Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում
Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ.
Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանի այս բարձր ամբիոնից ելույթ ունենալը եւ շնորհակալ եմ նման հնարավորության համար: Մեր կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Եվրոպական խորհրդարանը ճանաչում են որպես մի մարմին, որը Հայաստանի Հանրապետությանը եւ Լեռնային Ղարաբաղի հայերին բաժին հասած բոլոր փորձությունների ժամանակ խոսել է ու խոսել է ճշմարտության լեզվով: Նաեւ սրա համար եմ բոլորիդ շնորհակալություն հայտնում, որովհետեւ ճշմարտությունն ուժ է եւ ձեր ձեւավորած այդ ուժից ամեն անգամ մեզ էլ է բաժին հասել:
Կարդացեք նաև
Հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով եւ սա ճշմարտություն է: Բայց նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով: Եվ, այնուամենայնիվ, մեծագույն ճշմարտությունն այն է, որ Ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը. իսկ ի վիճակի է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն:
Բայց ես չեմ եկել այստեղ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանը «այո» է աներկբա:
Շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով: Բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած մեծ հաշվով անխուսափելի փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար:
Սրա մասին են վկայում 2020-2021 թվականների իրադարձությունները: 44-օրյա պատերազմի ավարտին` հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երբ Հայաստանի պետական ինստիտուտները ծայրահեղական խմբերի գրոհների թիրախ դարձան, երբ հանրությունը պառակտված էր ու բորբոքված, ժողովրդավարական եղանակով ձեւավորված ինստիտուտներն ամուր մնացին պետականության պաշտպանության իրենց դիրքերում, միեւնույն ժամանակ, չխախտելով ժողովրդավարության որեւէ սկզբունք: Խոսքի եւ հավաքների ազատությունն այդ ծանր իրավիճակում Հայաստանում չսահմանափակվեց, անհամաչափ ուժի կիրառման դեպքեր չգրանցվեցին, օրենքի գերակայությունը չնսեմացվեց:
Ու չնայած այն բանին, որ խորհրդարանում շարունակում էինք ունենալ մեծամասնություն, պատերազմի ծանր հետեւանքների բերումով ի հայտ եկած սոցիալ-հոգեբանական ճգնաժամը հաղթահարելու համար կառավարող ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու որոշում կայացրեց եւ այդ նպատակով ես հրաժարական տվեցի վարչապետի պաշտոնից, ապա եւ սահմանված կարգով արձակվեց կառավարությունն ու խորհրդարանը:
Խորհրդարանի արձակումը դե յուրե ուժի մեջ մտնելուց երկու օր անց` 2021 թվականի մայիսի 12-ին, ադրբեջանական զորքերը խախտեցին Հայաստանի հետ սահմանը, սահմանագծի մոտ 100 կիլոմետրանոց հատվածում մինչեւ 4 կիլոմետր ներխուժելով Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը:
Այս իրավիճակում Հայաստանի անվտանգության համակարգը համարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը եւ երկկողմ մակարդակում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները մեզ ոչնչով չօգնեցին, մեզ միայնակ թողեցին:
Խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի ունեցած այս սադրանքի նպատակը մոտալուտ խորհրդարանական ընտրությունները ձախողելն ու Հայաստանի պետականությունը կաթվածահար անելն էր, կամ առնվազն դրածո կառավարություն ձեւավորելը: Բայց, ահա, այս միջավայրում Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության պաշտպանության դիրքերում եւ կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ եւ մրցակցային:
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց եւ ոչ թե հակառակը: Սա է 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո եւ առաջ գոյություն ունեցած Հայաստանի առանցքային տարբերությունը: Եթե Հեղափոխությունից առաջ ընտրությունները սովորաբար դառնում էին ներքին ճգնաժամերի պատճառ՝ դրանց արդյունքների նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառով, Հեղափոխությունից հետո ընտրությունները կանխարգելում կամ հաղթահարում են ճգնաժամը, որովհետեւ քաղաքացիները որոշում կայացնելու եւ այդ որոշումներն իրագործելու ոչ միայն տեսական, այլեւ գործնական հնարավորություն ունեն:
2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում որեւէ մակարդակի որեւէ ընտրության որեւէ արդյունք չի նենգափոխվել եւ եթե 6 տարի առաջ մարդիկ ծիծաղով կվերաբերվեին ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրենց իրավունքի մասին պնդումներին, հիմա լավ չեն հասկանա, թե ինչ ասել է ընտրությունների արդյունքների կեղծում կամ նենգափոխում: Ահա սա է փոխվել վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետությունում:
Բայց ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից:
Նման իրադրություններ 2020 թվականից ի վեր մի քանի անգամ ենք ունեցել, որոնցից խոշորագույնն Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:
Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:
Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք:
Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի եւ այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել առանց փախստականների ճամբարներ եւ վրանային ավաններ հիմնելու:
Մենք դա կարողացանք անել Հայաստանի ժողովրդի ու ժողովրդավարության շնորհիվ: Ժողովրդի, որովհետեւ երբեմն մարդիկ նույնիսկ չէին սպասում, թե կառավարությունն ինչ կանի: Իրենք էին բռնի տեղահանվածներին տրամադրում առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ անգամ ժամանակավոր կացարաններ: Շատերը նրանց պարզապես հյուրընկալել են իրենց տներում:
Ժողովրդավարության, որովհետեւ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ազատ տնտեսվարման հետ կապված բոլոր խոչընդոտներն ու արհեստական մենաշնորհները վերացել են, աճել է կառավարության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը, անհաշտ, սկզբունքային եւ ինստիտուցիոնալ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, հաստատվել է օրենքի գերակայություն եւ այս ամենի շնորհիվ Հայաստանը, չնայած տեղի ունեցած արհավիրքներին եւ սպառնալիքներին, շարունակում է գտնվել բարձր տնտեսական աճի գոտում եւ մեր երկրում 2018 թվականից ի վեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 70 տոկոսով:
Այսօր արդեն կայացված եւ ուժի մեջ մտած որոշումներով մենք շուրջ 100 միլիոն դոլար պետք է հատկացնենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու համար: Եւ մենք միջազգային օգնության կարիք ունենք, այդ թվում` բյուջետային աջակցության տեսքով: Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ մենք ստեղծել ենք բռնի տեղահանվածներին աջակցելու այնպիսի մեխանիզմ, որ նրանց հատկացվող միջոցները փոխանցվում են անկանխիկ, այսինքն՝ միջոցների բաշխումը թափանցիկ է, ստուգելի եւ հետագծելի եւ համակարգը շարունակելու է այդպես գործել:
Եվ մենք շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին, ԵՄ-ին եւ անդամ երկրներին, որոնք արդեն հատկացումներ են արել եւ/կամ կշարունակեն անել Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար:
Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,
Ցավալի է, չափազանց ցավալի, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխել հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի կառավարությունը, Եվրոպական խորհրդարանը բազմիցս են ահազանգել Լեռնային Ղարաբաղում մոտալուտ էթնիկ զտումների մասին, Հայաստանի կառավարությունը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին՝ ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք խումբ ուղարկելու բազմաթիվ կոչեր է հղել, բայց ոչ մի կառույց այդպես էլ նման որոշում չկայացրեց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որեւէ գործնական արդյունք չունեցան եւ, ահա, Լեռնային Ղարաբաղը այլեւս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, եւս 20 հազարը Լեռնային Ղարաբաղից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի 2022 թվականի դեկտեմբերից մեկնարկած ապօրինի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն չէին ունեցել:
Եվ այսօր ոմանք ձեւ են անում, թե չեն հասկանում, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները: Նման հարցադրումն ինքնին ցինիզմ է, որովհետեւ պատասխանն ավելի քան պարզ է: Ադրբեջանը հստակ եւ աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու իր որոշումը:
2022 թվականի դեկտեմբերից, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման շրջանում Լեռնային Ղարաբաղի հայերը զրկված են եղել գազի, էլեկտրական էներգիայի, վառելիքի, սննդի, մանկական սննդի, դեղորայքի, հիգիենիկ եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների արտաքին մատակարարումներից, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձինք թիրախավորվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
2022 թվականի դեկտեմբերից տասնյակ անգամներ ահազանգել ենք Ադրբեջանի պլանի մասին. Լաչինի միջանցքը փակելուց հետո մարդկանց սովի մատնել, ավելացնել ռազմական, պրոպագանդիստական եւ հոգեբանական ճնշումը, ապա եւ բացել Լաչինի միջանցքը, եւ այդպիսով բոլոր հայերին ստիպել հեռանալ:
Նման սցենարի մասին խոսել ենք 2023 թվականի հունվարին, փետրվարին, մարտին, ապրիլին, մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, խոսել ենք բարձր եւ հրապարակային: Եվ չեմ ընդունում որոշ միջազգային պաշտոնյաների զարմացած դեմքերը՝ Լեռնային Ղարաբաղի՝ սեպտեմբերին տեղի ունեցած հայաթափման առիթով: Միեւնույն ժամանակ, պետք է շնորհակալություն հայտնեմ Եվրոպական խորհրդարանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու համար: Սա կարեւոր է հայրենազրկման ենթարկված մարդկանց հետագա իրավունքները պաշտպանելու համար:
Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,
Ի հեճուկս բոլոր պատերազմների, բարդությունների, ճգնաժամերի, ես Եվրոպական խորհրդարան եմ եկել հետեւյալ հիմնական ուղերձով: Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, այսինքն մի վիճակի կարիք, երբ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած: Հատուկ ուզում եմ ընդգծել, խաղաղության մասին մեր պատկերացումները որեւէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանի շահերին, որովհետեւ մեր երկիրը խաղաղ կարող է լինել, եթե խաղաղ է տարածաշրջանը: Եվ խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը:
Նման հանձնառություն ստանձնելը հեշտ չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկարատեւ հակամարտությունը, բազմաթիվ զոհերի, անհետ կորածների, գերիների, տառապանքների եւ հուսահատությունների հանգամանքը:
Բայց արդյոք խաղաղությունը հնարավոր է եւ եթե այո, ինչպե՞ս: Հոկտեմբերի սկզբին, Եվրոպական քաղաքական համայնքի՝ Գրանադայի գագաթաժողովից առաջ մենք խաղաղության գործընթացում ճեղքում արձանագրելու լրջագույն հնարավորություն ունեինք, բայց Ադրբեջանի նախագահը, ցավոք, հրաժարվեց գալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ ինձ հետ ընդունել համատեղ հայտարարություն, որը պիտի արտահայտեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման սկզբունքները: Այդ սկզբունքներն ու բովանդակությունն ամենեւին էլ նոր չեն եւ ձեւավորվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքներով, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահը, ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես:
Այդ սկզբունքները կոնկրետացվեցին 2023 թվականին ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ բրյուսելյան հանդիպումների ընթացքում եւ այդ սկզբունքների մասին կան հրապարակային հայտարարություններ:
Սկզբունքներից առաջինը Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ, մեջբերում եմ. «Ֆրանսիայի նախագահը, ԵՄ նախագահը, Գերմանիայի կանցլերը և ես Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության` Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը» (մեջբերման ավարտ)։
Այս նույն սկզբունքը ս/թ մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ արտահայտված է այսպես. «Առաջնորդները, խոսքը իմ եւ Ադրբեջանի նախագահի մասին է, հաստատեցին իրենց աներկբա հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին եւ համապատասխանաբար Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը (մեջբերման ավարտ)։
Նույն սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները եւս մեկ անգամ լիարժեք կերպով վերահաստատեցին իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, հիմնված այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր» (մեջբերման ավարտ):
Հարգելի ներկաներ, այն ինչ լրացուցիչ պետք է իմանաք այս առիթով՝ հետեւյալն է. այս պայմանավորվածություններից հետո ես մի քանի անգամ հրապարակային վերահաստատել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն չի արել: Վերջերս նա հայտարարել է, թե ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց 29 հազար 800-ը չի հիշատակել, ինչը որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն է առաջացնում, թե նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու համար: Տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու պայմանավորվածությունը հենց դրա համար է ձեռքբերվել, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելիս երկիմաստություններ թույլ չտան, ասենք, օրինակ` ասելով, թե տվյալ երկրի տարածքի մի մասն իրականում իրեն չի պատկանում:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է՝ հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար» (մեջբերման ավարտ)։
Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Երկու առաջնորդները վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ» (մեջբերման ավարտ):
Այս նույն սկզբունքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար» (մեջբերման ավարտ):
Այս սկզբունքի մասին պետք է իմանաք հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետեւյալ երկու կարեւոր արձանագրումները.
1.Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:
2.Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը եւ, հետեւաբար, Խորհրդային միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին եւ վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաեւ երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:
Հարգելի ներկաներ,
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել» (մեջբերման ավարտ)։
Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հայտարարության մեջ արտահայտել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Մենք (այսինքն՝ ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես) քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնեցումների կարգավորումները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքը» (մեջբերման ավարտ):
Այս սկզբունքի մասին անհրաժեշտ է իմանալ հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի, Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետեւաբար, այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ:
Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որեւէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության եւ իրավազորության որեւէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել: Հետեւաբար՝ ի՞նչ է նշանակում վերը մեջբերված սկզբունքը:
Նշանակում է մի պարզ բան. Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանային եւ այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա: Սա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքով եւ մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանները` Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչեւ Սեւ ծով: Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու, եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է եւ այս անունը նույնքան կարեւոր եւ ընդունելի է մեզ համար: Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետեւ խաղաղության խաչմերուկը ենթադրում է, այդ թվում՝ խողովակաշարերի եւ էլեկտրագծերի անցում:
Նման լուծումները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:
Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:
Նման բան թույլ տալ չի կարելի: Ինչպես տեսաք, վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել եւ համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եւ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել: Ընդ որում, տրանսպորտային կոմունիկացիաների մասով, վերը նշված սկզբունքների, ներառյալ փոխադարձության սկզբունքի պահպանմամբ մենք պատրաստ ենք գնալ ընթացակարգերի պարզեցումների, մենք պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների եւ ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով` հույս ունենալով նաև փոխադարձության, մենք պատրաստ ենք զորքերի հայելային ետքաշման՝ 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ Ադրբեջանի: Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաեւ այսպես կոչված անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ ս/թ հոկտեմբերի 10-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Եվ վերջապես, պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց:
Բայց մյուս կողմից, մենք այս տարվա ընթացքում, ինչպես Եվրոպական խորհրդարանի նախագահը նշեց, Բրյուսելում եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունենք եւ եթե վերը հիշատակված սկզբունքները պաշտոնապես վերահաստատվեն` մինչեւ տարեվերջ Հայաստան-Ադրբեջան խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական:
Մենք պատրաստ ենք նաեւ բոլոր գերիների, պահվող անձանց եւ կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաեւ սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պատրաստ ենք համագործակցել ականազերծման հարցում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները: Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ:
Բայց ի հեճուկս այս ամենի, մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն:
Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ես ու Հայաստանի կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունն ունեն այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի և Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով: Եվ հենց այս հարցում պիտի հայցեմ ձեր բոլորի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես այն սկզբունքների իրագործման հարցում, որոնց շուրջ, ինչպես արդեն ասացի, պայմանավորվածության ենք եկել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
Եվրոպական խորհրդարանի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ,
Անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան երկկողմ հարաբերություններին, պիտի ընդգծեմ, որ ԵՄ-ն վերջին տարիներին Հայաստանի կառավարության հիմնարար բարեփոխումներին աջակցող առանցքային գործընկերն է: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում ընդգծել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը մեր բարեփոխումների օրակարգի հենասյուներից մեկն է և գտնվում է ակտիվ իրագործման փուլում:
Այս տարվա փետրվարից Հայաստանում գործում է Եվրամիության երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը, որը դիտարկում է անվտանգային իրավիճակն Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով: Սա կարեւորագույն իրադարձություն է, որով Եվրամիությունը առաջին անգամ ներգրավել է Հայաստանի անվտանգային օրակարգում, ինչի հիմքը դրվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում:
Ի թիվս ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների՝ ԵՄ-ի աջակցությամբ մենք իրականացնում ենք ոստիկանության բարեփոխումները եւ այս ամիս, ընդամենը երկու շաբաթից ավարտին կհասցնենք բոլորովին նոր՝ պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանում: Մենք ակնկալում ենք համագործակցության շարունակականություն ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար ծառայության, անկախ դատական համակարգի, կրթության եւ հանրային կառավարման բարեփոխումների ուղղություններով:
Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների օրակարգն իրականում շատ ծավալուն է. չափազանց էական է ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերին նոր թափ ու ծավալ հաղորդելը, որի կարեւոր նպատակներից են` կայուն և համաչափ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումը, թվայնացումն ու տեխնոլոգիական զարգացումը, ինչպես նաև Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության բարձրացումը: Վերջինը հատկապես կարևոր է թե՛ երկրի շարունակական զարգացման, թե՛ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համատեքստում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են տարբեր ֆինանսական գործիքներով իրականացվող ավելի քան 400 մլն եվրո արժողությամբ ծրագրեր, որից շուրջ 270 մլն եվրոն ՓՄՁ ֆինանսների հասանելիության, շուրջ 34 մլն եվրոն` տեխնոլոգիական զարգացման, շուրջ 43 մլն եվրոն` Սյունիքի դիմակայունության բարձրացման և շուրջ 62 մլն եվրոն` Երևանի կանաչ զարգացման ուղղություններով:
Ուրախությամբ պիտի ընդգծեմ, որ սա ամենը չէ: Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար չափազանց կարեւոր երկու փաստաթուղթ ընդունվեց: Դրանցից մեկը նախագահ Միշելի, նախագահ Մակրոնի, կանցլեր Շոլցի եւ իմ քառակողմ հայտարարությունն է, մյուսը` նախագահ ֆոն դեր Լայենի եւ իմ երկկողմ հայտարարությունը:
Երկու հայտարարություններում աջակցություն է հայտնվում ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Մենք հանձնառություն ենք ստանձնել առավել ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները։ Երկարաժամկետ հեռանկարում Եվրամիությունը և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց տնտեսական կապերը՝ աշխատելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ:
Այս ամենի վրա հիմնվելով, հարգելի ներկաներ, կարող եմ հստակ եւ համոզված հայտարարել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Նախագահ ֆոն դեր Լայենի հետ մեր համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն և Հայաստանը կանգնած են ուս-ուսի տված»:
Եկեք շարունակենք կանգնած լինել ուս-ուսի՝ ժամանակները ավելի լավը դարձնելու հանձնառությամբ: Ինչպես ասացի, ես համոզված եմ, որ ժողովրդավարությունը կարող է ապահովել խաղաղություն, անվտանգություն, միասնություն, բարեկեցություն եւ երջանկություն: Եկեք միասին սա ապացուցենք: Կեցցե՛ ժողովրդավարությունը: Շնորհակալ եմ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ