2020 թվականին Հայաստանում խաղադրույքները կազմել են 2 տրիլիոն դրամ, 2021-ին՝ 3,9 տրիլիոն, իսկ 2022 թվականին՝ 5,8 տրիլիոն։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հարցրեց․ «Օնլայն խաղերի հարթակում լիցքավորումը կատարվում է օնլայն, բայց կազինոներ մարդը ֆիզիկապես է գնում։ Եվ այստեղ ռիսկերը մեծանում են, այսպիսի խոսակցության կա, թե կազինոներն ասում են իրենց մշտական հաճախորդներին՝ դուք արխային եղեք, որովհետեւ մենք ձեզ հնարավորություն կտանք տակից խաղալու։ Այսինքն՝ ուզում եմ հասկանալ՝ կազինոների վերահսկողությունը ո՞նց է կազմակերպվելու, ո՞ր մարմինն է վերահսկելու»։
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն ասաց, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն։ «Ձեր նշածը ենթադրում է ապօրինի խաղային գործունեության կազմակերպում, դա կոնկրետ հանցագործություն է, որի հետեւից պետք է գնալ»,- հավելեց Պապոյանը։
Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ այսօր Հայաստանում գործում է 5 խաղատուն, որից 4-ը Ծաղկաձորում, մեկը՝ Երեւանի մատույցներում։ Ըստ փոխնախարարի՝ ուշադիր հետեւում են ոլորտին։ «ՊԵԿ-ը բավական մեծ նախագծերի փաթեթ է շրջանառել, որը լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կդնի խաղատների վրա, որպեսզի պետությունը օնլայն վերահսկի, թե ինչ է կատարվում խաղատներում։ Եթե ստացվի այդ տեխնիկական լուծումները տալ, ապա վերահսկողության մակարդակը կարող է բարձրանալ։ Փաթեթը դեռ ներքին շրջանառության մեջ է, բայց ընդհանուր համաձայնությունների եկել ենք, մնացել են տեխնիկական հարցեր։ Գաղափարն այն է, որ ժամանակի ընթացքում տեխնոլոգիաների հասանելիություն այդ խնդրահարույց խաղացողներին ուղղորդելու է դեպի օնլայն շահումով խաղեր։ Իսկ պետությունն արդեն իսկ նոր խաղատների բացման վերաբերյալ ապագայում սահմանելու է շատ ավելի բարձր պահանջներ։ Դա հանգեցնելու է նրան, որ սոցիալապես խոցելի խմբերը կամ այլք հեռու կմնան կամ մարդն, ով իր «սև փողը» ուզում է «լվանալ» խաղատների միջոցով, չուզենա խաղատուն գալ, որովհետեւ ինքը էլի վերահսկողության տակ է լինելու։ Օրենսդրական մակարդակով երեւում են լուծումները, իսկ ՊԵԿ-ը շատ ուշադիր հետեւում է շուկային», – ընդգծեց Ավագ Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ