ՊՆ-ից 106 մլն դրամի հափշտակության գործով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետի՝ Գեւորգ Ալթունյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի: Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը:
«Նախ սկսենք մեղադրանքից, որ ընդհանրապես փուչ ու աբսուրդի ժանրից է, իրականության հետ որեւէ աղերս չունեցող հորինվածք է: Ինչ վերաբերում է խափանման միջոցի հիմքերին՝ այնպիսի մի ձեւակերպում է տրված, որ մասնավոր ընկերության աշխատակիցը, որպիսին այս պահին հանդիսանում է Գեւորգ Ալթունյանը, որը որեւէ ընդհանրություն չունի ՊՆ-ի հետ, ըստ դատախազության ու Վերաքննիչ դատարանի՝ ռիսկեր կան, որ Գեւորգ Ալթունյանը կարող է ազդել ՊՆ-ի ու Զինված ուժերի ծառայողների վրա: Եթե այդքան հեշտ է ազդել ՊՆ-ի ու Զինված ուժերի ծառայողների վրա, ուրեմն այդ ՊՆ-ն ու Զինված ուժերը երեւի փակենք, հա՞: Իսկ քննությանը խոչընդոտելու մասին առհասարակ որեւէ խոսք չկա: Գեւորգ Ալթունյանը մեր՝ պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա հարցաքննվել է, բավականին մանրամասն ցուցմունք է տվել այդ հորինված մեղադրանքի վերաբերյալ: Նաեւ մոտ 25 կետերով ծավալուն միջնորդություն ենք ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Հուսով ենք, որ վարույթ իրականացնող մարմինը սեղմ ժամկետներում այդ գործողությունները կկատարի, որովհետեւ այդ յուրաքանչյուր գործողությամբ հատ առ հատ հերքվելու են քննչական մարմնի, դատախազության ներկայացրած մեղադրանքի հիմնավորումները, թեեւ այդպիսիք չկան »,- նկատեց փաստաբանը:
Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք, թե կա՞ն կոնկրետ անձինք, կոնկրետ ցուցմունք տվողներ Ալթունյանի դեմ, ի պատասխան ասաց. «Իմ պաշտպանյալի դեմ ցուցմունք, որպես այդպիսին, ես չեմ տեսնում: Այնքանով, ինչքանով վարույթի նյութերը մեզ հասանելի են: Բայց այլ հարց է, թե վարույթ իրականացնող մարմինն այդ ցուցմունքներն ինչպես է գնահատում: Մենք միջնորդել ենք առերեսումներ կատարել, չնայած առանց մեր միջնորդության էլ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր առերեսումներ կատարել հակասությունների դեպքով՝ հաշվի առնելով Ալթունյանի մեղադրյալի կարգավիճակը, բայց այս պահի դրությամբ նման առերեսում դեռեւս չի կատարվել: Մի առերեսում է կատարվել մեր մասնակցությամբ դա մինչեւ կալանքի միջնորդությամբ դատարան դիմելն էր, այսինքն՝ մեկ ամիս առաջ, այդ առերեսման ժամանակ մեզ հետ առերեսվող անձը՝ ՊՆ աշխատակից, իր պատասխանով հրաժարվեց իր նախկին ցուցմունքից՝ պատճառաբանելով, որ սխալ է հասկացել իրադարձությունները: Այս ցուցմունքը վարույթ իրականացնող մարմնի գնահատմամբ՝ Գեւորգ Ալթունյանի դեմ ցուցմունք էր»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեղեկություններով՝ այս քրեական վարույթով անցնող dasaran.am-ի հիմնադիրը ՊՆ-ին էր ներկայացնելու ծրագիր դպրոցներում սովորող աշակերտների ունակությունների վերաբերյալ, ինչը հետագայում ՊՆ-ն կարող էր օգտագործել զորակոչերը կազմակերպելիս: Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ինչ առնչություն է ունեցել այդ ծրագրին իր պաշտպանյալը:
«Այդ գործարքին ՊՆ-ի կողմից լիազորված անձը եղել է իմ պաշտպանյալը, բայց կրկնում եմ, որ մեղադրանքում խոսք է գնում պաշտոնական կեղծիք կատարելու, այդ կերպ խարդախություն կատարելու մասին, այդ ամենը աբսուրդի ժանրից է»,- ասաց փաստաբանը:
Մեր հարցին, թե Գեւորգ Ալթունյանն ինչ է ասել այդ ծրագրի վերաբերյալ, ե՞րբ է գործարկվել այն, փաստաբանը պատասխանեց՝ չի կարող ասել, քանի որ հարցին անդրադառնալով՝ կստացվի հրապարակում է Ալթունյանի ցուցմունքը. «Ժամկետներ էին, այսպես ասած խախտվել, թե ինչու են այդ ժամկետները խախտվել, դրա հստակ պատճառաբանությունը մանրամասն ներկայացված է Գեւորգ Ալթունյանի ցուցմունքում»:
Փաստաբանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ին ներկայացված ծրագրի արժեքը ուռճացվե՞լ է, այդտե՞ղ են քննչականի բացահայտած չարաշահումները, ի պատասխան ասաց. «Ծրագրի գնահատողը Գեւորգ Ալթունյանը չէ, բնականաբար, ծրագրի գնահատողն այն կազմակերպությունն էր, որը պետք է պատրաստեր այդ ծրագիրը: Այդ ծրագրի գերագնահատված լինելու մասին խոսք չկա այս պահին: Իմ պաշտպանյալը այդ գործարքում ֆինանսական հարցերի վերաբերյալ իրավասություններ չի ունեցել ու չէր էլ կարող ունենալ»:
Սաղոյանն ասաց նաեւ, որ Ալթունյանը երկար տարիներ հայտարարագրեր է ներկայացրել ու դրանցում չհիմնավորված 10 դրամ նույնիսկ գոյություն չունի: Փաստաբանը նկատեց, որ ընդամենը պետք էր հայտարարագրերն ավելի ուշադիր զննել ու գնահատականներ տալ փաստերի հիման վրա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ