Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթեւիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթեւ Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթեւ Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են՝ իշխանությունների դեմ, փողոց դուրս գալու կոչերը, որոնք Քննչական կոմիտեն դիտարկել է որպես բռնության կոչ:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն առհասարակ ընդունելի չէ: Նրա խոսքով` քաղաքացին պետք է կալանավորվի միայն ծայրահեղ դեպքերում, ինչ վերաբերում է կին ակտիվիստին կալանավորելուն եւ կալանավայրում նրա առողջական վիճակի վատթարացմանը, ապա, իրավապաշտպանի խոսքով, ահազանգ ստացել են փաստաբանից, առաջիկայում այցելելու են կալանավայր եւ եզրակացություն կազմեն.
«Տաթեւ Արցախի փաստաբանը դիմել է ինձ, պատրաստվում ենք այց կատարել: Այց կատարելուց հետո առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ենք վերցնելու, բժշկական փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, որից հետո պատրաստելու ենք գրություն՝ առողջապահության եւ արդարադատության նախարարության համար, բայց քանի դեռ չենք դիտարկել, չենք էլ կարող ինչ-որ հստակ բան ասել»:
Զարուհի Հովհաննիսյանը չի հիշում նման դեպք, երբ գրառում անելու կամ ռեպլիկ թողնելու համար կին ակտիվիստ կալանավորվի։ «Նման դեպք չեմ մտաբերում: Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է: Առհասարակ, մարդուն ազատությունից զրկելը չի կարելի ընդունելի համարել: Դա վերջին բանն է, որ կարելի է անել քաղաքացու նկատմամբ: Կան տարբեր միջոցներ, ստորագրություն՝ երկրից չհեռանալու պահանջով, գրավ, տնային կալանք եւ այլն: Ցանկացած երկրում, երբ ազատազրկումն է ամենատարածված խափանման միջոցը, դա արվում է պատժելու, նաեւ՝ հասարակությանն ինչ-որ բան ցուցադրելու համար: Ավելի կոնկրետ` ուզում են ցույց տալ, որ քաղաքացին կարող է իր կեցվածքի համար կալանավորվել»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: