Մեր օրգանիզմը ներզատական հզոր համակարգ ունի՝ գեղձերի ու բջիջների մի ողջ զինանոց, որի «արտադրանքը» տարածվում է օրգանիզմի ներսում՝ արյան, ավշի մեջ, ի տարբերություն արտազատական համակարգի արգասիքների։ Ներզատական բջիջներն ու գեղձերն արտադրում են տարատեսակ հորմոններ, որոնք, լինելով կենսաբանորեն ակտիվ նյութեր, օրգանիզմում բազմազան գործընթացներ են կարգավորում, և այդ նուրբ կենսաքիմիական գործընթացների արդյունքում օրգանիզմը փոխում է իր վարքագիծը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական մակարդակներում։ Պարզեցված տարբերակով դիտարկենք, թե ինչպես են հորմոններն ազդում մարդու հոգեհուզական վիճակի և վարքագծի վրա։
Էնդորֆին – էնդորֆինը մեր ներքին «թմրանյութն» է, որն արտադրվում է հիպոֆիզի կողմից։ Այս հորմոնը պատասխանատու է գեղձերի, իմունային համակարգի աշխատանքի կարգավորման համար։ Նյարդային համակարգը, կարելի է ասել, հիմնվում է էնդորֆինի վրա։ Այս հորմոնի դերը պատկերացնելու համար բավարար է թեկուզ այն փաստը, որ վնասվածքների ժամանակ արյան մեջ էնդորֆինի կտրուկ արտազատումներ են տեղի ունենում՝ ցավի մակարդակը նվազեցնելու, օրգանիզմը շոկից պաշտպանելու համար։
Էնդորֆին է արտադրվում հուզական պահերին՝ սիրահարվածության շրջանում, անակնկալներ ստանալիս, հաղթելիս և այլն, ինչն էլ թմրանյութի ազդեցությունը հիշեցնող կախվածություն է առաջացնում՝ մեծացնելով այդ զգացողությունները վերապրելու ցանկությունը։
Կարդացեք նաև
Էստրոգեն – էստրոգենն իգական հորմոն է, որը պատասխանատու է կանացիության, մեղմության, քնքշության համար, այն նաև կնոջը միաժամանակ մի քանի գործողություն կատարելու հնարավորություն է տալիս։ Այս հորմոնի շնորհիվ կանայք կարողանում են միաժամանակ հեռախոսով խոսել, ճաշ եփել և ստուգել երեխաների տնային հանձնարարությունները։ Էստրոգենի անբավարարությունը դրսևորվում է կանացիության պակասով։ Այն նաև սեռական հորմոն է և պատասխանատու է կրքի, սիրահարվածության զգացումի համար։
Ացետիլխոլին – ացետիլխոլինը մտքի պայծառության, ստեղծագործական հաճույքի հորմոնն է։ Թերևս շատերին է ծանոթ այն ոգևորությունը, որը մարդ զգում է որևէ բարդ խնդիր լուծելիս, ինչ-որ հետաքրքիր բան հիշելիս կամ որևէ գործ շատ լավ կատարելիս։ Ոգևորվածության, բավարարվածության, երջանկության այդ պահերին էլ տեղի է ունենում ացետիլխոլինի արտազատում։ Հենց այս հորմոնն է օգնում կենտրոնացման, լուծումներ փնտրելու ժամանակ։ Ացետիլխոլինի արտադրության խթանմանը նպաստում են յոգան, մտավոր վարժությունները՝ խաչբառները, հանելուկները, ինտելեկտուալ խաղերը և այլն։
Վազոպրեսին – վազոպրեսինն օրգանիզմում կարգավորում է ջրաաղային հավասարակշռությունը։ Այն նաև արտադրվում է, երբ մարդը գիտակցում է սեփական գրավչությունը, հիանում իր մարմնի, մաշկի ու մազերի գեղեցկությամբ։ Շատերին է ծանոթ այն թեթևության, ուրախության զգացումը, որը մարդն ապրում է մազերը հարդարելուց կամ մաշկի մասին հոգալուց հետո․ հենց այդ վիճակի համար էլ պատասխանատու է վազոպրեսինը։
Դոֆամին – դոֆամինն ապահովում է մկանների համակարգված աշխատանքը, թեթևության ու նպատակասլացության զգացումը։ Դոֆամինի անբավարարության դեպքում ոտքերը կարծես ծանրանում են, մարմինը կորցնում է իր ճկունությունը։ Դոֆամինը խթանում է մտածողությունը, նվազեցնում ցավային զգացողությունները, հաճույքի ու թռիչքի զգացողություն առաջացնում։ Դոֆամինի արտադրությունը խթանում են պարը, վազքը, երաժշտական գործիքներ նվագելը։
Նորադրենալին – նորադրենալինը երջանկության ու թեթևության հորմոնն է, որը չեզոքացնում է ադրենալինը՝ վախի հարմոնը։ Ասենք որևէ մեկը փորձում է ձեզ վախեցնել՝ սարսափելի դիմակ հագած հայտնվելով ձեր տան դռան առջև․ այդ պահին արագանում է ձեր սրտի աշխատանքը, բարձրանում ճնշումը, մարմինը սեղմվում է, բայց հանկարծ դուք հասկանում եք, որ ձեզ վախեցնել ցանկացողը ձեր հարևանն է, որը պարզապես անհաջող կատակ է անում․ այդ ժամանակ էլ տեղի է ունենում նորադրենալինի արտազատում, դուք թուլանում եք, ծիծաղում, ճնշումը կարգավորվում է, արունատար անոթները լայնանում և հանգստության ու հաճույքի զգացում է առաջանում։ Ստացվում է՝ նորադրենալինը կարգավորում է օրգանիզմի թուլացումը, սթրեսից հետո տեղի ունեցող գործընթացները։ Նորադրենալինի արտազատում է տեղի ունենում բնության ձայներ, հանգստացնող երաժշտություն լսելիս։
Օքսիտոցին – օքսիտոցինը շփումից հաճույք ստանալու հորմոնն է։ Օքսիտոցինի անբավարարության դեպքում մարդը սկսում է խուսափել տարատեսակ շփումներից, դառնում է նյարդային։ Հենց օքսիտոցինն է պատասխանատու մայրական կաթի արտադրության համար․ այդ շրջանում մայրերը չափազանց քնքշություն են զգում իրենց բալիկների նկատմամբ։ Մարմնական գգվանքները, շոյելը, գրկախառնությունը ավելացնում են օքսիտոցինի արտադրությունը։
Սոմատոտրոպ հորմոն – սոմատոտրոպն աճի ու համամասնության հորմոնն է, որն արտադրվում է քնի ժամանակ, ահա թե ինչու է այդքան կարևոր առողջ քունն օրգանիզմի համար։ Անգամ եթե օրգանիզմը դադարում է աճել, առողջ քունը վերականգնում է մարմինը, մաշկը, մկանները։
Սերոտոնին – սերոտոնինը երջանկության հորմոնն է, որը լավ տրամադրություն, դրական աշխարհընկալում ու հաճույք է պարգևում։ Այն հաճախ նաև «թույլ կամքի հորմոն» են անվանում, որը ստիպում է մեզ տրվել հաճույքներին, անգամ երբ բանականությունը «ոչ» է ասում։ Սերոտոնինի արտադրությանը նպաստում են ֆիզիկական վարժությունները, քայլքը, տաք լոգանքը և այլն։
Թիրոքսին – թիրոքսինը էներգիայի հորմոնն է, որը լրջորեն ազդում է մարդու ինքնազգացողության վրա․ լավ տրամադրությունը կամ տխրությունը հենց թիրոքսինի մակարդակի ցուցիչն են։ Թիրոքսինը կարգավորում է լյարդի, երիկամների ու լեղապարկի աշխատանքը՝ համարվելով կենսականորեն կարևորագույն հորմոններից մեկը։ Թիրոքսինի արտադրությանը նպաստում են մարմնամարզությունը, մեդիտացիան, ծովամթերքով հարուստ սննդակարգը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ