Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ անկեղծ լինելու տպավորություն կա, ազնիվ չէ արտաքին գործոնով պայմանավորված աճը համեմատել ներքին գործոնով աճի հետ»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 16,2023 13:08

«Պարոն Ավանեսյան, ինձ մոտ ոչ անկեղծ լինելու տպավորություն է առաջանում, դուք ասում եք՝ շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով, տրանսպորտն աճել է 40 տոկոսով։ Ակնհայտ է, որ տրանսպորտն աճել է 40 տոկոսով ռեէքսպորտի պատճառով։ Դրսի գործոնով պայմանավորված աճը համեմատել ներքին գործոնով պայմանավորված աճի հետ, մեղմ ասած, ազնիվ չէ»,- այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ասում եք՝ կրթությունը 10 տոկոսով աճել է, ինձ հետաքրքիր է, կրթությունը 10 տոկոսով ինչի՞ հաշվին է աճել։ Այս տարի կարծեմ 7 000 ուսանողի տեղ չի լրացել, այսինքն՝ ուսանողների գլխին ավելի շատ վարձ են ջարդել, դրա համա՞ր է աճել։ Շահումով խաղերի ոլորտի 7 տոկոս աճի հետ կապված ուզում եմ հասկանալ՝ իսկ ռեալ գներով նախորդ տարվա համեմատ այս շուկայի աճն ինչքա՞ն է կազմել»,- ասաց Խաչատրյանը։

Ավագ Ավանեսյանն ի պատասխան ասաց․ «Կարող եմ ասել, որ ոլորտը համաշխարհային աճից արագ չէ, տնտեսական աճից արագ չէ, տնօրինվող եկամուտներից արագ չի աճում»։ Ըստ Ավանեսյանի՝ ենթադրվում է, որ մարդկանց տնօրինվող եկամուտներն ավելի արագ են աճում, քան ոլորտի միջին աճն է։ «Եվ մենք կարող ենք ենթադրել, որ տնտեսությունն է ավելի արագ աճում, քան ոլորտի աճն է։ Դա նշանակում է, որ ոլորտի դերը, որ մինչ այդ աճում է ավելի արագ, քան տնտեսությունը, կրճատվել է։ Դա ակնհայտ դրական շարժ է։ Կարող ենք քննարկել, թե՞ արդյոք սա կայուն է լինելու։ Չեմ կարող ասել, որ հաջորդ տարի ինքը 1 կամ 2 տոկոսով չի աճի։ Եթե աճի, արդեն պետք է Ազգային ժողովի հետ համատեղ հասկանանք, թե այդ աճն ինչո՞ւ է եւ հաջորդ միջոցները կիրառենք»,- հավելեց Ավանեսյանը։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Իհարկե, ոլորտը տնտեսությունից ավելի դանդաղ է աճում, բայց տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեն արտաքին գործոնները։ Եկեք աճը զտենք»։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց նախագծերի փաթեթին, որով, հիշեցնենք, սահմանվում է, որ քաղաքացիները կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց պատկանող բանկային ու քարտային հաշիվներից։ Ներդրվելու են այս գործընթացը վերահսկելու մեխանիզմներ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031