Նախորդ շաբաթ Փարիզում հանդիպեցի Ֆրանսիայի Սենատի երկու սենատորների հետ:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի ղեկավար Քրիստոֆ-Անդրե Ֆրասսայի և Սենատի մեկ այլ անդամ Ղոնան լը Գլյոյի հետ քննարկեցինք, թե ինչպես են ռուս-ուկրաինական, ապա նաև Իսրայելա-պաղեստինյան պատերազմների բռնկման ֆոնին խախտվում Հարավային Կովկասում բնակվող հայերի իրավունքները:
Արցախի Հանրապետությունն էթնիկ զտման ենթարկվեց Ադրբեջանի կողմից ս․թ․ սեպտեմբերի 19-ի 24-ժամյա զինված ագրեսիայի ընթացքում, որի արդյունքում տեղաբնիկները 3 օրում դուրս եկան իրենց պատմական հայրենիքից ու հիմա վտարանդի են…
📌Ընդգծեցի, որ Արցախի Հանրապետության նախագահը երկրի լուծարման մասին հրամանագիրը ստորագրել է ճնշման տակ, իսկ միջազգային կոնվենցիաներով հստակ սահմանումներ կան, որ ճնշման, ահաբեկման ներքո ստորագրված փաստաթուղթն իրավազորություն չունի, հետևաբար՝ Արցախի Հանրապետությունը գոյություն ունի և պիտի ունենա:
Կարդացեք նաև
📌Իմ խոսքում նշեցի, որ Արցախի Հանրապետության՝ լեգիտիմ ճանապարհով ձևավորված կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է նիստեր անցկացնեն, բարձրացնեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, որպեսզի հնարավոր լինի միջազգային երաշխիքների պայմաններում ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը հայրենիք: Կոսովոյի ինքնորոշման նախադեպը պետք է տարածվի նաև Արցախի վրա:
📌Գործընկերներիս ներկայացրի, որ Հայաստանի Հանրապետությունն էլ վտանգված է, և չի բացառվում, որ Արցախի Հանրապետության ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանին և հայ ժողովրդի հայաստանաբնակ հատվածին, եթե միջազգային դատարանների որոշումները մնան անկատար:
📌Ադրբեջանն իր ծավալապաշտական նկրտումները չի դադարեցնում և օկուպացրած է պահում Հայաստանի 3 մարզերից մոտ 140 կիլոմետր քառակուսի տարածք: Թուրքիան և Ադրբեջանը, ի թիվս այլնի, Սյունիքով արտատարածքային միջանցք են պահանջում:
Այս առումով Արցախի և ՀՀ ինքնիշխանության պահպանմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերը շատ կարևոր են:
📌Այս համատեքստում շեշտեցի, որ միջազգային դիտորդների ներկայությունն Արցախում օր առաջ իրավիճակ կփոխի: Խնդրեցի գործադրել ջանքեր այդ ուղղությամբ:
📌Որպես ընդդիմություն ընդգծեցի, որ Ֆրանսիայից ավելի հաճախ ենք հայամետ դիրքորոշումներ լսում, քան ՀՀ իշխանություններից:
📌Իհարկե, շոշափեցինք նաև ինձ համար ամենազգայուն թեմաները՝ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների վերադարձի ու Ադրբեջանի կողմից վերջիններիս որոնողական աշխատանքների ապօրինի դադարեցման, ինչպես նաև 9-ամսյա շրջափակումից հետո գերեվարված քաղաքացիների ու պետական պաշտոնյաների շուտափույթ վերադարձի ջանքերին ուղղված հարցերը:
📑Գործընկերներս հայտնեցին, որ արդեն ընդունվել է Ֆրանսիայի Սենատի կողմից կոշտ հայտարարություն, որտեղ խոսվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, ինչի համար Ֆրանսիայի սենատի մի շարք անդամներ արդեն իսկ թիրախավորվում են Ադրբեջանի կողմից: Սենատորները, սակայն, հետ չեն կանգնի և չեն դադարի բարձրացնել ճշմարտությունը:
📌Պարոն Ֆրասսան տեղեկացրեց ինձ, որ Ֆրանսիայի վարչապետը՝ ի պատասխան սենատորների հարցերին, ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանին զենք կտրամադրի, որպեսզի ապահովի իր բնակչության անվտանգությունը։
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր