«Փաստինֆո». Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների հարցն այլևս չի քննարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շրջանակներում։ Նման հետևության կարելի է հանգել «Փաստինֆոյի»՝ ԱԳՆ-ին ուղղված հարցման պատասխաններից։
Մասնավորապես, «Փաստինֆոն» հարցում էր ուղարկել ԱԳՆ-ին ընդգծելով, որ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը իր հրապարակային ելույթներում բազմիցս նշել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններում առանցքային տարաձայնություններից մեկը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման շուրջ։ Հարցմամբ խնդրել էինք նախարարին պարզաբանել, թե արդյոք արցախցիների բռնի տեղահանությունից հետո նշված հարցն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, թե այն օրակարգից այլև դուրս է եղել։
Մենք նաև հարցրել էինք, թե եթե այս մասով բանակցությունները շարունակվում են, ապա դիրքորոշումների միջև փոխըմբռնում առկա՞ է, թե ոչ։
Ի պատասխան՝ ԱԳՆ-ից մեզ հայտնել են, որ «հոկտեմբերի 5-ին Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքներում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով»։
Կարդացեք նաև
Նախ՝ այդ փաստաթղթում անվտանգության միջազգային երաշխիքների մասին որևէ խոսք չկա։ Երկրորդ, Գրանադայի բանակցություններին Ադրբեջանը չի մասնակցել ու որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, իսկ մեր հարցումը վերաբերում էր ոչ թե հայ-ֆրանսիական, հայ-գերմանական հարաբերություններին, այլ Հայաստան-Ադրբեջան բանակցություններին ու դատելով ՀՀ ԱԳՆ-ի պատասխանից այդ հարցն այլեւս Հայաստանի իշխանությունների օրակարգում չկա. Այսինքն՝ Ադրբեջանի զենքի գործադրմամբ հօգուտ իրեն լուծեց հարցը, ինչի հետ ՀՀ իշխանությունները հաշտվեցին։
Մենք նաև հարցրել էիքն, թե այս պահի դրությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկե՞լ են խաղաղության պայմանագրի սկզբունքային հարցերի շուրջ, և եթե կան տարաձայնություններ, ապա ո՞ր կետերի շուրջ են դրանք։
ԱԳՆ-ից մեզ պատասխանել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հանրությունը պատշաճ տեղեկացվում է։ Ինչ նկատի ունեն ԱԳՆ-ում «հայրությանը պատշաճ տեղեկացնելու մասին» հայտարարությամբ՝ մնում է գուշակել։ Եթե խոսքը Գրանադայում հայտարարությունն հիմք ընդունելու մասին է, ապա Գրանադայի հայտարարությամբ՝ կողմերը պատրաստակամություն պետք է հայտնեին ճանաչել փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի համար հիմք էր նախատեսվում ընդունել ԽՍՀՄ-ի վերջին քարտեզները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հիմք ընդունել որեւէ քարտեզ ու մտավախություն կա, որ այս պարագայում եւս Ադրբեջանը կարող է զենքի գործադրմամբ գրավել տարածքներ ու պարտադրել ընդունել դա։
Ավելին՝ Փաշինյանը մեկ հայտարարում է, որ կար Գրանադայում շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն, սակայն Ալիեւը չմեկնեց, իսկ դրանից րոպեներ անց հայտարարում, թե Ադրբեջանը չի հայտարարում ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, իսկ թե այդ դեպքում «շրջադարձային» փաստաթղթի հենքերը որոնք են ՀՀ արտաքին գերատեսչությունը չի պարզաբանում։