Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտից նոր սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին ու վստահեցնում, որ ինքը այսքան ժամանակ ինչ ասել է՝ արել է: Արցախի դրոշի վրա քայլելուց հետո նա սկսել է ծաղրել Արցախի նախկին ղեկավարներին, պաշտոնյաներին ու ասել. «Ես արել եմ այն, ինչ ասել եմ, սա գիտեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանում, եւ սա չպետք է մոռանալ։ Մի մոռացեք Հայրենական պատերազմի մասին, մի մոռացեք հակաահաբեկչական միջոցառումների մասին։ Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռեւանշի մասին, թող ուշադիր նայեն գերեվարման կադրերը։ Հետաքրքիր է՝ այս շենքերից մեկում նստած մարդը, ով իրեն «վարչապետ» էր կոչում, կհամարձակվի՞ այսօր մեզ սպառնալ։ Այսօր քննչական մեկուսարանում նրան թեյ են մատուցում»։
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հարցին՝ այս հայտարարությունները զուտ ինքնահաստատմա՞ն համար են, ներքի՞ն լսարանի համար են, ի՞նչ նպատակ են հետապնդում մեծ հաշվով եւ քանի որ Ալիեւը խոսում է ռեւանշի մասին, ռեւանշի հնարավորություն կա՞, թե՞ չէ՝ պատասխանեց. «Ալիեւի նման ոճի հայտարարությունները առաջին անգամ չեն հնչում, հակահայկական իր հռետորաբանությունը, կարելի է ասել, իր պետական քարոզչամեքենայի մաս են կազմում, հետեւաբար կարող ենք ասել, որ դա ոչ միայն իր ներքին լսարանի համար է կամ ինքնահաստատման բնույթ է կրում, այլ սա երկար տարիներ շարունակվել է: Եվ անկախ Արցախի վերջին ողբերգական իրադարձություններից, Ադրբեջանի հռետորաբանությունը շարունակվում է պահպանվել:
Սրան առաջին հերթին պետք է Հայաստանի իշխանությունները ականջալուր լինեն, որ նման երկրի նման ղեկավարի հետ խաղաղության հաստատման իրենց պատկերացումները իրականությունից բավականին հեռու են: Ոչ մեկը չի հերքում, որ տարածաշրջանում անհրաժեշտ է խաղաղություն, բայց այն հռետորաբանությունը, որն ունի Ադրբեջանի ղեկավարը, ակնհայտ է, որ խաղաղության հաստատումը ամենեւին էլ Ադրբեջանի օրակարգում չէ եւ ՀՀ իշխանությունները այս հայտարարությունները պետք է ընդունեն որպես հայկական աշխարհի նկատմամբ սպառնալիք:
Մենք միշտ ասել ենք, որ Ալիեւի նպատակը ոչ թե եղել է Արցախը, այլ ընդհանուր հայկական աշխարհը՝ Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդը: Այն, որ հիմա էլ Ալիեւը շարունակում է իր հռետորաբանությունը, հերթական անգամ փաստում է, որ Ալիեւի նպատակը ամենեւին Արցախի հայաթափումը չի եղել, նա շարունակում է այնպես, ինչպես մինչեւ 2020-ի պատերազմը»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ռեւանշի մասին երբ խոսում է, կոնկրետ քաղաքական ուժերից մտավախություննե՞ր ունի՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այս պահին Հայաստանի կողմից որեւէ ռազմական ագրեսիայի կամ հռետորաբանության ինչ-որ դիրքավորում կա, որովհետեւ ցանկացած պարագայում ռազմական որեւէ գործողություն ոչ թե քաղաքական ինչ-որ գործընթաց է, այլ պետական, հետեւաբար, որպես Հայաստանի դիրքորոշում Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է հիմք ընդունվի բացառապես իշխանությունների դիրքորոշումը: Որեւիցե քաղաքական ուժ, նույնիսկ եթե իր հռետորաբանության մեջ մատնանշում է, որ հնարավոր է ռեւանշ, դա ընդամենը քաղաքական խոսույթ է եւ այս պահին իրականության հետ որեւէ աղերս չի կարող ունենալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ալիեւը ««մկան ծակը»հարյուր թումանով էլ չի գտնի եթե ՀՀ ից նրսն մարտահրավեր նետեն «один на один»՝առանց Թուրքիայի փեշի տակ մտնելու՝մարտի դաշտում հանդիպելու- – –