Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք հիմա չչեղարկենք մեր գազային պայմանագրերը, ապա Ադրբեջանին կխրախուսենք հետագա պատերազմական գործողություններ իրականացնել». ԵԽԽՎ պատվիրակ

Հոկտեմբեր 16,2023 14:00

ԵԽԽՎ գրեթե բոլոր պատվիրակներն իրենց ելույթներում ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետ կատարվածը նկարագրելիս օգտագործում էին էթնիկ զտում բնորոշումը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի ընթացքում մի շարք քննարկումներ կազմակերպվեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման թեմայով։ Նախ անցկացվեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի պարտավորությունները» թեմայով քննարկում՝ լիագումար նիստից դուրս, այնուհետեւ վեհաժողովը լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով քննարկեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հարցը։

Քննարկման արդյունքում ընդունվեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը եւ համանուն խորհրդատվությունը, որում արձանագրված է, որ «Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի եւ Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով»։ Բանաձեւը դատապարտում է 2023-ի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։

Բանաձեւի ընդունմանը նախորդեցին սուր քննարկումներ եւ խիստ քննադատություններ Ադրբեջանի հասցեին։ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի խոսնակներն արձանագրեցին, որ ԼՂ բնակչության հետ կատարվածը էթնիկ զտում է։ Սուր ելույթներ ունեցան նաեւ ԵԽԽՎ պատվիրակները։ Շվեյցարացի պատվիրակ Պիեռ Ալան Ֆրիդեն հայտարարեց՝ դեռ հունվարի նստաշրջանի ընթացքում, երբ քննարկում էին Լաչինի միջանցքի շրջափակումը, արդեն պարզ էր Ադրբեջանի նպատակադրումը։

Պատգամավորը փաստեց՝ չենք կարող չտեսնել, որ այս ամենը էթնիկ զտումների լավ կազմակերպված ծրագրի է նման. «Դրամա մի քանի գործողությամբ։ Առաջին՝ շրջափակում, որը սովի է մատնում եւ հոգեբանորեն ապակայունացնում ինն ամիս թակարդում գտնվող հայերին: Երկրորդ գործողություն. մեծ ռեսուրսներով հանկարծակի զինված հարձակում եւ ռուսական խաղաղապահ ուժերի պասիվություն, որն անխուսափելիորեն սարսափի ալիք բարձրացրեց ամիսներ շարունակ դժոխքում ապրող բնակչության շրջանում։ Երրորդ գործողություն՝ հրաշք. Լաչինի միջանցքի հրաշքը, ինն ամիս անց շրջափակման հրաշքի ավարտը, բայց միայն ելքի ուղղությամբ, որը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղի ահաբեկված հայերին զանգվածաբար փախչել Հայաստան՝ լքելով իրենց տներն ու թողնելով ողջ ունեցվածքը եւ իրենց անցյալը»։

Շվեյցարացի պատգամավորը հիշեցրեց՝ ամիսներ շարունակ ամեն առիթով խոսել են այս թեմայի մասին, սակայն ադրբեջանցի գործընկերների կողմից միայն հերքում են ստացել. «Այն ամենը, ինչ ստացել ենք մեր ադրբեջանցի գործընկերներից, սառը, մշտական հերքումն էր։ Նույնիսկ հանձնաժողովի նիստում ոմանք իրենց վերաբերմունքը որակեցին՝ որպես ցինիզմ։ Այսօրվա հրատապ առաջնահերթությունը իրենց տները ստիպողաբար լքած, փախստական դարձած տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագիրն է»։ Նա ասաց, որ թեեւ ադրբեջանական պատվիրակությունն այսօր պնդում է, որ ցանկանում է կառուցողական կեցվածք ընդունել, բայց նաեւ հիշեցրեց՝ նախկինում շատ հաճախ են նրանք հիասթափեցրել։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց՝ դեռ 2001 թվականին, երբ Ադրբեջանը դարձավ այս կազմակերպության անդամ, նա պարտավորություն ստանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ուժ կիրառել։

Իսկ 2020-ին այդ երկիրը պատերազմ հրահրեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Անցյալ ամիս նրանք կրկին հարձակում գործեցին ԼՂ-ի վրա. «Նրանք դարձյալ դա անվանեցին հակաահաբեկչական գործողություն, եւ մենք բոլորս գիտենք, որ նրանք Լեռնային Ղարաբաղի բոլոր հայերին համարում են ահաբեկիչներ։ Նրանք հպարտությամբ ասում են, որ որոշել են ուժ կիրառել։ Կրկին իրենց պարտավորությունների խախտում է։ Վերջին հարձակումն Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իննամսյա շրջափակումից հետո։ Այս շրջափակման նպատակը միշտ էլ ակնհայտ էր։ Առաջինը սովամահ անել այս մարդկանց, ապա՝ հարձակվել, որից հետո բացել Լաչինի միջանցքը մեկ ուղղությամբ։ Բայց ամենացինիկն ու հուսահատեցնողը մեր ադրբեջանցի գործընկերների բացահայտ թրոլինգն է, այդ թվում՝ այս վեհաժողովում»։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանցիներն ասում էին, թե Լաչինի միջանցքը բաց է, չկա շրջափակում, բայց երբ զեկուցողն այցելեց Լաչինի միջանցք, տեսավ, որ Լաչինի միջանցքը փակ է, հետո ուժեր կենտրոնացրին սահմանին, բոլորն ասում էին, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, նրանք կրկին ժխտում էին։ Դիմելով ԵԽԽՎ պատվիրակներին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ձեզանից ոմանք, որոնք այսօր ներկա էին որոշ հանձնաժողովների համատեղ լսումներին, հավանաբար լսել են, որ այստեղ գտնվող մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը Հայաստանն անվանել է «Արեւմտյան Ադրբեջան»։ Սա ցույց է տալիս, թե ինչ է դարձել Ադրբեջանը։ Այն դարձել է վտանգ, սպառնալիք միջազգային անվտանգության ճարտարապետության, միջազգային իրավունքի համար։ Ադրբեջանին պետք է կանգնեցնել»։

ԵԽԽՎ գրեթե բոլոր պատվիրակներն իրենց ելույթներում ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետ կատարվածը նկարագրելիս օգտագործում էին էթնիկ զտում բնորոշումը։ ALDE խմբի անդամ, ֆրանսիացի պատվիրակ Բերտրան Բույոն հայտարարեց. «Այսօր Լեռնային Ղարաբաղում հայեր չեն մնացել. 120.000 անձինք ստիպված են եղել փախչել ադրբեջանական զորքերի կողմից տարածքի գրավումից հետո։ Սա էթնիկ զտում է։ Այս մարդիկ կորցրել են իրենց տները, իրենց պատմությունը, այն ամենը, ինչ իրենց կյանքն է: Լեռնային Ղարաբաղից արմատախիլ արված 120 հազար անձինք Հայաստանում 120 հազար փախստականներ են։ Սա չպետք է լինի միայն Հայաստանի խնդիրը, դա բոլորիս եւ առաջին հերթին Ադրբեջանի խնդիրն է»։

Գերմանացի պատվիրակ Մաքս Լուկսը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից. «1216 թվականին Լեռնային Ղարաբաղում հիմնադրվել է առաջին հայկական վանքը, եւ պարոն Սամադ Սեյիդովն ասում է, թե իբր հայկական կյանքը, հայկական մշակույթը, որը դարեր շարունակ գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, վերացվել է չորս շաբաթվա ընթացքում։ Հիմա արդեն ուշ է նախազգուշական խոսքերի համար։ Եթե ԵՄ-ն հիմա պատժամիջոցներ չկիրառի Ադրբեջանի նկատմամբ, ուղերձը պարզ է՝ բռնապետը չի վախեցել որեւէ հետեւանքից ավելի քան 100.000 հայերի բռնի տեղահանելուց հետո»։

Ըստ պատգամավորի՝ պետք է կիրառել արդյունավետ պատժամիջոցներ. «Եթե մենք հիմա չչեղարկենք մեր գազային պայմանագրերը, ապա Ադրբեջանին կխրախուսենք հետագա պատերազմական գործողություններ իրականացնել։ Պարոն Իլհամ Ալիեւը մարդկային կյանքերի հետ խաղ է խաղում, եւ դա պետք է դադարեցվի։ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հայկական տարածքով ոչ մի խողովակաշար, որեւէ ուղիղ կապ չպետք է լինի եւ չի լինի։ Եթե այս վեհաժողովը չի ցանկանում կորցնել իր վստահությունը, մենք պետք է հիմա ամեն ինչ անենք՝ պաշտպանելու Հայաստան պետությունը եւ հայերին մարդասիրական օգնության եւ կոնկրետ քաղաքական պատժամիջոցների միջոցով։ Այլեւս երբեք ցեղասպանություն, այլեւս երբեք էթնիկ զտում, այլեւս երբեք տեղահանություն»։

Իսլանդացի պատվիրակ Բըրգը Տորարինսոնն էլ հիշեցրեց՝ 2020-ին եղել է Լեռնային Ղարաբաղում. «2020 թվականի պատերազմի ժամանակ ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում: Ես իմ աչքով տեսա Ադրբեջանի ավերածությունները՝ ընտանեկան բնակարաններ, դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, ամեն ինչ ռմբակոծվեց։ Ես խոսեցի մարդկանց հետ, որոնք ապաստան էին փնտրում ռմբակոծված Շուշիի տաճարի նկուղում: Ես երբեք չեմ մոռանա սա։ Ես եղել եմ նաեւ Ադրբեջանում եւ այցելել պատերազմում զոհված հարյուրավոր երիտասարդների շիրիմներ»։

Նիդեռլանդները ներկայացնող պատգամավոր Փիթեր Օմզիգը փաստեց՝ մի ամբողջ ազգային փոքրամասնություն այլեւս չի ապրում Լեռնային Ղարաբաղում. «Սա հենց այն էր, ինչ մենք ուզում էինք կանխել, երբ Եվրոպայի խորհուրդ մուտք գործեցին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Խոստացան օգտագործել միայն խաղաղ միջոցներ հակամարտության լուծման համար, բայց հիմա մի ամբողջ ազգաբնակչություն ստիպված էր տեղահանվել իրենց տներից։ Սա ոչ միայն ճգնաժամ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլեւ կոնկրետ այս կազմակերպության համար: Մենք ոչինչ չարեցինք, երբ Ռուսաստանը օկուպացրեց Ղրիմը. այժմ մենք չենք կարողանում վճռական քայլեր ձեռնարկել, երբ էթնիկական զտման է ենթարկվում մի ամբողջ տարածք»։

ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը իր եզրափակիչ խոսքում նշեց. «Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք ականատես եղանք ավելի քան 100 600 հայերի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից, որը կազմում է այս տարածքի բնակչության գրեթե 99%-ը։ Այս արտագաղթը տասնամսյա հումանիտար ճգնաժամի գագաթնակետն էր, որը կապված էր Լաչինի միջանցքի արգելափակման եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողության հետ: Ադրբեջանը պատասխանատվություն եւ պարտավորություն ունի պաշտպանելու այս տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքներն ու ազատությունները, այդ երկիրը պետք է ամեն ինչ անի հայ բնակչությանը հավաստիացնելու համար, որ նրանց իրավունքները եւ անվտանգությունը լիովին կհարգվեն, ներառյալ նրանց իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031