Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.50-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մինչ շտապօգնության խմբի մոտենալը՝ իրենց տան բակում հանկարծամահ է եղել Աքորի գյուղի բնակիչ Արտակ Սիմոնյանը:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը Աքորի գյուղի 2-րդ փողոցում հայտնաբերել է Արտակ Սիմոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի թիկունքային հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:
Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հոկտեմբերի 16-ի ժամը 21.00-ի սահմաններում Արթուր Սիմոնյանի «ՎԱԶ-2106»-ը գյուղի 2-րդ փողոցում խափանվել է՝ խոչընդոտելով հիշյալ ճանապարհահատվածի երթևեկությանը, ինչի պատճառով ոչ սթափ վիճակում գտնվող 50-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել Արթուր Սիմոնյանի հասցեին: Համագյուղացի հասակակից տղամարդկանց միջև վեճ է սկսվել, քաշքշել ու հարվածներ են հասցրել իրար: Այդ ընթացքում Արթուր Սիմոնյանի 22-ամյա որդին, որը նույնպես ոչ սթափ վիճակում էր, մեքենայի սրահից վերցնելով սուր-կտրող առարկա՝ հարվածներ է հասցրել Արտակ Սիմոնյանին՝ պատճառելով մահ:
Կարդացեք նաև
Հետագա միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն