Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ներկայիս իշխանությունը անհրաժեշտ հոգածություն չի ցուցաբերում քաղաքացիների խնդիրներին»․ Ռաֆայել Մարտիրոսյան

Հոկտեմբեր 16,2023 17:51

«Արցախի ներկայիս իշխանության անցած ճանապարհը միանգամայն անփառունակ է։ Այնուամենայնիվ, դա են վկայում այսօրվա իրողությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ պարզաբանելով, թե ինչու է Արցախի իշխանությունների վերաբերյալ քննադատական գրառում կատարել։ Նա մասնավորապես գրել էր․«Եթե Արցախի իշխանությունը անհոգ է իր ժողովրդի նկատմամբ, այդ իշխանությանը պետք է ռադ անել»։

Ռաֆայել Մարտիրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Փաստաբանի վստահեցմամբ՝ այս իշխանությունները, գտնվելով ՀՀ տարածքում, անհրաժեշտ ջանքեր ու հոգածություն չեն դրսևորում Արցախի բնակիչների խնդիրների լուծման համար․ «Որպես փաստաբաններ՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում մեզ իրենց իրավունքներն իրացնելու գործով։ Այդ գործառույթը, որ պետք է իրականացնի պետական մարմինը, իրականացնում են փաստաբանները։ Դա խոսում է այն մասին, որ իշխանությունն անհրաժեշտ հոգածություն չի ցուցաբերում»։

Ըստ փաստաբանի՝ Արցախի իշխանությունները նաև տարհանման գործընթացում են իր բնորոշմամբ՝ հանցավոր գործունեություն դրսևորել․ «Ինչպես մեզ հայտնի է, գոյություն ունի տարհանման պլան, և այդ պլանի համաձայն՝ պետք է քաղաքացիները տարհանվեին առանց իրենց կյանքին վտանգ սպառնալու։ Արցախում պայթյուն եղավ, որի արդյունքում ունեցել ենք մեծ թվով զոհեր։ Սա վկայությունն է այն բանի, որ այս իշխանության նկատմամբ վստահություն ներշնչող պայմաններ գոյություն չունեն։ Ահա թե ինչու եմ իմ գրառումն այսպես ձևակերպել»։

Հետաքրքրվեցինք՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն ի՞նչ հարցերով են դիմում փաստաբաններին, նա պատասխանեց․ «Հենց նոր անձնագրային խնդիրներով եկան քաղաքացիներ, որոնք չունենք անձնագրեր, պետք է դրանք ստանան։ Նրանք ներկայանում են շտաբ, շտաբը չի կարողանում պատշաճ ճանապարհով բացատրել, թե իրենք ինչ ճանապարհով պետք է կարողանան անձնագրեր ստանալ․ այնտեղ չկան համապատասխան աշխատակիցներ, որոնք կարող են մարդկանց ուղղորդել, որ նրանք ամենաարագ տեմպերով ձեռք բերեն իրենց փաստաթղթերը հետագայում իրենց իրավունքներն իրացնելու համար։ Կան 2020-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած անձանց փոխհատուցման վերաբերյալ դիմումներ, քաղաքացիական գործերով վարույթներ, որոնց կապակցությամբ դատական ակտեր են կայացվել, և դրանք մտել են օրինական ուժի մեջ։ Ինչպիսի՞ ընթացակարգեր պետք է տեղի ունենան, որպեսզի ի կատար ածվեն դատարանի որոշումները, արդյոք մենք իրավասո՞ւ ենք դիմել հարկադիր ծառայությանը, որ այդ դատական ակտը կենսագործվի։ Կան առուվաճառքի վերաբերյալ պայմանագրեր, գրավադրված ոսկու հետ կապված խնդիրներ։ Բազմաթիվ խնդիրներով են մեզ դիմում։ Նաև այսօր մեզ դիմել են Արցախի Կոմիտասի երաժշտական դպրոցի աշխատակիցները, որոնք ցանկություն ունեն շարունակել իրենց փառահեղ 85-ամյա պատմական անցյալը՝ չնայած վտարանդի պայմաններում, այնուամենայնիվ, այդպիսի ցանկություն են հայտնել։ Մենք ներկայացրել ենք ՀՀ կառավարություն համապատասխան դիմում տվյալ դպրոցի գործունեությունը շարունակելու համար»։

Ռաֆայել Մարտիրոսյանը զրույցի ավարտին վստահեցրեց՝ իրենք հուսաբեկ վիճակում չեն․ «Մտադրված ենք, որ վերստին ազատագրենք մեր հայրենիքը և իրականացնենք մեր այն զոհված տղաների պատվիրանները, որոնք հանուն դրա իրենց կյանքն են զոհել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031