավորենք»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031