Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության միակ էներգետիկական քոլեջում այլևս լիցենզիոն ազատ տեղեր չունեն, որպեսզի կարողանան ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներ

Հոկտեմբեր 16,2023 14:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում և շրջել մի շարք հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Փոխնախարարի առաջին կանգառը եղել է Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը, որտեղ նա շրջել է լսարաններով, ծանոթացել շենքային և գույքային պայմաններին, զրուցել ուսանողների հետ, եղել լաբորատորիայում և ռազմագիտության լսարանում:

Քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին տեղեկացրել է, որ հանրապետության միակ էներգետիկական քոլեջում այլևս լիցենզիոն ազատ տեղեր չունեն, որպեսզի կարողանան ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների: ԿԳՄՍ նախարարի տեղակալը տնօրենին ներկայացրել է նման դեպքում ուսանողներին ընդունելու բացառությունները, ինչպես նաև պետական աջակցության ծրագիրը: Փոխնախարարը պարզաբանել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների համար նախարարության կողմից քոլեջին կտրվեն լրացուցիչ լիցենզիոն տեղեր՝ հաշվի առնելով. որ քոլեջում իրականացվող կրթական ծրագրերն այլ հաստատություններում չկան:

Կարճ հանդիպում է կայացել նաև մանկավարժական կոլեկտիվի հետ, որի ընթացքում դասավանդողները բարձրացրել են իրենց  հուզող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են  միջին մասնագիտական ուսհաստատություններում սոցփաթեթի հնարավորությանը, աշխատավարձերի բարձրացմանը, քոլեջներում ԲՏՃՄ առարկաներ դասավանդող մանկավարժներին ևս հավելավճարի հատկացմանը, ինչպես նաև լաբորատորիաների նյութատեխնիկական խնդիրներին:

Այցը շարունակվել է Չարենցավանում, որտեղ նախարարի տեղակալը ծանոթացել է Չարենցավանի պետական քոլեջի պայմաններին: Ինֆորմատիկայի լսարանում Արաքսիա Սվաջյանը նաև ծանոթացել ու զրուցել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի հետ, որն այստեղ փոխել է նախկին մասնագիտությունը՝ հաշվի առնելով, որ ներկա բնակավայրում իր մասնագիտությամբ կրթություն իրականացնող ՄԿՈՒ հաստատություն չի եղել: Փոխնախարարն հետաքրքրվել է, թե ինչպես է ուսանողը հարմարվել նոր միջավայրին, ի՞նչ խնդիրներ ունի: Այս քոլեջում ևս որպես առաջնային խնդիր արձանագրվել է գույք-շենքային պայմանները:

Ապագա ավտոփականագործների հետ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը հետաքրքրվել է, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն նրանք ստացած կրթությունից, ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան: Ուսանողներից մեկը նշել է, որ բացի ավտոփականագործությունից՝ նաև գծագրություններ է կատարում և հավանաբար հենց այդ ուղղությամբ էլ կշարունակի հետագայում աշխատել:

Շրջայցի ընթացքում քոլեջի տնօրեն Արտակ Գրիգորյանը ներկայացրել է քոլեջում կազմակերպվող մասնագիտական կրթական ծրագրերի պահանջարկը՝ որպես մտահոգություն շեշտելով, որ հատկապես շինարարության ոլորտի մասնագիտություններով դիմորդներ չունեն՝ չնայած որ աշխատաշուկայում այդ ուղղությամբ մեծ պահանջարկ կա:

Արձանագրելով խնդիրը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր մոդելը, որը գործարկվել է այս ուսումնական տարվանից, կնպաստի իրավիճակի բարելավմանը: Քննարկման ընթացքում նշվել է, որ շինարարական մասնագիտություններն ընդգրկված են  գերակա համարվող մասնագիտությունների ցանկում, որոնց համար նախատեսվում է բարձր կրթաթոշակ:

Զբոսաշրջային ոլորտի սպասարկում մասնագիտացմամբ սովորող 3-րդ կուրսեցիները փոխնախարարի հետ զրույցի ընթացքում տեղեկացրել են, որ շատերն արդեն իսկ աշխատում են սպասարկման ոլորտում: Ուսանողները ցանկություն են հայտնել պրակտիկան նաև երևանյան 5-աստղանի հյուրանոցներում անցնելու հնարավորություն ստանալու մասին:

Արաքսիա Սվաջյանը եղել է նաև Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում, որտեղ այս պահին արդեն կրթություն է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 26 աշակերտ: Նրանցից մի քանիսի հետ դասապրոցեսի ընթացքում ծանոթացել ու զրուցել է փոխնախարարը: Արաքսիա Սվաջյանն առաջին հերթին ճշտել է՝ արդյոք նրանք արդեն ապահովվե՞լ են դասագրքերով: Նշվել է, որ սովորողներն ապահովվել են դասագրքերով և գրենական պիտույքներով:

Այնուհետև Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է Նոր Գեղիի ակ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի շինարարության մասնաշենքերից մեկի հիմնանորոգման աշխատանքներին: Մինչ այդ քոլեջի ուսանողների դասերը կազմակերպվում են Լուսակերտում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո քոլեջն ապահովված կլինի ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հաշվի կառնվեն նաև միջավայրի ներառականության և խելամիտ հարմարեցումների պահանջները:

Վերջին կանգառը Բյուրեղավանն է եղել, որտեղ նախարարի տեղակալը եղել է տեղի ավագ դպրոցում և ուսումնարանում:

Նախարարի տեղակալը Բյուրեղավանի ավագ դպրոցում ծանոթացել է դասապրոցեսի կազմակերպման ընթացքին: Դասարաններից մեկում սովորող արցախցի աշակերտներն Արաքսիա Սվաջյանին պատմել են իրենց հին դպրոցի և նոր միջավայրում կազմակերպվող դասերի մասին: Ավագ դպրոցի շենքում նաև նախակրթարան է գործում, քանի որ հիմնական դպրոցները շենքային պայմանների և տարածքի խնդիր ունեն:

Դպրոցի տնօրենը փոխնախարարին տեղեկացրել է, որ այս տարի նախակրթարանում նաև հատուկ կարիքներ ունեցող երեխա  է ընդգրկված, որի հետ առանձին աշխատանքներ են տարվում: Դպրոցն արդեն նաև հոգեբան ունի, որը պարտադիր է բոլոր դպրոցների համար այս ուսումնական տարվանից:

Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանում Արաքսիա Սվաջյանը կարճ զրույցներ է ունեցել ինֆորմատիկա և վարսավիրական գործ սովորող ուսանողների հետ, ուսումնասիրել նրանց ուսումնառության պայմանները, ծանոթացել ուսումնարանի շենքային պայմաններին:

Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ՄԿՈՒ ուսհաստատություններում ներկայացրել է ոլորտի զարգացման ընթացիկ ծրագրերն ու հեռանկարները, խոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին ուսումնական-աշխատանքային գործընթացներում ինտեգրելու անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ ՄԿՈՒ հաստատությունների հանրակրթական առարկաների ուսուցիչները ևս կարող են մասնակցել կամավոր ատեստավորմանը և ստանալ աշխատավարձ՝ բարձր դրույքաչափով և հավելավճարով:

Նախարարի տեղակալի մարզային այցերը լինելու են շարունակական:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031