Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ նպատակ է հետապնդվում պետության մեջ երկրորդ բանակը ստեղծել, պարտավոր էն հրաժարվել այդ կեղծ փաստարկ-բամբասանքները տարածելուց․ Վիլեն Գաբրիելյան

Հոկտեմբեր 16,2023 14:37

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանզի շուրջ 2,5 տարի մասնավոր և պաշտոնական քննարկումների մակարդակում ստիպված եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել այս խնդրի շուրջ, այդ թվում՝ նրանց կողմից բուն խնդրի չիմացության պատճառով, կարևոր եմ համարում հրապարակային արձանագրել հետևյալը՝

Որոշ սուբյեկտների կողմից երկար ժամանակ փորձ է արվում արհեստականորեն կոնֆլիկտ հրահրել ռազմամարզական կազմակերպությունների և պետության միջև։ Ի դեպ դա միակողմանի չէ, անգամ երկկողմանի չէ, միայն պայմանական «կոնֆլիկտի» երկու սուբյեկտների պատճառով չէ։ Եթե ուշադիր լինեք, հարգելի՛ պայմանական «կոնֆլիկտի» սուբյեկտներ և հարգելի՛ ընկերներ, ապա կտեսնեք, որ դա անգամ եռակողմ չէ, այլ շատ ավելի բազմակողմ գործընթաց: Այդ կոնֆլիկտը հրահրող սուբյեկտները հետապնդում են շատ հստակ նպատակներ՝ թուլացնել պետության և հանրության տոկունությունը, դիմացկունությունն ու պաշտպանունակությունը: Պայմանական «կոնֆլիկտի» սուբյեկտները պարտավոր են նախ և առաջ հանրությանը տեղեկացնել.

Առաջին՝ հետապնդվող նպատակներն, ըստ էության նույն են և դրանց հետ կապված հակասություններ չեն կարող լինել: Հակասություն կարող են լինել զուտ նպատակներին հասնելու տարբեր մեխանիզմների մասով, ինչը բնական է:

Երկրորդ՝ թե՛ ռազմամարզականը, թե՛ ոլորտի քաղաքականությունը որոշող և վերահսկող (թեկուզ և դեռ թույլ և ոչ պատշաճ իրավական հիմքերով) գերատեսչությունները պարտավոր են հանրայնորեն բարձրաձայնել այն, որ վատ թե լավ, մինչ այս պահն ունեն համագործակցության եզրեր և ռազմամարզական կազմակերպությունները չեն կարող իրենց գործունեությունը ծավալել պետությունից անջատ:

Երրորդ՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի խնդրին չտիրապետելով տարածում են կեղծ փաստարկ առ այն, որ ռազմամարզականների մասով կա ռիսկ, որ դառնալու են պոտենցիալ «Վագներներ» և բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ նպատակ է հետապնդվում պետության մեջ երկրորդ բանակը ստեղծել, պարտավոր են հրաժարվել այդ կեղծ փաստարկ-բամբասանքները տարածելուց: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամ բացատրում եմ` պատճառը շատ հստակ է՝ ռազմամարզական կազմակերպությունները (ՌՄԿ) և մասնավոր ռազմական կազմակերպությունների (ՄՌԿ) գործառույթները տրամագծորեն տարբեր են։ ՌՄԿ-ների հիմնական գործառույթը նախնական զինվորական պատրաստության և պահեստազորի վերապատրաստման ծառայություններ մատուցելու մեջ է, իսկ ՄՌԿ-ները ռազմական գործողություններ ծավալելու և հատուկ օբյեկտների պահպանման ծառայություններ մատուցելու մեջ է:

Կարևոր եմ համարում արձանագրել, որ ՌՄԿ-ների՝ մատնանշվածս գործառույթները տասնյակ տարիներ մատուցել է գրեթե լիարժեք մենաշնորհային դիրք ունեցող ԴՕՍԱԱՖ ՀՀՀԿ-ն, ինչպես նաև կարևոր եմ համարում արձանագրել, որ աշխարհի բազմաթիվ զարգացացած երկրներում գոյություն ունի հատուկ օրենսդրություններ, որոնք սահմանում են ՌՄԿ-ների գործունեությունը և աշխարհի որևէ երկրում չկա օրենսդրություն, որը կսահմանի ՄՌԿ-ների գործունեությունը, բացառությամբ հայտնի ՄՈՆՏՐՈՅԻ փաստաթղթից։

Ըստ էության, ՌՄԿ-ների գործունեությունն օրենքից դուրս է և հնարավոր է միայն օրենքից դուրս: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ ռիսկ կարող է լինել այնքան ժամանակ, քանի դեռ ՌՄԿ-ների գործունեությունը չի վերահսկվում հատուկ օրենսդրության միջոցով, ինչի վերաբերյալ արդեն շատ երկար ժամանակ թե՛ անձամբ ես, թե՛ այլ մարդիկ ջանք են ներդնում և պետությունն էլ տանում է համապատասխան աշխատանք, սակայն կարիք կա այն արագացնելու, քանզի կարծում եմ, որ տեսնում ենք բոլորս, որ մեր պայմանական հակառակորդները բավականին երկար ժամանակ այս թեման օգտագործում են մեր մեջ հնարավոր պառակտում մտցնելու և խորացնելու համար:

Չորրորդ՝ քանի դեռ ՌՄԿ-ների մասով չկան հստակ իրավական հիմքեր՝ պատշաճ և հնարավորինս թափանցիկ ֆինանսական հաշվետվություն պարտադրելու, հանրությանը ներկայացնելու համար և ներկայումս այն միայն ՀԿ-ների մասին օրենքով է սահմանվում, ապա ՌՄԿ-ները պետք է բարոյական պատասխանատվություն ստանձնեն և հանրությանը հնարավորինս թափանցիկ ֆինանսական հաշվետվություն տրամադրեն:

Հինգերորդ՝ թե՛ պայմանական «կոնֆլիկտի» կողմերը, թե՛ ՌՄԿ-ներն իրենց իսկ ներսում և իրար մեջ, եթե բոլորի նպատակը նույն է ու այդ նպատակները ազնիվ են, ապա պարտավոր են դադարեցնել եղած «խանդի» ցանկացած հնարավոր դրսևորում։ Որևէ մեկն առավել չէ և ավելի լավ չգիտի ժամանակակից աշխարհում, եղած իրավիճակի և մարտահրավերների դիմակայման լավագույն մեխանիզմները։ Այդ մեխանիզմների ստեղծման և այդ մարտահրավերներին ոչ միայն դիմակայելու, այլ նաև չեզոքացնելու ամենակարևոր պայմանը միասնական մտածել և գործելն է:

Պետության մեջ բանակից դուրս բանակ չի կարող լինել, նման նպատակ չի կարող լինել և պնդում եմ, որ չի էլ եղել: Ցանկացած ռազմամարզական կազմակերպություն պետք է վերահսկվի պետության կողմից և համագործակցի պետության հետ, իսկ ռազմական և պատերազմական իրավիճակում ենթարկվի պետությանը, ինչը և թեկուզ թերի, խուճուճ և ոչ պատշաճ իրավական հիմքերով, այնուամենայնիվ մինչ օրս այդպես էլ արվել է:

Վստահեցնում եմ՝ թե՛ Ռազմամարզական կազմակերպություններում, թե՛ Զինված ուժերում կան բազմաթիվ անձինք, որ շատ հստակ հասկանում են փոխգործակցության կարևորությունը, և ըստ այդմ պնդում եմ, որ եղած հնարավոր «կոնֆլիկտը» բացառապես արհեստական է:

Ուստի, կրկին հորդորում եմ՝ դադարեցնել «խանդի» տեսարանները, կեղծ բամբասանքների տարածումը, միավորվել և աշխատել ավելի արագ և արդյունավետ՝ հանուն ապագա անվտանգային համակարգի հզորացմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031