«Դիմադրության առաջնորդները» թույլ չեն տա Իսրայելին որևէ քայլ ձեռնարկել Գազայի հատվածում, առաջիկա ժամերին նախատեսվում է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հաղորդում է IRNA-ն։
«Ցանկացած հնարավորություն ընդունելի է»,-ասել է իրանցի արտգործնախարարը՝ պատասխանելով Իրանի՝ հակամարտության մեջ ներքաշվելու հնարավորության մասին հարցին։ Աբդոլլահիանի խոսքով՝ «Հըզոբլլահ»-ի առջև ևս դրված են «բոլոր հավանական տարբերակները և սցենարները»։
«Եթե մենք այսօր չպաշտպանենք Գազան, վաղը ստիպված ենք լինելու պաշտպանել մեր քաղաքները»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ Իսրայելը թիրախավորել է ողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Նա նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին թուլության մեջ՝ նշելով, որ նա է երկարացրել հակամարտությունը։