Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարկային դիկտատուրա է հաստատվելու»․ գործարարներն ու իրավաբանները մտահոգված են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների անելու մասին նախագծով

Հոկտեմբեր 16,2023 16:56

Գործարարներն ու իրավաբանները կրկին ահազանգում են՝ «Բանկային գաղտնիքի» մասին եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը խիստ մտահոգիչ է եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը։

«Մանթաշյանց» գործարարների միության անդամներն այսօր հրավիրված ասուլիսում նախագծի մասին ասացին՝ սրանով հարկային մարմնին հնարավորություն է տրվում տոտալ վերահսկողություն սահմանել ՀՀ-ում աշխատող թե իրավաբանական եւ թե ֆիզիկական անձանց բանկային շարժերի նկատմամբ։

«LSA law firm» ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Արսեն Սարդարյանի ներկայացմամբ՝ եթե հարկային մարմինը գտնում է, որ անհրաժեշտություն կա որեւէ գործարարի բանկային հաշիվները ստուգելու, ըստ գործող օրենքի, պետք է դիմի դատարան, ու դատարանի որոշմամբ ստանա դրանք ստուգելու թույլտվություն։

Իսկ նախագծով, ինչպես ասաց Սարդարյանը, պարզապես դատարանի գործառույթը փոխանցում են ՊԵԿ-ին․ «Այս երաշխիքից պետությունը որոշում է հետ կանգնել եւ այնպիսի իրավակարգավորումներ է ներդնում, որ բոլոր գործարարների ամբողջ ֆինանսական շարժը ամեն տարվա վերջ ԿԲ-ի միջոցով հարկայինը ստանալու է։ Իսկ գուցե գործարարը չի ուզում, որ իր ներքին տնտեսական գործունեությունը հարկային տեսուչի աչքի առաջ լինի»։ Իրավաբանի կարծիքով՝ այս իրավակարգավորումները խիստ բացասական են ազդելու նաեւ օտարերկրյա ներդրումների վրա․ «Այս նախագիծը ընդհանրապես վերացնում է բանկային գաղտնիքը»։

«Էմ Ջի Էմ Փարթներս» իրավաբանական ընկերություն հիմնադիր, գործադիր տնօրեն, փաստաբան Մուշեղ Խաչիկյանն էլ հիմնավորեց այս նախագծի հակասահմանադրականությունը, ասաց՝ մեր օրենսդրությամբ կարգավորվում է մարդկանց անձական գաղտնիքը․ «Սահմանադրական դատարանի որոշումներ կան, որոնցով արձանագրված է, որ նույն բանկային գաղտնիքի մեջ պարունակող ցանկացած տեղեկատվություն հավասարեցված է անձի անձական կյանքի անձեռնմխելիությանը։ Այդ ամբողջը վերցնել ու տալ տեսչական մարմնին՝ ուղղակի սահմանադրական նորմերի կոպիտ խախտում է։ Սա նշանակում է, որ Հայաստանում աշխատող կամ ՀՀ ռեզիդենտ համարվող ցանկացած անձ, ով աշխատում է ՀՀ-ում, եկամուտ ստանում, հարկ վճարում, նախագծի ընդունման դեպքում դառնալու է հարկային մարմնի թիրախ»։

«Գարեջրի ակադեմիա» ռեստորանի հիմնադիր, մասնագիտությամբ իրավաբան Արմեն Ղազարյանն էլ հավելեց՝ այս նախագծով խախտվում է իշխանության ճյուղերի միջեւ հավասարակշռող մեխանիզմը, այսինքն, դատարանի գործառույթը փոխանցվում է գործադիրին՝ ՊԵԿ-ին․«Հարկային դիկտատուրա է հաստատվելու»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Ընդ որում, ինչպես ասացին բանախոսները, ՊԵԿ-ը մերժման տարբերակ չի թողնում, այսինքն, եթե դիմեց գործարարին կամ ֆիզ անձին, եռօրյա ժամկետում պարտավոր ես բոլոր քաղվածքները տրամադրել, հակառակ դեպքում տուգանք է սահմանվում համախառն եկամտի կամ ընդհանուր շրջանառության 5% չափով կամ նվազագույնը 2 միլիոն դրամ:

Ըստ բանախոսների՝ պետությունը որպես գործընկեր, քաղաքացիների համար դառնում է շատ անվստահելի եւ անհեռանկարային։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Արմեն Ղազարյանի կարծիքով՝ այս նախագիծը եթե ընդունվի, ապա կանխիկի ստվերային շրջանառությունը կաճի։ Բացի այս, ըստ գործարարի, այն նաեւ ազդելու է բանկային համակարգի իմունիտետի եւ հեղինակության վրա․ «Բանկը բարձր իմունիտետով է կամ վստահելի, քանի որ այն տեղեկատվությունը, որը փոխանցում ենք բանկին, գաղտնի է ու դա բանկը ապահովում է»։

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Եթե գործարարը օրինական դաշտում է աշխատում, ի՞նչ խնդիր ունի, եթե իր բանկային շարժը ստուգի հարկայինը։ Ղազարյանն այս հարցին ի պատասխան ասաց․ «Ես խնդիր չունեմ, որ դիպուկահարի կարմիր լույսը միշտ ճակատիս լինի, բայց ես կաշկանդվում եմ դրանից։ Լավ, այդ դեպքում, ուրեմն նախագծի հեղինակների եւ նրանց ընտանիքի անդամների հեռախոսազանգերը եկեք ձայնագրենք ու հանրայնորեն լսենք։ Կամ ամեն օր ձեր տանը խուզարկություն անենք»։

Գործարարը նաեւ նկատեց՝ չկա վստահություն, որ ՊԵԿ որեւէ աշխատակից որեւէ գործարարի ֆինանսական տվյալները չի փոխանցի նրա մրցակցին։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031