Լեմկինի 14 շենքի բնակիչները դեմ են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին հարակից մասնաշենքի կառուցմանը։ Նրանք այսօր բողոքի ցույց արեցին, քանի որ մտահոգություն ունեն, որ այս անվան տակ մարդիկ ռեստորան են կառուցելու։
Բնակիչներից մեկը նշեց․ «Այս ամենը կատարվում է Լեմկինի փողոց 14 շենքի հարակից տարածքում։ Տեղյակ եմ պահել թաղապետարանում, նախկին փոխքաղաքապետ Ավինյանի ընդունելությանը գնացել և բացատրել եմ իրեն»։
Բնակիչները դժգոհում են, որ շինարարության պատճառով, որի արդյունքում շինության պատը պետք է առաջ գա, ճանապարհը դառնալու է բարդ անցանելի։ Նրանք վրդովված նշեցին․ «Եթե պատահար լինի, թեկուզ շտապօգնության մեքենա գա, կամ հրդեհի դեպքում, չի կարող մեքենա գալ։ Երեխաների խաղալու տարածքն են վերցրել։ Ասում են՝ պատը պիտի քանդենք, սարքենք չորս հարկանի շենք, որի երրորդ հարկում պիտի լինի ճաշկերույթի տեղ, հետո դա կարող է դառնալ ռեստորան։ Մեկն ասում է, որ 30 միլիոն դոլար ներդրում է անում։ Այդ գումարով թող զենք-զինամթերք առնեն, որ պայքարենք ազգի, տարածքի համար, ոչ թե գան այստեղ շինարարություն սկսեն։ Բնակելի շենքի կողքին հինգ մետր տարածության վրա բերում, շինարարություն են անում՝ առանց մեկին հաշվի առնելու։ Այս շենքում ապրում է 200 ընտանիք՝ 700-800 բնակիչ։ Նրանց հանգիստն են խանգարում»։
Կարդացեք նաև
Բնակիչներն ասացին, որ նախընտրական շրջանում շինարարություն չի կատարվել․ «Սպասում էին ընտրություններին։ Նորմալ ընտրությունները եղան, բոլորս էլ գիտակցաբար ընտրել ենք, գիտենք, բայց չի կարելի։ Շատ էրեխեք կորցրած ազգ ենք, մենք այնքան մտածելու բան ունենք։ Այսօր էլ Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է այստեղ գտնվում։ Թող տուն սարքեն, որ մի ընտանիք գնա, էնտեղ ապրի։ Թումանյանի տուն թանգարանի ավելացված մաս է սա։ Թումանյանը նոր գրքեր չունի, ամեն ինչը ցուցադրվում էր ներսում, իր շորերն էլ։ Սա խաբեբայություն է։ Մինչև հիմա սիմպոզիում չէր եղել, էս շենքը պիտի սարքեն, որ սիմպոզիում անեն, ճաշկերույթ անե՞ն»։
Բնակիչներն առաջարկում են՝ շինարարական աշխատանքները թող դադարեցնեն, հետո կորոշենք, բոլոր բնակիչները դեմ են, ստորագրահավաք են իրականացրել, զանգել քաղաքապետարանի թեժ գիծ։ Մի կին էլ ասաց․ «Ազատ շենք է, մանկապարտեզ սարքեք, թող այս շենքի երեխաները գան էստեղ՝ մանկապարտեզ, ի՞նչ ռեստորան»։
Շինարարական աշխատանքները ղեկավարող Մյասնիկ Մանուկյանը ցույց տվեց շինթույլտվությունը։ Դա տրված էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։ Բնակիչները վրդովվեցին․ «Անկախ իրենից կնիք է դրել, առանց իմանալու, բան հասկանալու։ Մի հատ էլ հիմա եկել, նորից է մասնակցում»։
Բնակիչների վրդովմունքին ու մտահոգություններին ի պատասխան՝ Մյասնիկ Մանուկյանն ասաց՝ շտապօգնության մեքենայի համար շենքի դիմացից և հետևից ճանապարհ կա․ «Ուզած-չուզած պիտի փակենք։ Մարդիկ խոչընդոտ են սարքել, տեխնիկաներն այս պահին բարձած, կանգնած են։ Շտապօգնության մեքենա, որ գա, մենք տարածք կտանք, կանցնի։ Այստեղ սեփականություն չկա, սա պետական հիմնարկություն է սարքվում, Թումանյանի թանգարանին հարակից շինություն է կառուցվելու։ Երկհարկանի շինությունը քանդվելու է, կառուցվելու է չորս հարկանի Թումանյանի թանգարան»։
Բնակիչներից մեկն էլ, դիմելով Տիգրան Ավինյանին, ասաց․ «Ասում ենք, արեք, թող պարոն Ավինյանն իմանա։ Էս ամբողջը թող քանդեն, երեխաների համար մի հատ լավ ֆուտբոլի դաշտ սարքեն»։
Մյասնիկ Մանուկյանը ներկայացրեց, թե ինչ շինություն է կառուցվում․ «Առաջին հարկում լինելու են թանգարանային այն նմուշները, որոնք ժամանակին պահված են եղել նկուղում և փչացել են, տարածք չեն ունեցել ցուցադրման։ Երկրորդ հարկում՝ ևս, երրորդում աշխատասենյակներ են լինելու և այլն, չորրորդ հարկի մեկ հատվածում՝ պետբյուջեին օգնելու, թանգարանը պահպանելու համար նախատեսված է սրճարան, որը պետականորեն պատկանելու է թանգարանին։ Ինչ- որ մեկի սեփականությունը չէ, ճաշարանային համալիր չէ։ Շինարարությունն իրականացնում է «ԿԻՐ-ՔԱՐ» ՍՊԸ-ն»։
Շինարարությունը կտևի երեք տարի, այժմ քանդման աշխատանքներ են կատարվում։ Մյասնիկ Մանուկյանը վստահեցրեց․ «Այդ ամենից հետո լավ բան է լինելու մեր ժողովրդի համար, նենց չի, որ ինչ-որ մեկի սեփականությունն է։ Սա պետական ՊՈԱԿ է, ամենը լինում է մեր ժողովրդի համար, մեր լավագույն բանաստեղծի, լավագույն գրողի համար ստեղծում ենք ավելի լավ պայմաններ։ Ես չեմ հասկանում ժողովրդի վրդովմունքը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ