Իշխանությունն անընդմեջ խոսում է տարածքային ամբողջականության, անկախության և պետականության պահպանման մասին: Սա ենթադրում է, որ իրական վտանգ կա՞: «Այո, այդպիսի վտանգ կա: Կարող ենք կորցնել Հայաստանի հարավը՝ Սյունիքը, իսկ Հայաստանի մնացած մասը, եթե մեր բախտը բերի, մտնի այլ պետության, օրինակ՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի կազմի մեջ: Սա ռեալ վտանգ է: Այս խումբն ինչ ասում է, հաջորդ օրը ճիշտ հակառակն է լինում: Այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ խոսելիս չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում: Մյուս կողմից՝ զարմանալի չէ, քանի որ որևէ պատրաստություն չունեն: Տարածքային ամբողջականությունն ապահովվում է՝ ունենալով ուժեղ պետություն՝ ուժեղ բանակ, տնտեսություն, տեխնոլոգիաներ, իհարկե, դաշնակիցներ: Այդ բոլոր ոլորտներում նրանք ամեն ինչ տապալեցին, չկարողացան որևէ բան անել: Անգամ տնտեսական աճը, որով այդքան հպարտանում են, մեծամասամբ բացատրվում է Ուկրաինայի պատերազմով և Հայաստան ռելոկանտների ժամանելով: Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում: Սա տարօրինակ իրավիճակ է, որևէ ուրիշ երկրում նման բան չէի տեսել, չեմ կարծում, որ կտեսնենք»,-ընդգծում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
Ստացվում է, որ ռազմական հնարավոր ագրեսիայի դեպքում միջազգային հանրությունը միայն զսպվածության ու ռազմական գործողությունները դադարեցնելու կո՞չ կանի: Զրուցակիցն այս համատեքստում առաջարկում է նայել վերջին երեք տարվա փորձը: «2020 թ.-ին պատերազմ էր, ոչինչ չարվեց, միայն հայտարարություններ հնչեցին: Տեսանք անգամ էթնիկ զտում, նման բան չէր եղել մեր պատմության վերջին հարյուր տարվա ընթացքում: 120 հազար մարդ ենթարկվեց էթնիկ զտման, և աշխարհն անգամ պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի դեմ: Դրանից ավելի վառ փաստարկ կամ ապացույց պե՞տք է: Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ որ սեկտա է գործում և մեզ տանում դեպի կործանում»,-շեշտում է նա:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում