«Ուզում եմ սկսել մեզ համար ամենաողբերգական, ամենացավալի դրվագից, երբ որ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա բարձրացավ Ադրբեջանի դրոշը, եւ Ալիեւը այլեւս շրջում էր Ստեփանակերտի նախագահական նստավայրով: Միայն Ստեփանակերտի վրա չբարձրացավ Ադրբեջանի դրոշը, Ադրբեջանի դրոշը երեկ բարձրացավ Երեւանի վրա, բարձրացավ մեզանից յուրաքանչյուրի տան վրա, մեզանից յուրաքանչյուրի երեխայի օրորոցի վրա, բարձրացավ Հայաստանի բոլոր բնակավայրերի վրա: Եվ ովքեր սա չեն հասկանում եւ շարունակում են սոցիալական ցանցերով պատերազմել այս ողբերգության դեմ՝ իրական պատերազմը, ներքին եւ արտաքին թշնամիների հետ թողած, ինչ ասեմ, շարունակեք այդպես:
Թող Ալիեւը Ստեփանակերտում, հայկական բնակավայրերում ու քաղաքներում բարձրացնի Ադրբեջանի դրոշ, դուք ֆեյսբուքում շարունակեք բարձրացնել հայկական, Արցախյան դրոշը »,-«Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ նախկին պատգամավորը զգուշացնում է. «Այնուհետեւ Ալիեւը ադրբեջանական դրոշը կբարձրացնի Սյունիքում, բայց ոչինչ, դուք չընկճվեք, չհուսահատվեք, շարունակեք ֆեյսբուքում բարձրացնել հայկական դրոշը, հետո Ալիեւը Ադրբեջանի դրոշը կբարձրացնի Գեղարքունիքում, Տավուշում, Վայոց Ձորում, Եղեգնաձորում, դուք շարունակեք նույն համառությամբ, նույն ջանասիրությամբ, ֆեյք պաթոսով եւ հայրենասիրությամբ ֆեյսբուքում բարձրացնել Հայաստանի դրոշը: Միայն մի բան է ինձ հետաքրքիր՝ երբ Ալիեւը գա Երեւան եւ Երեւանում բարձրացնի Ադրբեջանի դրոշը, որտեղ եք ազատ կաֆե գտնելու՝ որտեղ նստած ձեր կապուչինոն խմելով ձեր ֆեյսբուքյան էջերում բարձրացնենք Հայաստանի դրոշը եւ ասեք՝ Երեւան, մենք վերադառնալու ենք:
Դուք հասկանում ե՞ք՝ թշնամին հստակ ճանապարհային քարտեզով իրականացնում է իր պատմական երազանքը, հիմա զավթելու է նաեւ Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք ֆեյք, անիմաստ, անամոթ, ռաբիս, անմակարդակ, ասֆալտի, ֆեյսբուքյան հայրենասիրությամբ հիբրիդային այս պատերազմում փորձել հակազդել իրական թշնամու իրական գործիքներին»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նոր է վերադարձել Ֆրանսիայից, եւ թե Փարիզում, թե Ստրասբուրգում տարբեր միջազգային ինստիտուտներում հանդիպումներ է ունեցել, թե Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր է քննարկել, թե փորձել է հայ ռազմագերիների հարցերը հնչեցնել: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մինչեւ այս պահը ճշտված չէ՝ այդ թվում՝ երրորդ, սեպտեմբերյան Արցախյան պատերազմից քանի՞ գերեվարված անձ ունենք Ադրբեջանում:
«Ամեն օր ինձ դիմում են ծնողներ, ասում են՝ իմ որդին ոչ զոհերի մեջ է, ոչ վիրավորների մեջ: Խոսքը Արցախյան երրորդ պատերազմի մասին է: Ծնողների կողմից ինձ փոխանցված եւ իմ ունեցած բոլոր տվյալները փոխանցել եմ եվրոպական կառույցներին: Մինչ այս պահը որեւէ հուսադրող բան չկա, որովհետեւ թե ԵԽ նախարարների կոմիտեն, թե եվրոպական մյուս կառույցները չեն կարողանում Ադրբեջանից ստանալ տեղեկատվություն այն մասին, թե որքան է վերջին պատերազմում գերեվարված մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց թիվը: Հանդիպել եմ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ներկայացուցիչների հետ՝ հորդորելով գոնե վերջապես դուխ ունենալ եւ գնալ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Արցախ, փորձել փրկել Արցախի մշակութային կոթողները: Ցավոք, առ այս պահը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասում է՝ չունենք Ադրբեջանի համաձայնությունը»,-հավելում է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ