ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծին՝ երկրորդ ընթերցմամբ։
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն ասաց․ «Փոփոխություններ ենք կատարում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքում եւ պարտավորություն սահմանում կադաստրի կոմիտեի եւ նոտարների համար՝ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել լիազոր մարմնին, տվյալ դեպքում՝ Կենտրոնական բանկին։ Անհրաժեշտությունը ծագել է այս ոլորտում ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով»։
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը վիճակագրություն ներկայացրեց․ «2020 թվականի առաջին կիսամյակում ամբողջ հանրապետությունում եղել է մոտ 20 հազար՝ 19 979 առք ու վաճառքի գործարք, որից 6000-ը նվիրատվություն։ Համեմատության համար նշենք, որ երեք տարի հետո՝ 2023 թվականի առաջին կիսամյակում առք ու վաճառքի 20 հազար թիվը դարձել է 23 700։ Այսինքն՝ 3700-ով ավելացել է, մոտ 15 տոկոսով, այնինչ, նվիրատվությունները 6000-ից դարձել են 12 600։ Այսինքն՝ ավելի քան երկու անգամ աճել են նվիրատվության գործարքները կամ 105 տոկոսի չափով։ Ակնհայտ է, որ այստեղ կան որոշակի ռիսկեր։ Մեր քաղաքացիները երբեմն այսպես եմ վարվում, որովհետեւ ոչ թե ուզում են ինչ-որ բան թաքցնել, այլ այսպես իրենց ավելի հարմար է։ Բացատրեմ, թե ինչու եւ առաջին հերթին իմ այս քննադատությունը Կենտրոնական բանկին է ուղղված։ Քաղաքացիները վաճառում են իրենց գույքը, պետք է բնականաբար վաճառեն անկանխիկ եղանակով, բայց բանկերի մի մասը կանխիկացման համար գումար են ուզում։ Եվ սա այն պատճառներից մեկն է, որ քաղաքացին խուսափում է։ Կարծում եմ, որ այս պատճառներից բացի կլինեն նաեւ դեպքեր, երբ կասկածելի, ապօրինի գույքն օրինականացնելու գործարքներ կլինեն։ Եվ այդ տրամաբանության մեջ մենք նախագծին պետք է տանք դրական եզրակացություն, բայց Կենտրոնական բանկի հետ աշխատենք, բանկերը չպետք է օգտվեն մեր ընդունած օրենքներից եւ ծառայություն չմատուցելով՝ դրա դիմաց ինչ-որ բան ստանան»։
Գեւորգ Պապոյանը հավելեց․ «Այո, մենք էականորեն սահմանափակել ենք ապօրինի գույքի օրինականացման գործընթացը»։
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ նվիրատվությունների գործարքների թվի ավելացումն ուղիղ համեմատական չէ ապօրինի գույքը թաքցնելու փորձերի հետ։ «Եվ նվիրատվությունների գործարքների քանակական աճն ունի մի քանի պատճառներ, այդ թվում է նաեւ անկանխիկի օրենքի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում, երբ քաղաքացիները փորձում են նման ձեւով բանկային ծառայությունների համար լրացուցիչ գումարներ չվճարել։ Դրա համար էլ մենք նշում ենք, որ սա ապօրինի գույքի դեմ պայքարի գործիքներից մեկն է եւ ոչ միակը։ Մենք ստեղծում ենք տվյալների բազա մեր ուսումնասիրության համար, եւ այդ գործիքները չեն սահմանափակվում միայն օրենսդրական նախաձեռնություններով, տարբեր գործիքներ կան»,- ասաց արդարադատության փոխնախարարը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ