Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով, այն այլեւս ամենաարագ աճող ոլորտներից չէ»․ Ավագ Ավանեսյան

Հոկտեմբեր 16,2023 11:02

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեցին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը։

Հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հիշեցրեց, որ առաջարկվում է հետեւյալ փոփոխությունը․ «Քաղաքացիները կարող են իրենց խաղային հաշիվը լիցքավորել բացառապես միայն իրենց պատկանող բանկային ու քարտային հաշիվներից։ Ունենք եւ մեկ փոփոխություն՝ կապված վարչական պատասխանատվության հետ։ Առաջինից երկրորդ ընթերցման հատվածում մենք առաջարկներ ենք ստացել գործարար դաշտից։ Աշխատանքային քննարկում այստեղ արեցինք, եւ այդ հանդիպման արդյունքներով որոշակի առաջարկներ են ձեւավորվել»։

Գեւորգ Պապոյանի խոսքով՝ սահմանվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի մեկից, թեեւ գործարար ոլորտի առաջակն այն է եղել, որ ուժի մեջ մտներ հուլիսի մեկից։

Գեւորգ Պապոյանը նշեց, որ խաղացողների թիվը չի ավելանում, հակառակը՝ տեմպը կտրուկ ընկել է։ «Եթե նախկինում մենք երկրաչափական պրոգրեսիայով էինք աճում, հետո դարձել ենք թվաբանական պրոգրեսիայով, հիմա ընդամենը շատ սիմվոլիկ տոկոսներով։ Այսինքն՝ այն կտրուկ աճի տեմպը որ կար, կոտրվել է։ Հիմա արդեն հաջորդ փուլին ենք անցնում, ըստ էության, մոտենում ենք զրոյական աճի փուլին։ Կարծում եմ՝ նախկինում ընդունված օրենքներն աշխատել են, եւ սա ամենակարեւոր արձանագրումն է»,- ասաց նա։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ ասաց, որ, օրինակ, 2016 թվականին ոլորտում մեծ աճ կար։ «2016 թվականին, երբ ՀՆԱ-ն ընդամենը 0,2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք լինելու։ Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել։ Սակայն, եթե պարզ վիճակագրությունը նայենք, ապա այս ամիսներին ծառայությունների ընդհանուր ոլորտն աճել է 14 տոկոսով, շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով։ Այսինքն՝ չնայած նրան, որ աճը կա, բայց ինքն այլեւս այն աճը չէ, որ ծառայությունների ոլորտում քարշակող հիմնական ոլորտն ինքն է։ Օրինակ՝ կացության ծառայությունները 30 տոկոսով են աճել, տեղեկատվական ծառայությունները 55 տոկոսով են աճել, տրանսպորտի ոլորտում 30 տոկոս աճ է եղել, կրթությունը 10 տոկոսով է աճել։ Այսինքն՝ երբ ընդհանուր նայում ենք՝ արդյո՞ք ոլորտը տնտեսությունից արագ է աճում, թե՞ չէ, կարելի է առնվազն փաստել, որ այլ ծառայությունների համեմատ ոլորտն այլեւս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չի հանդիսանում»,- ասաց Ավանեսյանը։

Ըստ նրա՝ համաշխարհային միտումն այն է, որ շահումով խաղերի ոլորտը շարունակում է տարեկան միջինը 10-15 տոկոսով աճել։ Եվ կանխատեսվում է, որ Հայաստանում մինչեւ տարեվերջ աճի դանդաղման միտումը կպահպանվի։ Միաժամանակ, փոխնախարարը չբացառեց, որ սա կարող է ժամանակավոր բնույթ ունենալ։ Անդրադառնալով կարգավորումները խստացնելուն, Ավագ Ավանեսյանն ասաց․ «Փորձում ենք կարգավորումները խստացնել, բայց ոչ այնքան, որ մարդիկ շատ արագ գնան ու սկսեն մտնել սեւ շուկա կամ, օրինակ, օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ, որոնք Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված չեն, ուստի մեր քաղաքացիները պաշտպանված չեն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031