Հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող Արթուր Չախոյանի վերաբերյալ քրեական վարույթը բովանդակային առումով Էդգար Կուչուկյանի մասին չէ, այն կոռուպցիայի, կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ պայքարում պետության վճռականության մասին է։ Այսպիսի պնդումները Չախոյանի ներկայացուցիչ, փաստաբան Նարեկ Ալոյանինն են: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազի և Արթուր Չախոյանի հանդիպում կազմակերպելու նպատակով դիմում-նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։
«Խնդիրն այն է, որ մենք Կուչուկյանի օրակարգով պայմանավորված չշեղվենք հակակոռուպցիոն պայքարի օրակարգից: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչ ելք կստանա այս քրեական վարույթը, կենսական անհրաժեշտություն կա, որ Չախոյանի կողմից կատարված բացահայտումները պատշաճ քրեադատավարական ընթացակարգով քննության ենթարկվեն: Մեր պայքարն այս փուլում բացառապես այդ հարցի շուրջ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալոյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Կուչուկյանը, ըստ Չախոյանի, օրեր առաջ իր տան շքամուտքի մոտ դանակով հարձակվել է իր վրա ու մահափորձ իրականացրել: Իսկ Կուչուկյանի փաստաբանը, հակառակը, պնդում է, որ իր վստահորդի վրա են հարձակվել՝ դանակի հարվածով պատճառելով մի շարք բաց վնասվածքներ։
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դեռ ո՛չ Չախոյանը, ոչ էլ Կուչուկյանը տուժողի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեն:
Չախոյանի ներկայացուցիչ Նարեկ Ալոյանը մեզ հետ զրույցում, սակայն, ասաց, որ մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին Չախոյանին մեղադրանք կառաջադրվի ու նրա նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի. «Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, տեղի է ունեցել, քննության պատասխանն ինձ դեռ հայտնի չէ: Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին գործով որոշակի զարգացումներ կլինեն: Մի շարք հանգամանքներ համադրելով՝ նախնական տեղեկություն կա, որ հնարավոր է ՝ առաջիկա օրերին փորձ կատարվի Չախոյանին մեղադրանք առաջադրել ու կալանքի միջնորդություն ներկայացնել: Այս խնդրի հանրայնացումը կայանում է նրանում, որ ոչ թե կանխենք այդ գործընթացը, որովհետեւ այդ գործընթացը կլինի այնպես, ինչպես կլինի՝ իրավական տիրույթում կամ քաղաքական հետապնդման տիրույթում, ժամանակը ցույց կտա: Բնականաբար, քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը, իր կողմից կատարված բացահայտումների իրավական ընթացքի նկատմամբ որեւէ արդյունավետ վերահսկողության գործիք հայկական իրականության պայմաններում չունի: Հատկանշական է, որ Չախոյանը որեւէ կուսակցության, հիմնադրամի կամ օտարերկրյա դեսպանատան հետ չի համագործակցում, ֆինանսավորում չի ստանում: Հետեւաբար, նրա անձի չեզոքացմամբ, չեզոքանում է այն ողջ հակակոռուպցիոն գործընթացը, որը նախաձեռնվել է: Դատախազի հետ հանդիպման պահանջի նպատակն էլ այն է, որ ձեւաչափը որոշվի, որ եթե նույնիսկ Չախոյանը կալանավորվի, այդ պարագայում հակակոռուպցիոն բացահայտումները պատշաճ ընթացակարգ կստանան»:
Անդրադառնալով «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, թե Չախոյանին Երեւանի ավագանիում առաջադրելու է վերահսկողական բաժնի պետ, փաստաբանը շարունակեց. «Քանի որ տեւական ժամանակ Չախոյանը կոռուպցիոն ռիսկերի բացահայտումներ է կատարել, ունի որոշակի հանրային հեղինակություն, բնականաբար, կուսակցությունները կարող են շահագրգռված լինել, որ վերջինիս հետ ունենան համագործակցության ձեւաչափ կամ վերջինս անդամագրվի տվյալ կուսակցություններին: Այս փուլում չի քննարկվում նրա անդամակցությունը որեւէ կուսակցության»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ դեմ չի լինի պաշտպանել Մարությանի կամ Թևանյանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում, սակայն պահանջում է ավագանու վերահսկողական ֆունկցիաները հանձնել իր գլխավորած կուսակցությանը։
Մեր հարցին, իսկ տեղեկություն ունե՞ք, Վարդան Ղուկասյանից ուղիղ առաջարկ Չախոյանը ստացե՞լ է, ի պատասխան փաստաբանն ասաց. «Չախոյանի հետ քննարկել եմ բացառապես այն հանգամանքը՝ արդյոք որեւէ կուսակցության անդամ է հանդիսանում, թե՝ ոչ: Նշել է, որ որեւէ կուսակցության հետ չի համագործակցում ու որեւէ կուսակցության անդամ չի հանդիսանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Արթուր Չախոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից