Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է վեկտորի չփոփոխության մասին եւ չի արձագանքում Լավրովին»․ Արթուր Սաքունց

Հոկտեմբեր 17,2023 13:35

«Հայաստանի իշխանությունն ի՞նչ դիրքորոշում ունի Լավրովի հայտարարությունների մասին»,- «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները» թեմայով քննարկման ժամանակ նման հարցադրում արեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր․ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը: Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»։

Ըստ Արթուր Սաքունցի՝ Հայաստանի իշխանությունը պետք է արձագանքեր Լավրովի այս հայտարարությանը, որովհետեւ խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության  մեջ գործող հասարակական միավորներին։ Դա ուղղակի սպառնալիք ու թիրախավորում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ։ Նա հիշեցրեց, որ ԱՊՀ վերջին հանդիպման ժամանակ նաեւ տեղեկություն եղավ, որ ԱՊՀ անդամ երկրների ՀԿ-ների ցուցակ են ներկայացնելու, որոնց գործողությունը նրանք գտնում են, որ բարենպաստ չէ։ «Այս տեղեկություններն ու մոտեցումները ես չեմ համարում պատահական, որովհետեւ գնահատականներ են տրվում Կրեմլի ռեժիմի երկրորդ պաշտոնյայի կողմից։ Մյուս կողմից, ԱՊՀ միջպետական կառույցի շրջանակներում է նման պահանջ ներկայացվում։ Ո՞րն է ՀՀ իշխանության դիրքորոշումը, առնվազն արտգործնախարարի մակարդակով պետք է արձագանք լինի, էլ չեմ խոսում պատգամավորների մասին, ո՞րն է ձեր գնահատականը։ Այս լռությունը նշանակում է  համաձայնե՞լ, թե՞ մենք մտածենք, որ այդ ցուցակը տրվելու է եւ դրա համաձայն քայլեր են արվելու»,- նշեց նա։

Սաքունցն ասաց, որ պատահական չի համարում, որ այս փուլում դաշտ նետվեց Լավրովի այս թեզը, որով նա հայաստանյան ՀԿ-ներին է մեղադրում։ «Այն, որ Ռուսաստանի Դաշնության ռեժիմի կողմից Հայաստանի նկատմամբ ակնհայտ հիբրիդային պատերազմի բոլոր գործողությունները կիրառվում են, դա փաստ է։ Այլ հարց է, թե ինչպես են այդ հիբրիդային պատերազմի փորձերը կանխվում Հայաստանի կողմից։ Եթե դիտարկենք իշխանությունների պահվածքը, ապա ես պետք է ասեմ, որ համարժեք չէ։ Եվ այդ առումով ինքն ամենայն հավանականությամբ ունի լծակներ իշխանության վրա ազդելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է վեկտորի չփոփոխության մասին։ Դա նշանակում է, որ շարունակում ենք մասնակցել ԱՊՀ նիստերին, ՀԱՊԿ նիստերին կամ մնալ դեռեւս ԵԱՏՄ կազմում։ Էլ չեմ խոսում քաղաքական ուժերի մասին, որոնց գերակշիռ մասը գտնվում է պրոկրեմլյան ուղղության վրա։ Եվ որեւէ քննադատական խոսք կամ վերաբերմունք, դիրքորոշում Կրեմլի կողմից վարվող քաղաքականության, թե Ուկրաինայի հանդեպ, թե ԼՂ-ում այսպես կոչված ռուս խաղաղապահների գործունեության, թե միջպետական պայմանագրերով անվտանգային խնդիրների մասին խոսք չկա։ Ովքե՞ր են մնացել, որոնք Կրեմլի ռեժիմի քաղաքականության վերաբերյալ հստակ դիրքորոշումներ են ներկայացնում, դա քաղհասարակությունն է։ Որոշել են քաղհասարակությանը թիրախավորել, որովհետեւ նրանց նկատմամբ որեւէ վերահսկողության մեխանիզմ ոչ միայն չունեն, այլ նաեւ ազդեցության լծակներ չունեն»,- ասաց նա։

Ըստ Սաքունցի՝ եթե ՌԴ իշխանությունները նույնականացնում են Կրեմլի ռեժիմն ու պետությունն իրար հետ, դա հենց կոչվում է բռնապետական ռեժիմ։ «Այսինքն՝ իրենց նույնականացնում են, որ ռուսականության կրողը հանդիսանում է հենց իշխանությունը, այսինքն՝ չկա որեւէ այլ կարծիք։ Եվ այն վարքագիծը, որը դրսեւորել են իրենք՝ սկսած 2005-2006 թվականներից, երբ ՌԴ-ում ռեժիմից տարբերվող այլ կարծիք ոչ միայն չի ընդունվում, այլ հետապնդվում ու սպանվում է, հիմա իրենց այդ իմպերիալիստական ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում տարածելու ուղղությամբ քայլերի առումով Հայաստանում տեսել են դիմադրության հիմնական օղակը, հանձինս ՀԿ-ների»,- ասաց նա։

Իրավապաշտպանը նաեւ հավելեց, որ Կրեմլի ռեժիմն իր էությամբ հակաժողովրդավարական է եւ դեմ է մարդու իրավունքներին։ «Անորոշության մեջ մնալ անվտանգության առումով, երկրի վեկտորի առումով, սա անպատասխանատու մոտեցում է ՀՀ իշխանությունների կողմից»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031