Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարողության ժամանակ մամուլի համար տեղ չլինելը Գյուլնազ տատու հեքիաթի պես մի բան է». Աշոտ Մելիքյանի և Ստյոպա Սաֆարյանի բանավեճը

Հոկտեմբեր 16,2023 12:18

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդմնակալությունից այս նկարի ուղեկցությամբ մի խումբ հարգարժան գործընկերներ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը, «Ֆեմիդա» ՀԿ-ն, հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, որ «քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը», իսկ «երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին»։

Անկեղծ ուզում եմ բոլորին հարց տալ. երբ այս տեքստի հետ կցվում էր այս նկարը, մտովի ինչպե՞ս էին պատկերացնում այս փոքր ու մինչև վերջին աթոռը զբաղեցված դահլիճում «համակողմանի լուսաբանումն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումները… Կար ընդամենը այդ կարմիր միջանցքը, որով մեկ կամ երկու մարդ է անցնում… Իսկ վերևի հարկերում երգչախմբերն էին կանգնած Հայաստանի ու մայրաքաղաքի հիմների կենդանի կատարման համար, այնպես որ այնտեղ էլ մոտ կանգնելու տեղ չկար…

Երկրորդը՝ երդմնակալության արարողություն ասվածը դա Ավագանու հատուկ նիստ է. այդ նիստի ժամանակ աշխարհի ոչ մի քաղաքային խորհրդում կամ խորհրդարանում թույլատրված չէ կամերաներով, միկրոֆոններով դահլիճով վազվզելը ու էքսկլյուզիվ նկարահանումներ անելը… Որովհետև սա պետական մարմնի աշխատանք է՝ սահմանափակ օրակարգով ու ելույթներով…

Ես Երևանի ավագանու 2013-2017 գումարման «Բարև Երևան» խմբակցության այն անդամն եմ, որը համահեղինակն ու պայքարակիցն էր Անահիտ Բախշյանի օրենսդրական առաջարկության, որի արդյունքում այժմ ունենք ոչ միայն ԱԺ նիստերի, այլ ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում: Ու դա արել ենք հենց ավագանու աշխատանքների թափանցիկության համար: Ու դա արվել է ժամանակի իշխանությունների հետ մեծ կռիվների ու պատերազմների գնով…

Հիմա ես ուզում եմ հասկանալ առնվազն գրված հայտարարությունը զուտ վերոնշյալ երկու դիտանկյունից. անկախ ամեն ինչից բացառիկ նկարահանումների նպատակով լրագրողների ներկայություն դահլիճում, որտեղ հատուկ նիստ է այլ ոչ թե ծնծղաներով ու փուչիկներով միջոցառում, ու դահլիճում տեղ չկա, ինչպե՞ս էր հնարավոր կամ ինչո՞ւ պետք է թույլ տրվեր…

Որպեսզի դեսպանների, հյուրերի գլխի վրայով թռչելով հաջող ու անհաջող կադրեր ստանայի՞ն…

Իմ հարգելի ընկերներ, ժողովրդավարությունն ու խոսքի ու տեղեկություններ ստանալու, տարածելու ազատությունը հո չի՞ ասում, թե լրագրողը որտեղ ուզի՝ կարող է կանգնել…

Ի վերջո՝ ճեպազրույց եղել է, չէ՞… Գնացեք ու Ավինյանին զգլխիչ հարցեր տվեք, ո՞վ է արգելում…»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ի պատասխան, գրել է. «Ստյոպա, բարեկամս, մի մտիր բանավեճի մեջ մի հարցի շուրջ, որից այնքան էլ գլուխ չես հանում։ Եթե գրածիդ հեղինակը քաղաքապետարանի մի բյուրոկրատ լիներ, կասեի՝ ոչինչ, փորձում է արդարանալ, և ամենայն հավանականությամբ չէի պատասխանի։ Բայց, եթե այսպիսի գրառում է անում ժողովրդավարության ջատագովը, ուրեմն նա թյուր պատկերացումներ ունի լրատվամիջոցների տեղի և դերի մասին։

Նախ` առնվազն տարակուսանք է առաջացնում քո քամահրական վերաբերմունքը լրագրողների հանդեպ և նրանց հասցեագրված քո բնութագրումները որպես «կամերաներով, միկրոֆոններով դահլիճով վազվզողների» կամ «դեսպանների, հյուրերի գլխի վրայով թռչելով հաջող ու անհաջող կադրեր ստացողների»։ Ի վերջո, չի կարելի ամբողջ լրագրությունը չափել մի արշինով ու գնահատել, օրինակ, քո կողմից «սիրված» livenews-ի մակարդակով։

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա արարողության ժամանակ մամուլի համար տեղ չլինելը Գյուլնազ տատու հեքիաթի պես մի բան է, անհիմն պատրվակ՝ լրագրողներին հեռու պահելու համար։ Օրինակ, նախորդ քաղաքապետի երդմնակալությանը ԶԼՄ-ները ներկա էին, նրանց համար տեղ գտնվեց, որովհետև կար դրա անհրաժեշտության գիտակցումը։ Հիմա ինչ ես կարծում՝ դա ժողովրդավարությանը բնորո՞շ քայլ էր, թե՞ հակասող։

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում նաև քո պնդումը, թե երդմնակալության նիստին «աշխարհի ոչ մի քաղաքային խորհրդում կամ խորհրդարանում թույլատրված չէ կամերաներով, միկրոֆոններով դահլիճով վազվզելն ու էքսկլյուզիվ նկարահանումներ անելը…»։ Իյա, իրո՞ք՝ կասեր դասականը։ Վազվզել, իսկապես, չի թույլատրվում։ Բայց այդ քաղաքային խորհուրդներն ու խորհրդարաններն իրենց պարտքն են համարում մամուլի համար հատուկ տեղ հատկացնել և աշխատանքի պայմաններ ստեղծել։ Եվ եթե դու քո պնդման մի քանի օրինակ բերես, ես իմ ասածի տասնյակ օրինակներ կբերեմ։

Այսինքն` պետք էր ընդամենը հարգել ԶԼՄ-ներին, հրավիրել երդմնակալությանը և քաղաքակիրթ կերպով կազմակերպել նրանց աշխատանքը։ Չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել, չգիտեմ։ Բայց քո կողմից «դոշ տալը» և քաղաքապետարանի սխալն արդարացնելը, հատկապես ձեռնոց նետելով 11 լրագրողական կազմակերպություններին, առնվազն տարօրինակ է։

Ասում ես՝ Ավինյանը ճեպազրույց տվեց։ Կրկին՝ իրո՞ք։ Կարծում եմ՝ լրագրողները, գոնե նրանց որակյալ մասը, դեռ կստիպեն Ավինյանին իրենց հարգել»։

«Այստեղ ոլորտի բան չկա, որ հատուկ լրագրողական հմտություններ պահանջի կարծիք գրելու համար։ Աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրների նման կա պետական մարմնի հատուկ նիստ՝ իր հստակ օրակարգով ու արարողակարգով, որը որևէ հարցուպատասխան լրագրողների կողմից չի ենթադրում ու նախատեսում։ Դա ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ է մեկ հարցով՝ երդման տեքստի ընթերցմամբ ու երկու ողջույնի/օրհնանքի խոսքով։

Նման դեպքերում մեկ ուղիղ հեռարձակում է լինում, մնացածը վերահեռարձակում են։ Դա է կարգը։ Ի՞նչ էքսկլյուզիվ տեսանկարահանում: Դա է գրված հայտարարության մեջ, որը չի կարող լինել։ Ուզեք թե չուզեք՝ դա է կարգը։ Այո, դրանից՝ նիստից հետո պետք է ճեպազրույց տալ, ինչը և արվել է։

Հայկ Մարությանը որոշել է հյուրերի փոխարեն լրագրողներ կանչել, դա իր ընտրությունն է։ Դա չի նշանակում, թե դա միակ ճիշտն է։

Հաջորդ քաղաքապետն էլ կարող է նախընտրել ոչ թե դիվանագետներ ու պետական մարմինների ներկայացուցիչներ կանչել, այլ ԲԱՑԱՌԱՊԵՍ երևանցիներ։ Ես այդպես կանեի։ Ու լրագրողների համար էլ միայն այն, ինչ գրեցի՝ ճեպազրույց»,- Աշոտ Մելիքյանին հակադարձել է Ստյոպա Սաֆարյանը:

Աշոտ Մելիքյանն ի պատասխան գրել է․ «Էլի չես ուզում ընկալել ասածիս իմաստը ու առաջնորդվում ես միայն քո պատկերացումներով։ ԶԼՄ-ների ներկայությունը չէր ենթադրելու երդմնակալության արարողությունը հարցուպատասխանի վերածել։ Դրա համար էլ կա հստակ կանոնակարգում։ Լրագրողները կարող էին նիստից առաջ և հետո տարբեր հյուրերից մեկնաբանություններ վերցնել, ընթացքում նաև իրենց հատկացված տեղից սեփական նկարահանումներն անել՝ հույսները չդնելով ուղիղ հեռարձակման չորուցամաք կադրերի վրա, և շատ ավելի արժեքավոր նյութեր պատրաստել։ Ասածիս իմաստը հասկանալու համար պետք չէ լրագրող լինել։ Ամբողջ հարցն այն է՝ կարևորվո՞ւմ է այս ամենը, թե՞ ոչ։ Ավինյանը չի կարևորել, և դրա մասին է մեր քննադատող հայտարարությունը և արտահայտված մտահոգությունը, որ ապագայում էլ այս ոճով չաշխատի լրագրողների հետ։ Ի վերջո, քո հիշատակած կարգը մարդիկ են ստեղծում՝ ըստ իրենց ունեցած կամ չունեցած գիտելիքների և արժեքների։

Քանի որ կրկին վկայակոչում ես աշխարհի ժողովրդավարական երկրների փորձը և այն ներկայացնում ես որոշ առումով քեզ հարմարեցնելով, հստակեցնեմ՝ այո, քո ֆետիշացրած ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ հարցուպատասխանի ոչ ոք չի վերածում, բայց և ԶԼՄ-ների ներկայությունը նման միջոցառումներին ժողովրդավարական երկրներում չեն անտեսում և հստակ կանոնակարգմամբ ապահովում են։ Լավ, տասնյակ օրինակներից մեկը բերեմ․ Բեռլինի քաղաքապետարանում, որը, ինչպես հասկանում ես, ինքնակառավարման մարմին է, լրագրողների հավատարմագրում չի նախատեսվում, և ավագանու նիստերին ազատ կարող են մասնակցել ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այլ նաև քաղաքացիները։

Ժամանակին՝ Տարոն Մարգարյանի օրոք, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման կարգ մտցրեցին՝ անտեսելով, որ օրենքը դա արդարացիորեն չի նախատեսում․ ՏԻՄ-երը պետական մարմին չեն, և իրենք պետք է շահագրգռված լինեն դռները բաց պահել մեդիայի և հանրության առջև։ Հիշում եմ՝ նաև ժողովրդավարությանը հակասող օրենսդրական փոփոխություն արվեց, իսկ լրագրողներին ավագանու նիստերի դահլիճից դուրս հանեցին ու տեղափոխեցին մեկ այլ սենյակ՝ հորդորելով, որ բավարարվեն ուղիղ հեռարձակմամբ։ Հեղափոխությունից հետո քո խոնարհ ծառան մի քանի գործընկերների հետ հանդիպեց քաղաքապետարանի մամուլի խոսնակի ու աշխատակազմի ղեկավարի հետ և համոզեց, որ նիստերի դահլիճին կից սենյակի պատը քանդվի և լրագրողների համար սրահ կահավորվի։ Օրենքի նախագիծ էլ պատրաստեցինք և քաղաքապետարանի միջոցով ուղարկեցինք ԱԺ։ Այն 2019-ին ընդունվեց, որից հետո լրագրողների մուտքը քաղաքապետարան կրկին ազատ դարձավ՝ առանց հավատարմագրման։ Այդ հարցը պետք է կարգավորվի ոչ թե ըստ ճաշակի, այլ ժողովրդավարությանը հարիր օրենքով։ Իսկ դու, չգիտեմ ինչու, անհիմն սահմանափակումներն ես պաշտպանում և քամահրանքով խոսում լրագրողների մասին, կարծես երդմնակալությանը հրավիրվածները բոլորը վերին արտի ցորեն էին․․․

Սրանով բանավեճն ավարտում եմ, ժամանակս սուղ է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031