Թե ինչ եղավ Արցախի հետ եւ ինչ իրավիճակում է հայտնվել Արցախի ժողովուրդը, կարծում եմ՝ բոլորին է հայտնի, այնպես որ՝ եղածը եղավ, մնում է միայն տիրություն անել աներեւակայելի վիճակում հայտնված մեր հայրենակիցներին՝ մազապուրծ եղած արցախցիներին, քանզի նրանք իրականում հայտնվել են չափազանց ողբերգական վիճակում ու նրանց գոյատեւելու միակ ճանապարհը Հայաստան պետության, համայն հայ ժողովրդի եւ հատկապես ազգությամբ հայ ունեւորների կողմից օգնություն տրամադրելն է, որպեսզի հրաշքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ճիրաններից մի կերպ փրկված մեր հայրենակիցները մեր հայրենիքում կարողանան գոյատեւել ու չվերանալ: Այս հույժ կարեւոր հարցում՝ արդեն հեծանիվ հնարելու հարկ չկա, պետք է ուղղակի ֆինանսական եւ այլ միջոցներով օգնել ու տեղավորել նրանց, եթե ոչ զուտ սրտացավությունից ելնելով, ապա գոնե զուտ պատվախնդրությունից, որպեսզի նենգ թշնամին դարձյալ չծիծաղի մեզ վրա, աշխարհին ներկայացնելով, որ տեսեք-տեսեք, հայերը մշտապես աշխարհի առաջ հպարտանում են, որ աշխարհում կա 10 միլիոնից ավելի հայ, բայց եկել է արդեն գործի ժամանակը եւ ՆՐԱՆՔ չեն կարողանում 10 միլիոնով՝ 50-100 հազար իրենց փախստական հայրենակիցներին մարդավարի տիրություն անել՝ տեղավորել, որպեսզի իրենց հայրենիքում նրանք չկոտորվեն: Դե, մեզ մշտապես քննադատում եւ ասում էիք, որ Ադրբեջանը փորձում է հայերին վերացնել՝ ցեղասպանել, դե հիմա դուք փորձեք փրկել ու տիրություն անել նրանց, հո հիմա էլ մենք չենք խանգարում, որ մեղքը մեզ վրա գցեք…
Փաստացի, ստեղծված իրավիճակը հանգել է պարզ թվաբանության. պետք է ունենալ փախստականների հստակ թիվը, հաշվել, թե որքանին պետությունը եւ նրանց բարեկամները կտեղավորեն, որպեսզի մնացածներին իրենց մեջ բաժանեն հարուստները՝ ամեն մեկն իր ցանկությունից ու հնարավորություններից ելնելով, որպեսզի գոնե մեկ հոգի անգամ դրսում չմնա անտեր: Պահը չէ եւ նման կարիք էլ չկա խոսելու, թե այդ ունեցվածքի մեջ որքան ոչ մաքուր փողեր կան, ուղղակի պահն օրհասական է եւ ունեւորները պարտավոր են ցուցաբերելու գթասրտություն ու սրտացավություն եւ մաքսիմալ չափով օգնելու Արցախից բռնի տեղահանվածներին: Հստակ կոչ եմ անում նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք եւս անմասն չմնան ստեղծված ողբերգական վիճակին, հնարավորության սահմաններում ֆինանսներ ուղարկեն իրենց վստահելի բարեկամներին՝ հորդորելով, որպեսզի նրանց միջոցով դրանք տրամադրվեն անելանելի վիճակում հայտնված մեր փախստական հայրենակիցներին: Հասկանալի է նաեւ, որ նրանք չեն վստահում պետական մարմիններին, այդ պատճառով էլ հորդորում եմ, որպեսզի գումարներն ուղարկեն իրենց վստահելի բարեկամներին ու հարազատներին եւ նրանց միջոցով դրանք հասցնել մեր կարիքավորներին՝ գրավոր հաշվառելով այդ ամենը: Կրկնում եմ, այս իրավիճակից դուրս գալու այլ հնարավորություն ուղղակի չկա եւ մնում է ունեւորների օգնությունը մեր հայրենակիցներին՝ դուրս գալու այս անելանելի ու ողբերգական իրավիճակից:
Մյուս կողմից, աշխարհը եւս ուշի-ուշով հետեւում է Արցախից Հայաստան տեղահանվող ժողովրդի հոսքերին ու նրանց տեղավորման իրավիճակին, իրենք եւս այդ հարցերը լուծելու համար գումարներ են ուղարկում պետությանը, այնպես որ, այստեղ եւս երկու գերկարեւոր հանգամանք է առաջանում: Նախ պետք է աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդն ամեն ինչ անում է եղած պրոբլեմները պատվով լուծելու համար եւ երկրորդ, որքան էլ որ պրակտիկորեն դժվար է, փորձեն հասարակական վերահսկողություն իրականացնել այլ երկրներից ուղարկվող գումարների՝ հնարավորինս արդարացի բաշխման նկատմամբ, որպեսզի դրանք հասնեն ճիշտ հասցեատերերին …
Ամփոփելով ասեմ. կարելի է շատ երկար գրել, սակայն պահը ճնշող է, այնպես որ, մեկ անգամ եւս դիմում եմ մեր ունեւոր հայրենակիցներին, որպեսզի այս հարցում անեն անհնարինը: Այն նաեւ յուրահատուկ խթան կլինի՝ Տիրոջ առջեւ իրենց երբեմնի գործած մեղքերը թեթեւացնելու համար:
Կարդացեք նաև
Համախմբվենք ու փորձենք՝ գոնե պատվախնդրությամբ լուծել մեզ բաժին հասած այս ողբերգությունը եւս, որպեսզի հայն իրավունք վաստակի հետագայում եւս ապրել ու արարել այս հողի վրա: Հուսանք:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2023