Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի դեպքում գործել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դավադրությունն ընդդեմ Հայաստանի»

Հոկտեմբեր 17,2023 11:38

Իրանական հայտնի «Ֆարարու» վերլուծական տեղեկատվական կայքը պարսկերենով հրապարակել է իրանցի քաղաքական վերլուծաբան, Թեհրանի Սոցիալական և մշակութային ուսումնասիրությունների ինստիտուտի՝ քաղաքականության փիլիսոփայության դոկտոր Նոժան Էթեզադոլսալթանեհի հարցազրույցը Մամուլի ազգային ակումբի նախագահ, ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս Նարինե Մկրտչյանի հետ։

Հարցազրույցի հայերեն տարբերակը՝ Ն. Մկրտչյանի թարգմանությամբ. 

Լեռնային Ղարաբաղի դեպքում գործել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դավադրությունն ընդդեմ Հայաստանի

 «Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն անխուսափելիորեն փոխվելու է։ Հարավային Կովկասը մշտապես ռուսական ազդեցության և շահերի գերիշխանության տիրույթում էր։ Հիմա արդեն այդպես չէ, անգամ Հայաստանն է թոթափել ռուսական գերիշխանությունը։

Հայաստանը վաղուց պետք է արևմտյան քաղաքականության, քաղաքակրթության ճանապարհ դուրս գար։ Մենք ուշացել ենք 30 տարի։ Ամերիկյան գործոնը տարածաշրջանում անխուսափելիորեն աճելու է։ Բայց վստահ չեմ, թե ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընկալում է, որ ԱՄՆ դերակատարումն արագորեն աճելու է», -ասում է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ «Ֆարարու»-ին տված հարցազրույցում

«Ֆարարու» – Ստեփանակերտ մտնելիս յուրաքանչյուր ճանապարհորդի գրավում է այս փոքրիկ քաղաքի անդորրը, ինչպես խաղաղությունը, որը հոսում է ողջ Հայաստանով, ինչպես ինքնահռչակ Արցախի Հանրապետության անունը, որ խորհրդանշում է Հայաստանի անկախությունը և նշանակում է «խաղողի այգի»՝ ոգեշնչված այդ շրջանի խաղողի այգիներով։ Սա այդ տարածքի պատմությունն էր։ Վերջին շաբաթների ընթացքում, ադրբեջանական զինուժի հարձակումից հետո, Լեռնային Ղարաբաղի այդ շրջանում խաղողի վազերի հետք արդեն չկա։

Այսօր Ստեփանակերտը անմարդաբնակ հայաթափված քաղաք է՝ այդ տարածքում ապրող ավելի քան 120 հազար հայերի բռնագաղթի հետևանքով։ Գուցե հայտնի հայ բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի այս բանաստեղծությունը նկարագրի Լեռնային Ղարաբաղի այդ օրերը

«Հայրենիք,
Քո անցյալի
Եվ այսօրվա
Էջերի արանքում
Պիտի Արցախի դաշտերից
Մի ծաղիկ դնեինք,
Բայց տղերքի
Ծաղիկ կյանքը դրվեց…»։

Նարինե Մկրտչյանը՝ Հայաստանի Մամուլի ազգային ակումբի նախագահը և փորձառու լրագրողը, հասարակական-քաղաքական վերլուծաբանը․ նրա հետևում 30 տարվա լրագրողական գործունեությունն է՝ քաղաքական վերլուծության և կանխատեսումների ոլորտում, «Ֆարարու»-ին տված հարցազրույցում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում, ինքնահռչակ Արցախի Հանրապետության կազմաքանդմանը և հետևանքներին, Հայաստանի ներկայի և ապագա զարգացման վրա այդ ամենի ազդեցությանը և հետևանքներին։

Նարինե Մկրտչյանը եղել է հայաստանյան հայտնի թերթերի լրագրող, այդ թվում և՝ «Հայկական ժամանակի», որի նախկին խմբագիրը Նիկոլ Փաշինյանն էր՝ ներկայիս ՀՀ վարչապետը, ինչպես նաև հոդվածներ է հրապարակել «Հայաստանի Հանրապետություն» թերթում և աշխատել է «Ազգ» թերթում։ Երկար տարիներ Նարինե Մկրտչյանը եղել է խորհրդարանական լրագրող, 1999թ․ առաջադրվել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր։ Այս տարի նա հրատարակել է իր գիրքը՝ «Ամերիկյան գործոնը Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարության աջակցման գործընթացներում»։ Այժմ նա ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս է։

«Ֆարարու» – Չնայած եվրոպական երկրներում հայկական ուժեղ լոբբիին, ինչո՞ւ եվրոպական պետությունների կառավարությունների մեծ մասը լռեցին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության լուծարմանը տանող զարգացումների մասին։ Արդյո՞ք այդ լռության պատճառը նրանց կախվածությունն է ադրբեջանական գազից։

 Նարինե Մկրտչյան – Սա հին եվրոպական հիվանդություն է․ անտեսել վտանգը, քանի դեռ այն չի հարվածել Եվրոպային։ Պատմությունը հիշեցնում է, որ դեռևս 13-րդ դարում Օսմանյան կայսրության ձևավորմամբ դեպի Եվրոպա թուրքական արշավանքների սկիզբը դրվեց, 1453թ․ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի անկմամբ թուրքերը գրվեցին Եվրոպայի մեծ մասը։ Եվ միայն 17-րդ դարում եվրոպական տերությունները սկսեցին միավորվել՝ ձևավորելով հակաթուրքական դաշինք և կարողացան միասնական պատերազմով ազատագրել եվրոպական տարածքները։ Ասել է թե՝ Եվրոպան վտանգը բավականին ուշ է զգում։ Այժմ էլ Եվրոպական Միությունը ադրբեջանաթուրքական վտանգն ամբողջությամբ չի զգում ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի, այլ հենց Եվրոպայի համար։ Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ իհարկե կան ԵՄ քաղաքական, տնտեսական շահեր, ուր Թուրքիան և Ադրբեջանը որոշակի տեղ են զբաղեցնում։ Սակայն ԵՄ քաղաքական շահերը և եվրոպական արժեքները պետք է համադրելի լինեն, իսկ երբ այդ շահերը և եվրոպական արժեքները հակադրվում են, ապա առանց երկմտելու պետք է ընտրել եվրոպական արժեքները՝ հիմնված եվրոպական հումանիզմի վրա։

Ըստ այդմ՝ ԵՄ-ն արագացված ընթացակարգով պետք է վերանայի Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը։ Մանավանդ, որ ցեղասպան և բռնակալ պետության՝ Ադրբեջանի և նրա ղեկավար Ալիևի արժեքները հակոտնյա են եվրոպական արժեքներին։

Երրորդ հանգամանքն այն է, որ հավաքական Արևմուտքը կենտրոնացել է ռուս-ուկրաինական պատերազմի վրա, և մյուս խնդիրները, այդ թվում և՝ Արցախի խնդիրը, պակաս կարևոր է համարում։ Սա սխալ մտայնություն է, քանի որ աշխարհաքաղաքականության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, և ոչինչ անհետևանք չի անցնում։

Չորրորդ հանգամանքն այն է, որ Երևանն իր մեղքի լուրջ բաժինն ունի Եվրոպայի ուշացած արձագանքի կամ լռության մեջ։ Հայաստանի նախկին և ներկա ղեկավարներն իրականացրել են միագիծ ռուսամետ քաղաքականություն՝ Մոսկվայի պարտադրանքով հեռանալով Եվրոպայից։ Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ Արևմուտքի հակառակորդ Ռուսաստանը Հայաստանի՝ իբր «ռազմավարական դաշնակիցն էր»։ Այս, և այլ հանգամանքներ էական դեր խաղացին Եվրոպայի սպասողականության և ուշացած արձագանքի համար։ Սակայն հայ ժողովուրդը մի ասացվածք ունի՝ «Լավ է ուշ, քան երբեք»։ Հուսանք՝ իրավիճակը կփոխվի, ողջ խնդիրն այն է, որ այսքան կորուստներից հետո։

 «Ֆարարու» – Բաքուն իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կարողացավ միավորներ վաստակել Արցախի դեմ պատերազմում։ Ինչո՞ւ Հայաստանը վերջին տարիներին չի ամրապնդել իր ռազմական դիրքերը նյութատեխնիկական, ռազմական տեխնոլոգիաների և ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով։

 Նարինե Մկրտչյան – 2010-2020թթ․ Ադրբեջանն Իսրայելից գնել է անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և ականանետների լայն տեսականի և դրանք օգտագործել 2020թ․ պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի հետ Իսրայելը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն էր։ Ըստ Haaretz-ի (2023թ․, մարտ) ադրբեջանական ավիաընկերությունների թռիչքների թիվը Բաքվի և Օվդա ավիաբազայի միջև՝ Իսրայելի միակ օդանավակայանը, որով կարելի է պայթուցիկներ տեղափոխել, կտրուկ աճել է մի քանի ամսվա ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից անմիջապես առաջ։ Սա պետք է խորքային վերլուծության ենթարկի Իսրայելի ժողովուրդը, և հաշիվ պահանջի իշխանություններից, քանի որ ժողովուրդը պետք է պարտադրի փոխե՛լ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի խնդիրները ոչ միայն չեն նվազել, այլև կտրուկ աճել են։ Պաշտոնական Երևանը և Հայաստանի հանրության զգալի մասը տարիներ շարունակ Ռուսաստանին են համարել ՀՀ անվտանգության երաշխավորը՝ վկայակոչելով նաև 1997թ․ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը։ Թեպետ իրողությունները վկայում էին, որ Ռուսաստանը ոչ միայն ՀՀ ռազմավարական դաշնակից չէր, այլ տարիների ընթացքում վերածվում է ռազմավարական հակառակորդի։ Օտար պետությանն ապավինելու այս վարքագիծն է նաև պատճառ հանդիսացել, որ Հայաստանն արագորեն և հիմնովին չի վերազինել իր ռազմատեխնիկան։ Ռուսաստանը Հայաստանին զենքի գնումներն ուշացնում էր, Հայաստանը նաև այլ պետություններից զենքի գնման դիվերսիֆիկացնելու որոշակի սահմանափակումներ ուներ։ Այդ հարցերը արագորեն պետք է լուծվեին թե՛ մինչև պատերազմը, թե՛ հատկապես պատերազմից հետո։ Գուցե ինչ-ինչ քայլեր արվել են, սակայն մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀՀ ռազմականության ամրապնդման գործը ձախողել է։

«Ֆարարու» – Ինչո՞ւ Ալիևն այս պահին որոշեց հարձակվել Արցախի վրա։ Արդյո՞ք Ուկրաինայի պատերազմն ազդեց այդ որոշման վրա, թե՞ որոշումը կայացվել է Թուրքիայի թելադրանքով։ 

Նարինե Մկրտչյան – Ոչ միայն Թուրքիայի։ Այստեղ, ինչպես 2020 թվականին, գործել է ռուս-ադրբեջանաթուրքական դավադրությունն ընդդեմ Հայաստանի։ Այս վտանգավոր եռյակի շահերը համընկնում էին Հայաստանը մասնատելու և Արցախը գրավելու առումով։ Մենք գիտեինք, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեր թշնամիներն են, իսկ Ռուսաստանին համարում էինք մեր բարեկամն ու դաշնակիցը։ Բացի այդ, Ալիևին թվում է, թե Ադրբեջանը հաղթել է և կարող է անարգել առաջ ընթանալ։ Մանավանդ, որ ուներ Թուրքիայի համագործակցությունը և Ռուսաստանի՝ Հայաստանին դավաճանությունը։ Մի օր Ալիևի այս խելացնոր քաղաքականությունն էլ կավարտվի, ինչպես Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ էլչիբեյի պանթուրքիստական մտայնություններն ավարտվեցին և տեսանք, թե ինչ ճակատագրի նա արժանացավ։

Պուտինը Հայաստանի hանդեպ դավադրության մեղսակից է, ոչ միայն սադրիչը։ Նա ԽՍՀՄ նախկին հանրապետություններից ամբողջական հպատակություն է պահանջում, և արդյունքում կորցնում է այդ պետություններին որպես գործընկեր ու դաշնակից՝ արժանանալով այդ ժողովուրդների ատելությանը։ Պուտինը Հայաստանի և Արցախի հանդեպ այդ ծրագիրն ուզում էր իրականացնել դեռ 2016-ին․ այդ ժամանակ դա ձախողվեց, իսկ Հայաստանում շատերը սկսեցին հասկանալ, որ 2016, 2020թթ․ պատերազմը և 2023թ․ սեպտեմբերի ադրբեջանական հարձակումը սադրել է Մոսկվան։

Պատմությունը կրկնվում է։ 1921թ․ մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իսկ այսօր այն, ինչ անում է Պուտինը, դեմ է ոչ միայն հայ ժողովրդի շահերին, այլև հենց Ռուսաստանի։ Ռուսաստանն անվերադարձ կորցրեց Հայաստանը, անգամ եթե նրա ռազմական հենակետերը չհեռանան Հայաստանից։

«Ֆարարու» – Սոցիալական և տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենա արցախահայերի բռնագաղթը Երևանի համար։ Միաժամանակ, ականատես ենք ուկրաինական պատերազմից փախած ռուս տղամարդկանց Երևան գաղթին։ Արդյո՞ք արցախահայերի հետ նրանց միաժամանակյա գաղթը ճգնաժամ կառաջացնի Հայաստանում։

Նարինե Մկրտչյան – Հայաստանի ժողովուրդն այնպիսի հրաշալի հատկություններ դրսևորեց այդ տեղահանության ընթացքում, որ գուցե ավելի խաղաղ ժամանակներում մենք դրա մասին չիմանայինք։ Հայաստանցիներն իրենց տներն ամբողջությամբ տալիս են արցախցիներին՝ այնտեղ բնակվելու համար, փորձում են օգնել ինչով կարող են։ Պետությունն էլ, կարծում եմ, հնարավորն անում է։ Արցախցիները մեր հարազատներն են, մենք նույն ժողովրդի զավակներն ենք, և Հայաստանում ամեն ինչ անում են, որ նրանք իրենց զգան, ինչպես տանը։ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Դժվարություններ կլինեն, իհարկե, սակայն դրանք հնարավոր է հաղթահարել։ Ինչպես հայ ժողովրդական ասացվածքն է ասում՝ «Տեղներս նեղ է, սրտներս՝ լայն»։

Բացի այդ, ես լիահույս եմ, արցախցիները դեռ կվերադառնան իրենց տները։ Այսօր նրանք մազապուրծ են եղել ցեղասպանությունից, և վերադարձը վտանգավոր է, բայց դրա ժամանակն էլ կգա։ Արցախը չի կարող դառնալ երկրորդ Նախիջևան, որտեղ ոչ մի հայ չի մնացել։ Ադրբեջանի նպատակը ցեղասպանությամբ հայկական տարածքը հայաթափելն էր։

Ադրբեջան պետությունը ստեղծվել է արհեստականորեն, այլ ժողովուրդների տարածքների հաշվին։ Նրանց պատերազմը զավթողական է եղել։ Փնտրեք պատմության դասագրքերում Ադրբեջան պետություն 1918 թվականից առաջ և չեք գտնի։

«Ֆարարու» – Արցախի համար ստեղծված իրավիճակով հավանական համարո՞ւմ եք, որ Փաշինյանն ու իր կուսակցությունը կպարտվեն հաջորդ ընտրություններում։ Որքա՞ն են Քոչարյանի՝ հաջողության հասնելու և հանրային ձայներ շահելու շանսերը։ Որքանո՞վ է Հայաստանի ներկայիս ընդդիմությունը կարողանում ներգրավել համաժողովրդական ձայներ։

Նարինե Մկրտչյան – Փաշինյանին միշտ ձեռնտու է եղել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լինեն իր քաղաքական հակառակորդները, քանի որ այդ դեպքում իշխանությունը պահելու՝ Փաշինյանի հնարավորությունը պահպանում էր, քանի որ հանրության մեծ մասը մերժում էր Քոչարյանին և Սարգսյանին։ Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, սակայն Քոչարյանի վերադարձը իշխանություն գրեթե անհավանական է, իսկ Փաշինյանի պարտությունը ընտրություններում՝ անխուսափելի։ Հայաստանը ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ռեսուրս ունի ծախսելու այս գործիչներին իշխանության բերելու կամ իշխանության պահելու համար։

 «Ֆարարու» – Արդյո՞ք ապագայում Արցախում հայկական ուժերի պարտիզանական և կիսառազմական ապստամբությունների հավանականություն կա ադրբեջանական զինուժի դեմ, ինչպես 1990-ականներին էր:

 Նարինե Մկրտչյան – Պատերազմները մղում են պետությունները։ Ուժերի հարաբերակցությունը կփոխվի․ դրա համար է Բաքուն շտապում։ Հայ ժողովուրդը խաղաղասեր ժողովուրդ է, սակայն չի վախենում պատերազմից։ Հայ ժողովուրդը երբե՛ք չի հաշտվի Արցախի կորստի հետ։ Բաքվում դա լավ գիտեն։

«Ֆարարու» – Ի՞նչ եք կարծում, Ալիևն իր պանթուրքիստական ​​ու հավակնոտ նպատակներով ավելի առա՞ջ կգնա և ուղղակիորեն կհարձակվի՞ Հայաստանի տարածքի վրա։

Նարինե Մկրտչյան – Կարող է և հարձակվել՝ հաշվի առնելով նրա անհավասարակշիռ և խելացնոր վարքը։ Եթե պետության ղեկավարը Հունգարիայում քնած հայ զինվորին կացնահարող ադրբեջանցուն բարձրագույն զինվորական կոչում է տալիս, նշանակում է նա մնացել է միջնադարյան վայրագության ժամանակներում։ Պատերազմը բացառելու համար միջազգային զսպման մեխանիզմները, անվտանգության համակարգերը պետք է ողջ հզորությամբ գործի դրվեն։ Եթե դա չարվի, ապա հայ ժողովուրդն ինքնապաշտպանության և իր հայրենիքը պաշտպանելու իրավունք ունի։

«Ֆարարու» – Կարո՞ղ է Հայաստանը հեռանալ Ռուսաստանից և մերձենալ Արևմուտքի, հատկապես՝ Ամերիկայի հետ։ Որո՞նք են հնարավոր խոչընդոտները այս ճանապարհին:

Նարինե Մկրտչյան – Պուտինը Հայաստանի և Ռուսաստանի միջև սեպ խրեց։ Եվ այդ սեպը ավելի ու ավելի է մեծացնելու ճեղքն ու բաժանումը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղեգիծը շատ անհստակ է և հեղհեղուկ։ Նա ո՛չ հստակ քաղաքական ուղեգիծ ունի, ո՛չ էլ մանևրել է կարողանում։ Սակայն Հայաստանում անգամ «հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի ջատագովներն են իջեցրել ռուսական դրոշները։ Տարածարշրջանում ուժերի հարաբերակցությունն անխուսափելիորեն փոխվելու է։ Հարավային Կովկասը մշտապես ռուսական ազդեցության և շահերի գերիշխանության տիրույթում էր։ Հիմա արդեն այդպես չէ, անգամ Հայաստանն է թոթափել ռուսական գերիշխանությունը։

Հայաստանը վաղուց պետք է արևմտյան քաղաքականության, քաղաքակրթության ճանապարհ դուրս գար։ Մենք ուշացել ենք 30 տարի։ Ամերիկյան գործոնը տարածաշրջանում անխուսափելիորեն աճելու է։ Բայց վստահ չեմ, թե ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընկալում է, որ ԱՄՆ դերակատարումն արագորեն աճելու է։

Միաժամանակ, Հայաստանը պետք է վարի ինքնիշխան, ինքնուրույն քաղաքականություն, ձեռք բերի դաշնակիցներ։ Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Եվրամիությունը պետք է դառնան Հայաստանի Հանրապետության կարևոր դաշնակիցներն ու գործընկերները։

«Ֆարարու» – Ի՞նչ եք կարծում, Ամերիկայի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը կազդի՞ Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների վրա։

 Նարինե Մկրտչյան – Յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է նախևառաջ իր ազգային-պետական շահերով և հետաքրքրություններով, որոնք կարող են և փոխվել։ Իրանի հետ Հայաստանը միշտ հատուկ հարաբերություններ է ունեցել։ Ցավոք, վերջերս իրանական կողմի որոշ հայտարարություններ չեն տեղավորվում այդ հատուկ հարաբերությունների համատեքստում։

Գործընկերային հարաբերությունները ստեղծվում են տարիների ընթացքում, սակայն նման հայտարարությունները լրջորեն ստվերում են նախորդ ջանքերը։ Թեհրանը պետք է նկատի ունենա, որ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր՝ սովամահության, շրջափակմամբ հայաթափել հայրենիքը։ Իրանը, իհարկե, կարող է Ադրբեջանի հետ իր հատուկ հարաբերությունները կառուցել, սակայն եթե Հայաստանի և հայ ժողովրդի դժբախտության հաշվին են նման հարաբերությունները կառուցվում, ապա դա վտանգում է Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը։

Հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմամբ Հայաստանն Իրանի դեմ պատ չի կառուցում, բայց ցանկալի է, որ իշխանությունները զգույշ մնան նմանօրինակ հայտարարություններ անելուց, մանավանդ, որ հայտարարություններով նաև քաղաքականություն կարող են կերտել։

Լիահույս եմ, որ թե՛ Երևանում, թե՛ Թեհրանում գիտակցում են, որ հայ-իրանական հարաբերություններում քաղաքական բառապաշարը պետք է զգուշորեն ընտրել։

«Ֆարարու» – Հայաստանի և Ամերիկայի համատեղ զորավարժության հայտարարությունը կփոխե՞ն Պուտինի հաշվարկները. Հնարավոր համարո՞ւմ եք Պուտինի փորձը՝ Հայաստանում հեղաշրջում իրականացնել Փաշինյանի կառավարության դեմ և նույնիսկ ռազմական միջամտություն, եթե Երևանը մոտենա Արևմուտքին։

Նարինե Մկրտչյան – Զորավարժությունների առումով Մոսկվայի ջղաձիգ արձագանքը սպասելի էր։ Հայաստանում միշտ մտածել են, որ Մոսկվային չզայրացնենք։ Սակայն քաղաքականության մեջ մյուս կողմի խելագարության կանխավարկածով չեն առաջնորդվում։ Ինչ վերաբարում է հեղաշրջմանը կամ իշխանափոխությանը, ենթադրում եմ, որ Մոսկվան դա փորձել է ոչ միայն մեկ անգամ։

Որքան էլ ինձ համար անընդունելի է Փաշինյանի պաշտոնավարումը, ես դեմ եմ, որ Մոսկվան հայ ժողովրդի փոխարեն որոշում կայացնի, և Կրեմլը Հայաստանում իշխանափոխություն իրականացնի։ Իշխանություն ձևավորելը և փոխելը մեր՝ ՀՀ քաղաքացիներիս, իրավունքն է։

Հարցազրույցը՝ Նոժան Էթեզադոլսալթանեհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031