Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է բարձրացնում ատելության դրոշը

Հոկտեմբեր 17,2023 10:00

Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումն, իհարկե, ցավալի իրադարձություն է: Բայց դա Փաշինյանի եւ նրա թիմի 5 տարվա քաղաքականության տրամաբանական հանգրվանն է (ցավոք, չեմ կարող ասել՝ ավարտը): Վիրտուալ առումով այդ դրոշը բարձրացել էր դեռեւս Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերին, եւ բարձրացնողը Հայաստանի վարչապետն էր, որը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ: Փաշինյանի՝ դրան նախորդող ու հաջորդող քայլերը, որոնք, ըստ ամենայնի, համաձայնեցված էին Պուտինի եւ Ալիեւի հետ, նույնպես նպաստել են կիրակի օրը Ստեփանակերտում տեղի ունեցածին:

Բայց դա ողբերգության միայն մի մասն է: Ավելի ողբերգական եւ երկարատեւ հետեւանքներ կունենա այն թույնը, որն ամեն օր ու ամեն րոպե ներարկվում է մեր հասարակության մեջ: Առերևույթ այդ ատելության թիրախն արցախցիներն են, ԼՂՀ-ի նախկին ղեկավարները կամ պատգամավորները: Չգիտեմ, եղե՞լ է արդյոք մեր պատմության մեջ մի դեպք, երբ թշնամու գերության մեջ գտնվող եւ խոշտանգվելու ու սպանվելու վտանգի առաջ կանգնած հայ նախարարների նկատմամբ Հայաստանի իշխանությունը բորբոքեր նույն ատելությունը, որը քարոզվում է թշնամու երկրում: Դա ֆենոմեն է, որը պետք է արձանագրվի հետագա սերունդների համար:

Նույնը՝ պատմության դասագրքերը, որոնցից պետք է վերանա Արցախի՝ հայկական լինելու մասին հիշատակումը: Չեմ զարմանա, եթե առավել «առաջադեմ» պատմաբանները շուտով պնդեն, որ Մեսրոպ Մաշտոցն ուսուցանում էր ադրբեջանական Ամարաս վանքում:

Բայց այդ ամենը մակերեսի վրա է: Խորքային թիրախը հայկականությունն է, ազգային արժանապատվությունը, հայկական պետականություն ունենալու մեր իրավունքը: Այն, որ այդպիսի քարոզը մարսվում է հասարակության կողմից՝ այ, դա՛ է ամբողջական ողբերգությունը:

…Ադրբեջանական դրոշը ծածանվում է ոչ միայն Ստեփանակերտում: Այն ծածանվում է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքում, որը թշնամուն է հանձնել Հայաստանի ներկայիս իշխանությունը: Այդ իշխանությունը շարունակվելու դեպքում նույն դրոշը կարող է ծածանվել հայաստանյան ցանկացած բնակավայրում: Բա հո էսկալացիայի չե՞ն գնա դրա պատճառով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ծովի քոչվորների եւ ցամաքի քոչվորների հոգեբանությունների միջեւ կա քոչվորին հատուկ ընդհանրություն՝ երկուսն էլ բնիկներին փորձում են ձրի կաշառել եւ եթե բնիկներն ընդունում են այդ ձրի կաշառքը, այդ բնիկներին քոչվորները չեն ընկալում այլեւս որպես մարդ, այլ ընկալում են որպես անսկզբունք կենդանիներ, որոնց կարելի է եւ ոչնչացնել: Բայց եթե կաշառք չեն վերցնում, սրանց հարգում են որպես մարդ եւ ընկալում որպես արժանի մրցակից: Օրինակ, օլիգարխները, ընտրակաշառակերները ու ծախված նախագահվարչապետ ձրիակերները որտեղի՞ց ծլեցին, նրանց պարզապես քոչվորները կաշառեցին եւ քանի որ բնիկները չունենցան ազգի այդ հիվանդներին բուժելու միջոցներ՝ ծայրահեղ կաշառակերներին վերակենդանացման ու մնացածին՝ ամբուլատոր պայմաններում, այդ հիվանդությունը համավարակի տեսքով տարածվեց ազգի մեջ եւ այսօրվա մեր վիճակը ազգի ինքնամաքրման, ինքնաառողջացման շնորհքի պակասից է: Մարդ իր շանը սովորեցնում է, որ ուրիշի ձեռքից ուտելիք չվերցնի, թե չէ քո շունը կդառնա քո թշնամին, իսկ մենք օգտվում ենք քոչվորի կողմից կառավարվող փողային հոսքերից, այդ հոսքերի կուտակման կետերում նշանակելով ազգի ձրիակեր մեծահարուստներին: Մեր այսօրվա դժվարությունների մեղավորները քոչվորները չեն՝ սրանք ընդամենը մեր թշնամիներն են, որոնք բարեկամից էլ լավ ցույց են տալիս մեր թույլ կողմերը՝ մեր հիվանդությունները: Դե եկեք ուրիշի ձրի կերից հրաժարվենք եւ թույլ չտանք մեր ազգակիցներին կազյոլի վերածվեն, երբ ջուր խմեն կազյոլի ոտնահետքից: Ազնվականները հենց նրանք են, ովքեր կազյոլ չեն, իսկ մեր իշխանությունը ոչ թե ազնվականների, այլ կազյոլների իշխանություն է: Միայն մեր ազնվականներն իշխանությունում մեզ կփրկեն այսօրվա հիվանդ վիճակից: Ազնվականներ հայ ազգի, միացե՛ք:

  2. Հայկ համբարձումեան says:

    Նորէն, ճիշդ բաներ կը գրէք բայց տրամաբանական եզրակացութիւնը կամ կը զլանաք, կամ կ՝ամչնաք գրելու.

    այս ձեր գրութեան տրամաբանական շարունակութիւնն է՝
    «հայաստանի, հայութեան եւ հայկականութեան թշնամիներէն է նաեւ այս իշխանութիւնը.»

  3. Nimar says:

    Շատ հետաքրքիր է, բայց մի՞թե ծածանվող ռուսական դրոշը նույնքան տխուր ասոցիացիաներ չի առաջացնում: Այս հարցում չկան վրդովված մեկնաբանություններ, խոսակցություններ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և այլնի մասին։ Այն պահից, երբ մեր երկիրը փաստացի դարձավ Ռուսաստանի Դաշնության պրոտեկտորատ, ազգային հպարտության զգացումը հրաշքով մեծացավ՝ հասնելով գագաթնակետին։ Այս զարմանալի պարադոքսի հետևանքները այժմ ընկալվում են որպես իրականության և երևակայական գաղափարների ողբերգական դիսոնանս: Ակնհայտ է, որ
    նման հոգեկան տրավման ծանր է շատերի համար։ Բարեբախտաբար, ոչ բոլորի:
    Համաձայնվելով լինել պրոտեկտորատ՝ պետք է ընդունել, որ մետրոպոլիան ցանկացած պահի կարող է զիջել իր ոլորտը մեկ ուրիշին, եթե դա անհրաժեշտ է կամ ձեռնտու է իր համար: Եվ այդպես էլ եղավ։
    Արտաքին սահմանների պաշտպանությունից մինչև երկրի մուտքի անձնագրային հսկողություն, գործում է ՌԴ Անվտանգության
    դաշնային ծառայությունը։ Եվ միևնույն ժամանակ նման վիճակում գտնվող երկրի քաղաքացիները փիլիսոփայում են ազգային
    գաղափարների, պատմական իրավունքների և ինքնորոշման իրավունքի մասին։ Նրանք երևի այնքան են վարժվել դրան, որ դադարել են հասկանալ, թե որքան զվարճալի և անտեղի է դա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031