Լրահոս
Օրվա լրահոսը

Դիեգո Մարտին Էչեբարիա. «Արվեստագետները կարող են նպաստել հակամարտող կողմերի միջեւ կամուրջներ ստեղծելուն»

Հոկտեմբեր 16,2023 12:00

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) շարունակում է սեպտեմբերի կեսից մեկնարկած Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի (համահիմնադիրներ՝ Էդուարդ Թոփչյան, Ալեքսանդր Չաուշյան, գլխավոր հովանավոր՝ Դալմա Գարդեն մոլ) միջոցառումները։ Օրերս կայացած հերթական երեկոն նվիրված էր Իսպանիայի ազգային օրվան։ Դիրիժորական վահանակի մոտ էր առաջին անգամ մեր երկիր այցելած իսպանացի դիրիժոր Դիեգո Մարտին Էչեբարիան, որի ղեկավարմամբ նվագախումբը հանդես եկավ Ռավելի հանրահայտ «Իսպանական ռապսոդիա» եւ Մանուել դե Ֆալյայի «Գիշերները Իսպանիայի այգիներում» դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործությունների կատարումով։ Որպես մենակատար հանդես եկավ ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանը:

Հայկ Մելիքյանը

Համերգի ավարտից հետո արձանագրելով Երեւանում իր առաջին բեմելի հաջողությունը, մաեստրոյից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այսօր աշխարհի խառն ու դաժան իրավիճակն ազդում իր՝ արվեստագետի վրա։ Մաեստրոն նախ հիացական խոսքեր ուղղեց ֆիլհարմոնիկ նվագախմբին եւ դաշնակահար Հայկ Մելիքյանին, նշեց, որ, իր խոսքերով՝ «Երեւանում եմ ծանոթացել ձեր Կոմիտասին, վերադառնալուց հետո էլ սկսելու եմ նրա ստեղծագործությունների, փոխադրությունների, մի խոսքով՝ ողջ ստեղծագործական կյանքի ուսումնասիրությունը։ Իհարկե, արդեն հասկանում եմ, որ դա տարիների աշխատանք է…»։ Հետո էլ շարունակեց. «Ծնվել եմ բասկերի երկրում եւ մենք, ցավոք սրտի, ահաբեկչության դեմ պայքարի երկար տարիների ավանդույթ ունենք։ Դեռ հինգ տարի առաջ մեզ մոտ իրավիճակը վտանգավոր էր եւ անհանգիստ։ Իսկ երբ երեխա էի, ծնողներս միշտ զգուշացնում էին, որ փողոցում ընկած որեւէ տուփ հանկարծ ոտքով չհրեմ, քանի որ այն կարող է ռումբ լինել եւ պայթել։ Ուզում եմ ասել, որ սեփական մաշկիս վրա եմ զգացել այդ ամենը, բայց երաժշտություն արարելն ու կատարելը ինձ համար, եւ ոչ միայն, մշտապես կմնա արդիական՝ անկախ քաղաքական վայրիվերումներից»։ Մաեստրոն հիշեցրեց, որ, օրինակ՝ աշխարհահռչակ դիրիժոր Կուրտ Մազուրը ղեկավարել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան Բեռլինի պատի փլուզումից առաջ՝ հաջակցություն դեմոնստրատների կամ՝ դարձյալ աշխարհահռչակ Դանիել Բարենբոյմը ստեղծել է West-Eastern Divan նվագախումբը՝ կազմված իսրայելցի ու պաղեստինցի երաժիշտներից՝ ի նշան համերաշխության։ Դիտարկմանը՝ ինչպես այսօր էլ ենք տեսնում, արվեստագետները, այդ թվում՝ նաեւ երաժիշտները,  հակամարտությունները լուծողը չեն, մեր զրուցակիցը համակարծիք լինելով, ասաց. «Իհարկե, բայց արվեստագետները կարող են նպաստել հակամարտող կողմերի միջեւ կամուրջներ ստեղծելուն։ Տեսեք՝ կոնկրետ ճանաչված երաժիշտները, աշխատում են ամբողջ աշխարհում, բազում ազգությունների հետ եւ երբեք խնդիրներ չեն ունենում։ Գերմանիայի օպերային թատրոնում, որտեղ ես աշխատում եմ, ստեղծագործում են 40 ազգության երաժիշտներ եւ, կրկնում եմ՝ դա երբեք խնդիրներ չի առաջացնում։ Իհարկե, հրաշալի կլիներ, եթե քաղաքականության մեջ նույնպես լիներ այդ հարգանքն ու համերաշխությունը։ Ես շրջագայում եմ Եվրոպայով մեկ, Հարավային-Հյուսիսային Ամերիկաներում, Ճապոնիայում… ինձ համար անգամ խնդիր չէ նույնիսկ լեզվի իմացությունը, սա էլ հասկանալի պատճառով. երաժշտությունն ունիվերսալ լեզու է, որ համախմբում է բոլոր մարդկանց՝ անկախ ազգությունից։ Օրինակ՝ մեկ-երկու երկրում, դատելով արտաքինիցս, ինձ ընդունել են որպես ձեր հակառակորդ երկրի ներկայացուցիչ, բայց Երեւանի օդանավակայանում արդեն ես ինձ ընկալեցի ձեզնից մեկը՝ թեկուզ հենց արտաքնապես։ Բայց շփումների ընթացքում գտա այդ ընդհանրությունը՝ հյուրընկալություն, ապրելու ձգտում եւ այլն»։

Դիեգո Մարտին Էչեբարիան երևանյան համերգում

Իսպանիայում գործում է 25 սիմֆոնիկ նվագախումբ եւ 5 օպերային թատրոն։ Տեղեկացված լինելով, որ հյուրախաղորդ դիրիժորը վերջին շրջանում ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, կոնկրետ՝ Հեմինիցի օպերային թատրոնում, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք, թե իսպանական որեւէ նվագախմբում իր համար տեղ չգտնվե՞ց։ Մաեստրոն պատասխանեց. «Արդեն 16 տարի է՝ Գերմանիայում եմ։ Ի դեպ, այդտեղ եմ շփվել հայ արվեստագետների հետ, այդ թվում՝ օպերային երգիչներ Հայկ Դեինյանի, Սաթենիկ Դեինյանի… եւ մյուսների։ Իսկ կոմպոզիտորներից շատ լավ գիտեմ Արամ Խաչատրյան եւ, ինչպես արդեն նշեցի՝ վերադառնալուն պես կխորանամ Կոմիտասի արվեստում։ Դուք ճիշտ նշեցիք Իսպանիայում գործող նվագախմբերի քանակը, բայց ես արդեն 16 տարի է՝ Գերմանիայում եմ։ Սկզբում հանդիսացել եմ Կրեֆելդի եւ Մյոնխենգլադբախի օպերային թատրոնների գլխավոր ռեզիդենտ դիրիժոր եւ երաժշտական տնօրենի տեղակալ։ Հիմա արդեն Հեմինիցիի թատրոնի գլխավոր դիրիժորն եմ»։

Դիեգո Մարտինի գործունեության շրջանակը ավելի շատ օպերային ժանրում է։ Նա համակարծիք չլինելով ասվածին, ընդամենը բարձրաձայնեց՝ «Ես դիրիժոր եմ, դրանով ամեն ինչ ասված է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031