Լրահոս
Օրվա լրահոսը

«Ութ ձերբակալվածների միջոցով Ադրբեջանը դատում է Արցախի ազատագրական պայքարին մասնակցած ամբողջ հայությանը». Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 16,2023 14:49

«Ես շատ բարձր եմ գնահատում միջազգային դատարանում հնչեցված ելույթներում այն թեզերը, որոնք կարող են դառնալ հմուտ գործիք ապագա քայլերի համար: Մյուս կողմից չեմ կարող չնշել, որ շրջանցվում է այն հանցագործությունը, որ իրականացրել է Ադրբեջանը, որը զուտ բնակչության դեմ չէ, դա միջազգային իրավունքի դեմ հանցագործություն է: Ուժ կիրառելը ինքնորոշման իրավունքի, մանավանդ արդեն իրացված ինքնորոշման իրավունքի դեմ՝ հանցագործություն է, եւ ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը հստակ սահմանում է, որ դա նույնչափ զազրելի հանցագործություն է, ինչպես օրինակ՝ ապարտեիդը, ցեղասպանությունը եւ այլն»,-«Հայելի» ակումբում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա ձեւակերպմամբ, Հաագայի դատարանի որոշումները կարելի է համարել վերին աստիճանի անհրաժեշտ, բայց բացարձակապես ոչ բավարար քայլեր. «Ավելին, այդպիսի դատարանները եւ գործընթացները կարծես գալիս են կոծկելու իմ հնչեցրած հարցը: Այսօր մենք ունենք 8 ձերբակալված, բայց դրանք սիմվոլիկ ձերբակալումներ են: Փաստորեն, այդ ձերբակալություններով եւ հետագայում այս դատական գործընթացներում Ադրբեջանը դատում է ամբողջ հայությանը, որը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որն է՝ պահպանել եւ պաշտպանել արդեն իսկ Խորհրդային ժամանակ գոյություն ունեցող միավորը: Հիշեցնեմ, որ ամեն ինչ դրանից է սկսվել: Ադրբեջանը փորձում էր պարզապես ուժով ճնշել հայերին, որոնք ապրում էին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում: Այսինքն, դա ինքնորոշման իրավունքի իրացման ձեւ է:

Եվ ահա այսօր Ադրբեջանը ցուցադրաբար դատում է նրանց, ովքեր պայքարել են իրենց իմպերատիվ բնույթի՝ ինքնորոշման իրավունքի համար…Երբ մենք տեսնում ենք այս 120 հազար արցախցիների տառապանքները, մեր սիրտը լցվում է, մենք ցավում ենք եւ փորձում ենք ինչ-որ բան անել, բայց ես կոչ եմ անում, որ որևէ առումով չմոռանանք, որ դա հետեւանք է այն հիմնական հանցագործության, որը նշեցի» :

Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ սա վարպետորեն շրջանցվում է նախկինում եւ այս օրերին միջազգային հարթակներում հարցը քննարկելու ժամանակ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031