Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնության մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից». համաժողով Հայաստանում

Հոկտեմբեր 17,2023 12:42

«Այսօրվա ԲՄՊՊ համաժողովը մեր ապագայի ընդհանուր տեսլականի մարմնավորումն է. ապագա, որտեղ բնությունն ու մարդը ներդաշնակորեն գոյակցում են, և որտեղ բնությունը հարգված, պաշտպանված և փայփայված է գալիք սերունդների համար»,- իր բացման խոսքն այսպես է սկսել ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը՝ ելույթ ունենալով Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպմանը, որը հոկտեմբերի 16-18-ը տեղի է ունենում Հայաստանում։
Հոկտեմբերի 16-ին, տեղի է ունեցել IUCN համայնքի հանդիպման բացման արարողությունը, որին ներկա են գտնվել տասնյակ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ Հայաստանի բնապահպանության ոլորտի, գիտական կառույցների և ՀԿ ներկայացուցիչներ։ Ներկաներից շատերը հանդես են եկել բացման խոսքով և ոգևորիչ ելույթներով, որոնց բոլորի հիմնական ուղերձը բնության պահպանության առաջնահերթությունն է։

ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթն ընդգծել է՝ թեպետ մեր բնաշխարհն անզուգական բնական գեղեցկության կրողն է, այնուամենայնիվ մարդիկ միշտ չէ, որ գնահատում են այն։ «Մենք բոլորս գիտենք, որ այս գեղեցկությունը անսահման չէ։ Մենք նաև գիտենք, որ մեր առջև ծառացած մարտահրավերները հսկայական են՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, աճելավայրերի ոչնչացում, աղտոտվածություն, պատերազմ: Այս մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից»,- եզրափակել է նա:Բացման ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ով հատուկ կարևորել է Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը՝ ասելով. «Համաժողովը լավ առիթ է խոսելու բնության և կենսաբազմազանության պահպանության մասին, այդ թվում՝ Հայաստանի։ Հատուկ ընդգծեմ, որ Հայաստանն իր կենսաբազմազանությամբ հարուստ երկիր է, ինչի հետևանքով թե՛ Կառավարությունը, թե՛ հասարակական սեկտորը մեծ պարտավորություն ունեն այն պահպանելու։ Մենք հիմա իրավական կարգավորումների, կառուցվածքային բարեփոխումների, մասնագիտական կարողությունների զարգացման իմաստով նախաձեռնողական քաղաքականություն ենք վարում»։ԲՊՄՄ Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի միջտարածաշրջանային կոմիտեի (ICENCA) համանախագահ Քրիս Մեհոնը խոսել է համաժողովի հիմնական նպատակի մասին՝ ասելով. «Սա առաջին այսպիսի հանդիպումն է, երբ հավաքվում է IUCN համայնքը մեզ համար կարևոր տարածաշրջանում։ Այս հանդիպման հիմնական նպատակը ֆիզիկապես միասին հավաքվելն է և ցուցադրելը, որ IUCN-ը մեծ ընտանիք է, համայնք, որի անդամները պատրաստ են սատարել միմյանց»։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանն իր խոսքում ասել է. «Որպես Բնության պահպանության միջազգային միության անդամ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համար պատիվ է կանգնել մեր մոլորակի պահպանման ընդհանուր գործին նվիրված ԲՊՄՄ անդամ կազմակերպությունների, պետական կառույցների և անհատների կողքին: Բնության պահպանության տիրույթում մեր առաքելությունը քաղաքական, մշակութային և աշխարհագրական սահմաններից անդին է, այն ուղղված է ապագայի համար ընդհանուր տեսլական ստեղծելուն և իրագործելուն»:

Ռուբեն Խաչատրյանը՝ խոսելով Հայաստանի և ողջ աշխարհի համար դժվարին այս ժամանակահատվածի մասին, նշել է. «Այն բնորոշող հիմնական իրողություններից մեկը, ցավոք, հումանիտար ճգնաժամն է, մեր մոլորակի խնդիրների լուծման կարևորագույն գրավականներից է միջազգային կառուցողական գործընկերությունը: Այս համատեքստում առավե՛լ եմ կարևորում եմ մեր այսօրվա միջազգային հանդիպումը»։

Համաժողովը շարունակվելու է հոկտեմբերի 17-18-ը։ Այս ընթացքում շարունակվելու են քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից կլսեն IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։

ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ.-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄ-ն կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031