Տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահի հրամանագրով Ստեփանակերտի պարետ է նշանակվել Ադրբեջանի ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովը:
Այս օրերին հայ հասարակությունը հասցրել է Ադրբեջանի կողմից իբր պարետ նշանակված արցախահայ Սարգիս Գալստյանին «թուրք ու դավաճան» որակել, ամենավերջին պիտակավորումներն անել: Իսկ այդ լուրը հրապարակել էր վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում է արել Սարգիս Գալստյանի մասին՝ պնդելով. «Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա: Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց: Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է (Ստեփանակերտ) և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի: Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումներում Նիկոլին անվանում է էֆենդի»:
Թաթուլ Հակոբյանի հրապարակումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 28-ին՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանով, Սարգիս Գալստյանը նշանակվել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Արցախի իշխանությունների կալանավորումից, իսկ մի մասի Հայաստան տեղափոխվելուց հետո մնացել է ամենաբարձր կարգավիճակն ունեցող պաշտոնյան: Նա մտերիմներին ասել էր, որ Ադրբեջանի իշխանությունը իրեն ոչինչ չի նշանակել, ինքը գործում է որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ ասել էր, որ Արցախից չի հեռանալու:
Կարդացեք նաև
Թաթուլ Հակոբյանի տեղեկատվությունը, որ Ադրբեջանի ներկայացուցիչը Ստեփանակերտում հենց Սարգիս Գալստյանն է, հերքել էր Սարգիս Գալստյանի եղբորորդին՝ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, իսկ Սարդար Սաֆարովի նշանակման հրամանագրից հետո հայտարարել է, որ պատրաստվում է զրպարտության համար հայց ներկայացնել Թաթուլ Հակոբյանի դեմ:
Aravot.am-ի հետ զրույցում, երբ փորձեցինք ճշտել, թե ինչ պարզաբանում ունի Թաթուլ Հակոբյանը, նա պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում, զանգեք իրենից հարցրեք»: Հարցին՝ դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել հասարակությունից՝ նա պատասխանեց. «Չէ, չէ, ներողություն խնդրելու բան չկա, տեղեկատվությունը ստացել եմ իր բարեկամներից, ինքն է ասել այդ մասին, ես ներողություն խնդրելու բան չունեմ, այդքան բան»,- ասաց Թաթուլ Հակոբյան ու անջատեց հեռախոսը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թաթուլ Հակոբյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից