Լրագրող, հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ» հիմնադրամի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի որ ճանապարհին էի՝ ղեկին, դրա համար եմ ուշ արձագանքում:
Երեկ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում նշանակել է պարետ: Իմ լրագրող գործընկերները հարցնում են, թե պատրաստ եմ ներողություն հայցել, քանի որ շաբաթներ առաջ իմ ֆեյսբուքի էջում գրել եմ, որ ժամանակավոր պարետ նշանակվել է Սարգիս Գալստյանը: Այս նյութը լայնորեն տարածվեց հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներում:
Միանգամից ասեմ, որ ԱՅՈ, ես պատրաստ եմ իմ ամեն մի տողի համար պատասխան տալ, քանի որ իմ մասնագիտությանը և հանրության հետ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում: Ես հավասարապես պատրաստ եմ սխալ տեղեկատվության համար ներողամտություն հայցել Պուտինից, Ալիևից, Էրդողանից, Շահրամանյանից, Փաշինյանից:
Կարդացեք նաև
2001թ. ես Բաբկեն Արարքցյանի մասին մի լուր եմ տվել, որ տարիներ անց, պարզվել է, սխալ է: Մոտ հինգ տարի անց ես պարոն Արարքցյանից հրապարակավ, օրաթերթում, ներողամտություն եմ հայցել:
Լրագրողական 30 տարիներին բազմաթիվ գաղտնի, խորհրդապահական լուրեր և փաստաթղթեր եմ հրապարակել: Այո, եղել են դեպքեր, որ լրատվությանը մասամբ է համապատասխանել իրականությանը: Բայց սա լրագրության անքակտելի մասն է: Նյու Յորք թայմսը ամեն օր իր երկրորդ էջում ՈՒՂՂՈՒՄՆԵՐ բաժին ունի, որտեղ տալիս է ճշգրտումներ, հերքումներ:
Հիմա այս դեպքի հետ կապված, կրկնեմ:
Արցախից Հայաստան տեղափոխված իմ ընկերներից մեկը, ով ծանոթ բարեկամ է Սարգիս Գալստյանին, Երևանից զանգահարել է նրան և հարցրել, թե ինչ է անում Ստեփանակերտում: Գալստյանը, ինչպես ինձ փոխանցել էր նրա բարեկամը, ասել է, որ ինքը նշանակվել է ժամանակավոր կամենդանտ, ասել է, որ ինքը խոսում է Խանքենդիից, իր բարեկամներին, որոնք ստիպված արտագաղթել են Հայաստան, խորհուրդ է տվել վերադառնալ Ղարաբաղ:
Այս լուրը տալիս, ես չեմ նշել անուն-ազգանուն: Այն բանից հետո, երբ ադրբեջանական Աղդամ ԹԻՎԻ-ին Գալստյանի նկարով տվեց նման լուր, գուցե իմ էջեց են վերցրել, ես հրապարակեցի Սարգիս Գալստյանի անունը: Նրա նկարը ես չունեի, քանի որ իր ֆեյսբուքյան էջը այլ անունով է: Հետո գտա նրա ֆեյսբուքի էջը՝ Սարար Շուշի, բնակվում է՝ Սանկտ Պետերբուրգում:
Հնարավո՞ր է ինձ մոլորության մեջ են գցել: Գրեթե բացառում եմ:
Մի քանի օր անց մամուլում հրապարակվեց մի հրամանագիր-փաստաթուղթ, ըստ որի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, նախքան Արցախը գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը, իր աշխատակից Գալստյանին պաշտոնի է նշանակել:
Գուցե Գալստյանը ժամանակավոր կամենդանտ ասելով սա՞ է նկատի ունեցել: Դժվարանում եմ ասել:
Ինձ ասացին նաև, դեռ չեմ նայել, ղեկին էի, որ Գալստյանը և իր բարեկամները, որ տեղափոխվել են Հայաստան, պատրաստվում են իմ դեմ դատական հայց ներկայացնել:
Սա շատ ողջունելի և քաղաքակիրթ եղանակ է: Շատ ցանկալի կլիներ, որ Գալստյանը անձամբ ներկա լիներ դատարանում: Երկու օր առաջ նրա հետ կապ են հաստատել և, ըստ նրա բարեկամի, Գալստյանը դեռևս Արցախում է: Դատական պրոցեսը նաև կարող է օգտակար տեղեկատվությունների պատճառ դառնալ, հատկապես այսօր, երբ Արցախում իշխանափոխություն իրականացրած անձինք որևէ ձևով չեն պատասխանում լրագրողների հարցերին:
Իմ դեմ դատական հայցը, այո, կարող է շատ օգտակար լինել:
Առայժմ այսքանը: