Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված երկու անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը:
Այսօրվա նիստի սկզբում պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց գործով որպես տնտեսագետ ներգրավել Աշոտ Ստեփանյանին, սակայն միջնորդությունը դատարանը մերժեց:
Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն Aravaot.am-ին ասաց, որ այսօր վերջապես նախնական դատական նիստերն ավարտվեցին, գործի նախապատրաստումը համարվեց ավարտված եւ հաջորդ նիստում արդեն կսկսվի ապացույցների գնահատման փուլը:
«Իսկ ինչ վերաբերում է տնտեսագետ ներգրավելու մեր միջնորդությանը, դա մեր կարծիքով՝ անհրաժեշտ էր հավասարության սկզբունքը պահպանելու առումով: Դատախազությունը այս գործով ներգրավել է այդպիսի մի մարդու: Եվ տնտեսագետի կարիք, իրոք, կա, որովհետեւ այս գործով իրականացրել են Հրազդանի նախկին քաղաքապետի եւ նրան փոխկապակցվող եւս երկու անձանց մի 20 տարվա կյանքի ֆինանսական վերլուծություն եւ գտել, որ այսինչ, այնինչ էպիզոդներում ապօրինի գույք կա: Օբյեկտիվորեն, այդ փաստաթղթերից ոչ դատավորը կարող է հասկանալ, ոչ հայցվորը, ոչ էլ մենք, որովհետեւ մենք իրավաբան ենք եւ ոչ թե տնտեսագետ: Իսկ գործում բազմաթիվ դրվագներ կան՝ կապված բանկային շարժերի եւ գույքի հետ, ինչը տնտեսական վերլուծություն է պահանջում եւ դրանց ապացույցները դրվում են մեր՝ պատասխանող կողմի վրա»-ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 21-ին, ժամը 10:30-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ