Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,888 երեխա

Հոկտեմբեր 16,2023 18:40

Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ շարունակվում է միանվագ 100 000 դրամ աջակցության տրամադրման գործընթացը: Նա ևս մեկ անգամ հորդորել է՝ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո ինքնաշխատ եղանակով կստանան այդ գումարը:

«Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը: Եթե դուք, այնուամենայնիվ, այս գործընթացը բաց եք թողել, ապա կարող եք դեռևս՝ մինչև հոկտեմբերի 24-ը, դիմել կամ համայնքապետարաններ կամ վարչական կենտրոններ, որտեղ Ձեր հաշվառման գործընթացը կիրականացվի: Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Կառավարության որոշման համապատասխան հավելվածով՝ մինչև դեկտեմբերի 1-ը, եթե ինչ-որ մերժում է եղել կամ ինչ-որ խնդիրներ են առաջացել միանվագ գումարների վճարման ընթացքում, դուք կարող եք e-request.am կայքին էլեկտրոնային դիմում ուղարկել և ձեզ կպատասխանեն»,- ասել է Վարչապետի մամուլի քարտուղարը:

Նշվել է նաև, որ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 198 է: Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: 19 պացիենտ է իրենց բուժումը ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 28.861 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Մոբիլ թիմերի կողմից զննվել է 604 արցախցի:

ԿԳՄՍ նախարարությունից տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 13,888 երեխա, այդ թվում՝ Երևան՝ 4363, Կոտայքի մարզ՝ 2408, Արարատ՝ 1929, Արմավիր՝ 1227, Լոռի՝ 820, Գեղարքունիք՝ 676, Արագածոտն՝ 622, Շիրակ՝ 576, Սյունիք՝ 554, Տավուշ՝ 423, Վայոց ձոր՝ 290: Տեղեկացվել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը գործարկելու է ուսուցիչների գրանցման էլեկտրոնային հարթակը:

Նազելի Բաղդասարյանը նշել է նաև, որ այս գործընթացներին զուգահեռ շարունակվում է զբաղվածության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը: Որոշ ծրագրեր իրականացվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ինչպես նշել է փոխնախարար Արման Խոջոյանը, հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են գյուղատնտեսության ոլորտում գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ներկայացվել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները, քննարկվել է գործարարներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գործարարներ, որոնք հանդես են եկել առաջարկություններով:

Ըստ փոխնախարարի՝ մասնակիցները կարևորել են հատկապես կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը: Արման Խոջոյանը նշել է, որ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և նպատակային, որոնք մշակվել են շահառուների կարիքների գնահատման արդյունքում: «Օգտագործելով այս հարթակը նաև ուզում եմ դիմել ՀՀ-ում գործող կազմակերպություններին, որոնք ցանկանում են համագործակցության տեղեկություններ առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում այդ գործընթացները համակարգելու, մշակելու և առաջարկությունները շահառուներին ներկայացնելու»,-ասել է Արման Խոջոյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում վեր են հանվել բոլոր  խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ, որոնց հիման վրա ծրագրերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և կմշակվեն ծրագրերից օգտվելու առավել շահավետ պայմաններ. «Ծրագրերը հիմնականում միտված են գյուղատնտեսության զարգացմանը, և մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն մեր կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ»:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031