Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ:
Պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ:
Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Զննության արդյունքում խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ ընդհանուր 34,58 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով: Ըստ այդմ՝ փաթեթներից չորսում առկա է եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 10,42 գրամ քաշով զանգված, յոթում՝ մարիխուանային նմանվող, ընդհանուր 17,27 գրամ քաշով զանգված: Երկու փաթեթներում առկա է եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,86 գրամ քաշով զանգված, ևս մեկ փաթեթում՝ ափիոնին նմանվող, 1,03 գրամ քաշով զանգված:
Կարդացեք նաև
Քաղաքացի Գ.Մ.-ն նշել է, որ իրեն՝ որպես տաքսու վարորդի, խնդրել են կալանավորված անձ Ա.Բ.-ի անվամբ հանձնուքը տանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և ինքը տեղյակ չի եղել հանձնուքի պարունակությունից:
Գ.Մ.-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ