Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի այցելել Ստեփանակերտ, բայց Ալիեւը հերթով գնացել է Արցախի բոլոր օկուպացված տարածքներ՝ Շուշի, Վարանդա, Մեխակավան, Ակնա, Քարվաճառ, Բերձոր ու վերջում՝ Ստեփանակերտ»

Հոկտեմբեր 17,2023 15:44

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձություններին՝ առանձնացրեց Իլհամ Ալիեւի այցը Ստեփանակերտ:

«44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ չի այցելել Ստեփանակերտ: Ավելին, պաշտոնազրկել է բոլոր այն պաշտոնյաներին, որոնք համարձակվել են Արցախ գնալ: Դրա մասին հայտարարություն արեց նաեւ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը՝ ասելով, որ իր պաշտոնանկության պատճառներից մեկը եղել է Արցախ կատարած այցելությունը: Իմիջիայլոց, Արցախ կատարած այցելության համար պաշտոնազրկվել է նաեւ այն ժամանակ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Նա չնայած պաշտոնակատար էր, բայց նույնիսկ պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց Արցախ կատարած այցելության համար:

Բայց Իլհամ Ալիեւը այս ընթացքում հերթով գնացել է Արցախի բոլոր օկուպացված տարածքներ՝ Շուշի, Վարանդա, Մեխակավան, Ակնա, Քարվաճառ, Բերձոր ու վերջը հասավ մինչեւ Ստեփանակերտ:

Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե նոյեմբերի 9-ին ինչ ենք արձանագրել, ինչ կետի վրա էինք կանգնել եւ այսօր ինչ իրողություն ունենք: Դա բանակցային գործընթացի, մեր տեսանկյունից՝ տապալման, նրա տեսանկյունից՝ հստակ կազմակերպված ժամանակացույցով գործողություն էր: Իլհամ Ալիեւը Ստեփանակերտում ի՞նչ էր ասում: Ասում էր. «Մենք որ 2020-ին չմտանք Ստեփանակերտ, շատերը մեզ մեղադրում էին, ասում, թե ինչի՞ միանգամից չգրավեցինք Ստեփանակերտը: Այնինչ. մենք հստակ, հաստատուն քայլերով ենք մեր գործողությունները իրականացնում»:

Որեւէ մեկը թող չմտածի, որ Իլհամ Ալիեւի ծրագրերն արդեն ավարտվել են՝ մտել է Ստեփանակերտ եւ Արցախի նախագահի աշխատասենյակ: Ոչ: Իլհամ Ալիեւն ասում է, որ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը ոչ մի տեղ նշված չէ, ասում է, որ դրա հեղինակն ինքն է, ինքն է ստեղծել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները: 2020 թվականին որեւէ մեկը խոսո՞ւմ էր Հայաստանից տարածքներ զիջելու, անկլավների մասին: Դա հիմա է, չէ՞, եկել օրակարգ:

Այն կադրերը, որ մենք տեսել ենք հոկտեմբերի 15-ին, որը նույնպես պատահական օր չէ, հոր կողմից իշխանություն ստանալու 20-ամյակի օրն է, նույն ձեւով՝ դրոշն անարգելով, ինքը հայտնվելու է Երեւանում, եթե շարունակի Հայաստանում իշխանության ղեկին մնալ իր լիազոր ներկայացուցիչը իր փոքր հանցախմբով»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031