Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդումը պարունակում է բնույթով եզակի վտանգավոր հանցագործություն». իրավապաշտպան

Հոկտեմբեր 16,2023 13:00

Երեւանի բնակիչ Վ. Կարապետյանը դիմել է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը:

Նա հայտնել է, որ որպես ապօրինի տիրապետողներ իրենց ուզում են վտարել բնակության համար դեռեւս 1979 թվականի որոշմամբ իրենց ընտանիքին հատկացված բնակելի տարածությունից: Հայցվոր «Կաթկոմպլեկտ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ Վ. Կարապետյանի ընտանիքին Երեւան, Ա. Սարգսյան փողոց, թիվ 10 բնակելի տուն հասցեի 39 քմ տարածքից, որպես ապօրինի տիրապետողներ, վտարելու պահանջի մասին: Հայցվորը պահանջ է ներկայացրել նաեւ, իբրեւ ապօրինի հարստացողներ, պատասխանողներից 720 000 ՀՀ դրամ գումար բռնագանձել: Պարզվեց, որ 1979 թ. դեկտեմբերի 5-ին Երեւանի կաթի կոմբինատի արհմիութենական կազմակերպությունը կայացրել է որոշում, որով նշյալ հասցեի 39 քմ մակերեսով տարածքը բնակության համար հատկացնել Վ. Կարապետյանի ամուսնուն՝ Մանվել Սարգսյանի ընտանիքին: ՀՀ կառավարության 28.04.2005 թ. թիվ 685-Ն որոշման 3.1 կետի համաձայն՝ «Կաթկոմպլեկտ» պետական ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացվել է Մանվել Սարգսյանին հատկացված՝ 200 հազար ՀՀ դրամ գնահատված արժեք ունեցող 39 քմ մակերեսով մեկ սենյակի տարածքը եւ հանձնվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ՝ բաժնետոմսերի ձեռքբերման եւ մարման միջոցով՝ համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ այն անվանափոխվել է «Կաթկոմպլեկտ» ՓԲԸ: Սահմանվել է, որ գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «ՀՀ 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

Նույն որոշման 4.1 կետի համաձայն՝ «Կաթկոմպլեկտ» ՓԲԸ գույքի կազմից առանձնացված 200 հազար դրամ գնահատված արժեքով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ 39 քմ մակերեսով մեկ սենյակի տարածքը ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է Մանվել Սարգսյանին: 2005 թվականի հոկտեմբերի 20-ին Կարապետյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող 39 քմ մակերեսով սենյակի մասնավորեցման (առուվաճառքի) թիվ 800- ՈՒ պայմանագիրը: 21.02.2006 թ. Երեւանի քաղաքապետարանի եւ Մանվել Սարգսյանի միջեւ կնքվել է հողի վարձակալության պայմանագիր, համաձայն որի՝ Մանվել Սարգսյանին վարձակալությամբ հանձնվել է նշյալ անշարժ գույքը:

ՀՀ արդարադատության նախարարությունը 20.05.2006 թ. թիվ Ե-2845 գրությամբ Մանվել Սարգսյանին հայտնել է, որ համաձայն իր ունեցած պետական գույքի մասնավորեցման պայմանագրի՝ շինության տակի հողը տրվում է սեփականության իրավունքով: Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետ. գրանցման 25.04.2007 թ. թիվ 2190317 վկայականի՝ ք. Երեւան, Աջափնյակ համայնք, Ա. Սարգսյան 10 տարածքի 39 քմ մակերեսով հողամասի եւ 37.8 քմ մակերեսով շինության նկատմամբ գրանցված է Մանվել Սարգսյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել մասնավորեցման պայմանագիրը, 30.06.2006 թ. թիվ 117-Ա որոշումը, 04.10.2005 թ. 199-Ն օրենքի 23 հոդվածը, 20.04.2007 թ. թիվ 895086 վճարման անդորրագիրը:

Այս տարի՝ 2023 թվականի ապրիլին հայցվոր «Կաթկոմպլեկտ» ՓԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Մ. Սարգսյանի ընտանիքին, որպես ապօրինի տիրապետողներ, բնակարանից վտարելու, պատասխանողներից 720 000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին: Ելնելով գործի շահերից՝ փորձեցինք պարզել նաեւ հայցվոր՝ «Կաթկոմպլեկտ» ՓԲԸ -ի եւ Երեւանի կաթի կոմբինատի միջեւ եղած օրգանական կապը, հասկանալ, թե ինչպես է «Կաթկոմպլեկտ» ՓԲԸ -ն դարձել Երեւանի կաթի կոմբինատի իրավահաջորդը: Այսպիսով, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված 21.07.2023 թ. թիվ (25.8.1) 34035-2023 տեղեկանքի, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում 17.07.1995 թ.-ին գրանցվել է «Կաթ» ԲԲ ընկերությունը, որը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թ. մայիսի 6-ի որոշմամբ:

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված 21.07.2023 թ. թիվ (25.8.1) 34035-2023 տեղեկանքի՝ 1995 թ. հոկտեմբերի 21-ին պետական միասնական գրանցամատյանում գրանցվել է «Կաթնարդյունաբերության եւ առեւտրագնման» պետական ձեռնարկությունը, որը 2000 թ. դեկտեմբերի 25-ին կատարել է անվանման եւ կազմկերպաիրավական տեսակի փոփոխության պետական գրանցում, անվանափոխվելով «Կաթկոմպլեկտ» պետական ՓԲ ընկերության: «Կաթկոմպլեկտ» ՊՓԲ ընկերությունը հանդիսանում է «Կաթնարդյունաբերության եւ առեւտրագնման» պետական ձեռնարկության իրավահաջորդը: Համաձայն Ընկերության արխիվային գործում առկա փաստաթղթերի՝ ՀՀ կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի թիվ 685-Ն որոշմամբ մասնավորեցնելուց հետո «Կաթկոմպլեկտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2005 թ. նոյեմբերի 9-ին անվանափոխվել է որպես «Կաթկոմպլեկտ» ՓԲ ընկերություն:

Նույն աղբյուրից լրացուցիչ՝ 28.02.2018 թ. թիվ 3634-18 գրությամբ, տեղեկացվել է, որ «Կաթ» ԲԲԸ եւ «Կաթկոմպլեկտ» ՓԲԸ միջեւ իրավանախորդության կամ իրավահաջորդության վերաբերյալ որեւէ տեղեկություններ չկան:

Հաշվի առնելով վերը նշված հակասական փաստերը՝ «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիան» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ինքնիրավչության եւ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով:

Այսպիսով, մեր կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հանցագործության մասին հաղորդումը պարունակում է բնույթով եզակի վտանգավոր հանցագործություն, այն էական վնաս է հասցնում նաեւ հասարակական շահերին ու պետությանը: Ուստի, գտնում եմ, որ պետք է հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան նորմերով, կատարել նախաքննություն, վերականգնել տուժածի իրավունքներն ու սոցիալական արդարությունը:

Խաչատուր ՄԱՐՈԶՅԱՆ

իրավապաշտպան

«Առավոտ» օրաթերթ
14.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031