Լրահոս
Օրվա լրահոսը

2020 թվականից սկսած՝ ոչ մարտական պայմաններում բանակում մահվան դեպքերը տարեկան 100-ի են հասել ու անցել. Ժաննա Ալեքսանյան

Հոկտեմբեր 16,2023 16:25

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տվյալներով, 2020 թվականից հետո բանակում ոչ մարտական պայմաններում տարեկան հարյուր զինվոր է զոհվում:

«Բանակն ընդհանրապես թողնված է ինքնահոսի, չկա հսկողություն եւ բնական է, որ այսպիսի դեպքերում մենք ունենում ենք մահվան շատ դեպքեր: Հատկապես հենակետերում են տեղի ունենում մահվան դեպքերը, իսկ այնտեղ ընդհանրապես թողտվություն է: Հրամանատարական կազմը կամ չի հսկում կամ անմիջական մասնակցություն ունի այդ մահվան դեպքերին: Օրինակ՝ Գրանիկ Խնկոյանի դեպքը հրամանատարական կազմն է հենց կանգնեցրել զորքի առաջ, ստորացրել են, խփել են, հայհոյել են, գլխարկը գլխից գցել են ու անպատվաբեր են հետը վարվել: Դա եղել է թիկունքի գծով պետը եւ էլի մեկը, որոնք բոլորը հրամանատարական կազմից են: Եթե հրամանատարական կազմը զբաղված է զինվորին նվաստացնելով… ու գիտեք ինքնասպանություն են որակել: Իսկ շատ դեպքերում որակում են հենց ինքնասպանություն, որ խուսափեն պատասխանատվությունից ու մեղքը բարդում են ընտանիքի վրա եւ չեն բացահայտվում այդ դեպքերը, նույնիսկ եթե անհերքելի ապացույցներ կան, որ դա սպանություն է: Մենք բազմաթիվ նման գործեր ենք ունեցել, փորձն է դա ինձ ասում»,- Aravot.am-ին ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի խոսքով, Գրանիկ Խնկոյանի նույն զորամասում եւս մեկ զինծառայողի՝ Ժորա Կարապետյանի մահվան դեպք է գրանցվել  նույն օրում, երկու դեպքն էլ որակել են ինքնասպանություն. «Եթե բացահայտեին հանցագործությունները, գուցե կկանխեին, այդ մթնոլորտը կփոխեին; Հիմա Քննչական կոմիտեն շատ ավելի վատ է աշխատում, հիմա շատ ավելի վատ է բանակում վիճակը, մահվան դեպքերը շատացել են: 2020 թվականից սկսած՝ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը տարեկան հարյուրի են հասել ու անցել, իսկ դա շատ բարձր թիվ է: Ասեմ, որ նախկինների ժամանակ 100-ի չէր էլ հասնում: Պատերազմից հետո նկատելի է, որ բանակում ընդհանրապես ամենաթողություն է, հսկողություն չկա: Հենց էնպես զոհվում են, այսինքն՝ պաշտպանության նախարարությունը, կառավարության ղեկավարը ընդհանրապես հետաքրքրված չեն բանակում բարեփոխումներով: Հայտարարությունները բոլորովին կարեւոր չեն, մահվան դեպքերի այս քանակը վկայություն է, որ բարեփոխումներ ընդհանրապես չկան, իրենց ասելով չէ: Կարծում եմ՝ ՊՆ նախարարն ընդհանրապես ադեկվատ չէ իր պաշտոնին եւ չի տիրապետում իրավիճակին, հետաքրքրված չէ բանակի խնդիրներով: Ինքը իրեն փորձում է ՊՆ նախարար զգալ, ինքը պետք է հրաժարական տար այսքան դեպքերից հետո: Բայց բացարձակ անպատասխանատվություն է, ինձ թվում է, որ ՊՆ նախարարը նույնիսկ չգիտի, որ պատասխանատու է ամեն զինվորի կյանքի համար: Հիմա 90-ականների թվերն են, վերադարձել ենք այդ բարձր ցուցանիշին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031