Արցախից բռնի տեղահանված Արևիկ Միքայելյանը, որն ամուսնու հետ ժամանակավորապես ապաստանել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի հյուրանոցներից մեկում, ոչ մի կերպ չի հաշտվում Արցախն այլևս չտեսնելու մտքի հետ։
Արցախի մասին խոսելիս՝ մարմինը դողում է, ամբողջ ընթացքում արտասվում է, ողբում, նյարդայնանում, հեռուստատեսությամբ դիտում է բախտակիցների պատմություններն ու զայրացած արձագանքում՝ ինչո՞ւ, ինչո՞ւ։
Նրա որդիները տուն են փնտրում, որպեսզի ծնողերին դուրս բերեն հյուրանոցից։
Արևիկ Միքայելյանը, սակայն, ասում է, որ տան վարձերը չափազանց թանկ են, երկու ամսվա վարձավճարը նախապես են պահանջում։
Կարդացեք նաև
Ընտանիքի անդամները Ստեփանակերտից դուրս գալուց հետո ապաստանել են Հայաստանի տարբեր վայրերում։ Նա անչափ մտահոգ է անորոշությունից, ասում է՝ դեռ 2020 թվականին Արցախից դուրս եկածներին տուն չեն տվել,ուր մնաց իրենց։
Նրա ընտանիքը Արցախում 54 տարի սպասել էր բնակարանամուտի, երկու տարի առաջ երազանքը կատարվեց, սակայն չկարողացան վայելել։
Նա Արցախը կորցնելու հարցում մեղավոր է համարում ՀՀ իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, որը, ըստ տիկնոջ, հայտարարեց, թե զրո կետից է սկսում։
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հարցն այնպես պետք է լուծվի, որ ընդունելի լինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինքը երկուսին մի կողմ դրեց, Ադրբեջանի հետ գործ արեց։ Սո՞ւտ եմ ասում»,- զայրանում է Արևիկ Միքայելյանը։
Ըստ նրա, 9 ամիս սոված-ծարավ են եղել․ շրջափակման ժամանակ մի գդալ շաքարավազ անգամ չի ճարվել, որ երեխաները քաղցր թեյ խմեին, հացը սև էր, ուտելու ոչ պիտանի։
«Նիկոլ, Թուրքիայում երկրաշարժ եղավ, օգնություն ուղարկեցիր, ցավակցություն հայտնեցիր, Ուկրաինային օգնություն ուղարկեցիր, իսկ հայի նկատմամբ որպես հայ ինչո՞ւ ես էդքան դաժան», -ասում է տիկինը։
Նա քննադատում է այն իշխանավորներին, որոնք հայտարարում են, թե արցախցիները չկարողացան լեզու գտնել ադրբեջանցիների հետ։
«Գայիք Արցախում ապրեիք, լեզու գտնեիք, տեսնեմ կկարողանայի՞նք»։
Արցախից բռնի տեղահանված մեկ այլ տարեց կին էլ՝ Վերա Հակոբջանյանը, միջամտելով մեր խոսակցությանը, նշում է՝ Արցախում կմնան այն հայերը, որոնք տեր-տիրական չունեն, նրանց տեղափոխող չի լինի, նրանք ուզեն, թե չուզեն մնալու են։
Նրա ընտանիքը 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ ականատես է եղել,թե ինչպիսի դաժանությամբ է թշնամին վարվել․ սպանել, կտոր-կտոր է արել մարդկանց, իրենք ստիպված դուրս են եկել իրենց բնակավայրից՝ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից։ Նա հինգ զավակ ունի, որից մեկը զոհվել է պատերազմում։
«Ոչ մի անգամ չհավատաք, որ Ադրբեջանի կազմում ադրբեջանցին հային թողնի սաղ մնալ։ Մանկապարտեզում անգամ խոսում են,թե հայ ազգը քո թշնամին է»,- ասում է Վերա Հակոբջանյանը։
Տարեց այս կինն էլ չգիտի՝ ուր պիտի գնա բնակության։
Արևիկ Միքայելյանն էլ, շարունակելով զրույցը, նշում է․ «2022 թվականի հոկտեմբերի 10-ին, թե քանիսին, ասում է՝ ես ճանաչել եմ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ու ասում է ՝ 86 600 քառակուսի կմ․, բայց դու ո՞վ ես, որ ճանաչես, ղարաբաղցիները քեզ մանդատ չեն տվել, ձայն չեն տվել։ Ինքն էլ իր բերանով սա ասում է, համ ասում է, համ Ղարաբաղի հարցը լուծում է, ո՞նց ես լուծում․․․ Արցախը հանձնեցիր, ջանդ դինջացա՞վ»։
Նա վստահ է, եթե իրենք մնային Արցախում, կլիներ նույնի կրկնությունը, ինչ եղավ Բաքվում, Սումգայիթում։
«Մարդասպանի հետ ո՞նց ապրես, երկու երեխայի էն օրը թաղեցին»,- ասում է Արևիկ Միքայելյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ