Ս․թ․ հոկտեմբերի 13-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն (Vahram Kazhoyan) այցելեց Հո Շի Մինի թանգարան և հանդիպում ունեցավ թանգարանի տնօրեն պարոն Վու Ման Հայի (Mr. Vu Manh Ha, Director of Ho Chi Minh Museum) հետ` ներկայացնելու նախագահ Հո Շի Մինի՝ 1959 թվականի հուլիսի 21-23-ը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևան ժամանման լուսանկարը։
Դեսպան Կաժոյանը շնորհակալություն հայտնեց տնօրենին հանդիպման համար և պատմեց արխիվային հազվագյուտ լուսանկարների որոնման գործընթացի մասին, որոնք լուսաբանում են նախագահ Հո Շի Մինի 1959 թվականին Հայաստան կատարած այցը։ Դեսպանը ներկայացրեց մի շարք հետաքրքիր փաստեր այդ լուսանկարների մասին։ Վիետնամում Հայաստանի դեսպանությունը նախագահ Հո Շի Մինի լուսանկարները ստացել է Հայաստանի պետական արխիվի ֆոտո-վիդեո նյութերի վարչությունից և Երևանի պատմության թանգարանից։
Դեսպանը նաև ընդգծեց, թե որքան կարևոր է Հո Շի Մինի թանգարան այցելելը՝ հասկանալու Վիետնամը, երկրի պատմությունը և նրա ժողովրդի պայքարն անկախության և ազատության համար։
Դեսպան Կաժոյանը նշեց, որ հայ հայտնի գրող Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը վերջերս թարգմանվել է վիետնամերեն լեզվով։ Գրքի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գրողի ընտանիքը 1959 թվականի հուլիսի 22-ին հանդիպել էր նախագահ Հո Շի Մինի հետ Սևանա լճի մոտ գտնվող գրողների միության հանգստյան տանը։
Կարդացեք նաև
Պարոն Վուն բարձր գնահատեց դեսպանի անկեղծ վերաբերմունքը նախագահ Հո Շի Մինի հանդեպ։ Տնօրենը նույնպես ընդգծեց Հայաստանի դերակատարումը Վիետնամում ֆրանսիական գաղութարարների դեմ պայքարի և Ամերիկյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև Հայաստանի աջակցությունը Վիետնամի վերականգնման և բարեկարգման գործընթացներում։ Տնօրեն Վուն հույս հայտնեց, որ Հո Շի Մինի թանգարանի և Հայաստանի թանգարանների միջև համագործակցությունը կխորանա մոտ ապագայում։
Վիետնամում ՀՀ դեսպանի կինը՝ տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan) և դեսպանի օգնական տիկին Տամը Նգույենը (Tam Nguyen) հայկական կողմից, իսկ վիետնամական կողմից թանգարանի հավաքածուների դեպարտամենտի պետ տիկին Նգույեն Թհի Հուոնգը, գույքագրման և պահպանման դեպարտամենտի պետ տիկին Լե Թհի Լանը, հաղորդակցության դեպարտամենտի պետ պարոն Դաո Տուան Անը և մասնագիտական ուղղորդման դեպարտամենտի պետ տիկին Նգույեն Թհի Հույեն Չանգը մասնակցում էին հանդիպմանը։
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն